Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՉԶՐԿՎԵԼ ՍԱՆԵՐԻՑ

Դեկտեմբեր 19,2002 00:00

ԻՆՉՊԵՍ ՉԶՐԿՎԵԼ ՍԱՆԵՐԻՑ Երաժշտական դպրոցներում սոլֆեջիո դասավանդող ուսուցիչները շուտով կկորցնեն իրենց աշխատանքը, եթե այս դպրոցներ շարունակեն ընդունվել ու սովորել միայն «մի դիպլոմ ավել ունենալու» համար: Կամ որպեսզի ընտանեկան խնջույքներում տանտիրոջ տաղանդավոր երեխան կարողանա անգիր արած մի քանի «ընդունված» մեղեդի նվագել հյուրերի համար: Վերջինիս համար բավական է սիրողական մակարդակի մասնավոր ուսուցումը, բայց այս դեպքում էլ դիպլոմ չես ունենա: Ինչպե՞ս կարելի է: Պետք է անպայման խցկվել պետական երաժշտական դպրոց: Այստեղ էլ երեխաների մեծ մասը, հիմնականում նրանք, ովքեր մտադրություն չունեն ուսումը շարունակել երաժշտության գծով, չեն հասկանում սոլֆեջիո առարկայի իմաստը, նշանակությունը, հետեւաբար ավելորդ են համարում այն՝ երաժշտության հանդեպ իրենց ռաբիս ընկալմանը հավատարիմ մնալով: Եթե մասնագիտական առարկաները կարելի է «յոլա տանել» անգիր անելով, ապա սոլֆեջիոն առանց լսողության առաջ չի գնա: Արդեն պարզ է, թե լսողություն չունեցող երեխան ինչու է հայտնվել երաժշտական դպրոցում, բայց թե ինչպես է հայտնվել, սա ուրիշ հարց է: Արդյունքում այս երեխաները ուսումը չավարտած, ստիպված են թողնել դպրոցը, եւ դպրոցներն էլ հետեւաբար զրկվում են սաներից ու իրենց գոյությունը պահպանելու հեռանկարից: Համառ ծնողները, աչքի առաջ ունենալով դիպլոմը, եւ անտեսելով իրենց երեխայի չունեցած տաղանդը, պատրաստ են մուծել նույն գումարը՝ մոտ 5000 դրամ, ամբողջ ուսումնական պրոցեսի համար, բայց հեռու մնալ գլխացավանքից՝ սոլֆեջիոյից, որն «այդքան ժամանակ է խլում իրենց երեխայից, եւ անօգուտ»: Երբ դժգոհության ալիքը շատ բարձրացավ, լուրեր տարածվեցին, որ երաժշտական դպրոցների տնօրենները, պահպանելու համար իրենց կոնտինգենտը, «վերեւների» եւ հատկապես ծնողների հետ հանցավոր համաձայնության են եկել՝ սոլֆեջիո առարկան դարձնել ոչ պարտադիր, ասել է թե՝ ով ուզի՝ մասնակցի պարապմունքներին, ով չուզի՝ չպարտադրել, մանավանդ որ, վերջիններս այդ դեպքում էլ մուծելու են նույն գումարը: Լավագույն դեպքում՝ խիստ թեթեւացնել ծրագիրը: Երաժշտական դպրոցների մի մասը, ինչպես հայտնի է, գտնվում է համայնքային ենթակայության տակ, մի մասն էլ՝ քաղաքապետարանի մշակույթի վարչության՝ համաձայն 1996 թ. «ՏԻՄ մասին» օրենքի, եւ միայն Չայկովսկու անվան 10-ամյա դպրոցն է ՀՀ մշակույթի նախարարությանը պատկանում: Սակայն նախարարության մշակութային կրթության բաժնի պատասխանատու Գառնիկ Բույումջյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք խիստ են այդ հարցում, եւ կպայքարեն դրա դեմ ամեն գնով, եթե նման վտանգ սպառնա պետական դպրոցին: «Երաժշտական ասպարեզից հեռու մարդիկ միայն կարող են նման բան որոշել: Սոլֆեջիոն երաժշտության այբուբենն է, գրագիտություն է ուսուցանում, այն չիմանալու դեպքում դու կիսագրագետ երաժիշտ ես: Համայնքային երաժշտական դպրոցները, ճիշտ է, դժվարություններ ունեն. որոշ մասնագիտությունների գծով ուսուցումը կարող է դադարեցվել, բայց սոլֆեջիոն կասկածի տակ առնել չի կարելի: Դա նույնն է, որ նկարչության մեջ գծանկարչություն չլինի: Բոլոր ուսումնական պլանների մեջ այն նշված է որպես պարտադիր կատեգորիա»,- պարզաբանեց պրն Բույումջյանը: Սոլֆեջիո դասավանդող ուսուցիչների վախը փարատելով ասենք, որ թե՛ քաղաքապետարանի համապատասխան վարչությունում, թե՛ համայնքներից մի քանիսում անցկացված հարցումներին ի պատասխան, հերքվեցին տարածված լուրերը. «Աշխատանքները պետք է տարվեն ըստ ուսումնական պլանի, որտեղ էլ սոլֆեջիոյի առկայությունը պարտադիր է»: Սա պաշտոնական պատասխանն է: Ի դեպ, հարցին շատ էմոցիոնալ պատասխան տվեց Կենտրոն համայնքի կրթության բաժնի ղեկավար Տիգրան Հակոբյանը՝ հեռախոսով հիշոցներ տեղալով նման «ներքին որոշումներ» ընդունողների հասցեին, եւ առիթն օգտագործելով նշեց, որ իրենց համայնքային երաժշտական դպրոցներն ամենեւին էլ վատ վիճակում չեն, եւ որ ինքը հասնելու է նրան, որ թավջութակի դասերը վերականգնվեն, ավելին՝ հնարավոր է անգամ անվճար ուսուցում այս մասնագիտության գծով: Գուցե պրն Հակոբյանը դեռեւս չի՞ հասցրել ծանոթանալ համայնքի հնարավորություններին, կամ էլ նա պատրաստ է իր գրպանի՞ց բյուջեին հատկացնել ուսման վարձերը: Ի դեպ, որոշ դպրոցներ ջութակահարներին վերջնագիր են ներկայացրել, որ վերջիններս ջութակին զուգահեռ դաշնամուրի դասեր անցնելու համար (մի բան, որ այդպես էլ պետք է լինի) պարտավոր են վճարին ավելացնել եւս 1000 դրամ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել