Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զբաղվածության պետական կարգավորման գործընթացը

Դեկտեմբեր 19,2002 00:00

Զբաղվածության պետական կարգավորման գործընթացը Սկսած 1998 թ., կառավարությունը որդեգրեց աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության գաղափարը, որը դրվեց ազատականացված տնտեսության զարգացման հիմքում: Արդյունքներն ակնառու են. այս տարիներին դիտվող տնտեսության զարգացման աճի կայուն միտումը վկայում է ճիշտ ընտրված քաղաքական գծի մասին: Ի դեպ, նախկին խորհրդային հանրապետություններից միայն 4-ն են իրականացնում այս քաղաքականությունը՝ մերձբալթյան հանրապետությունները, Ռուսաստանը եւ Հայաստանը: 2002թ. Զբաղվածության հանրապետական ծառայության կանխատեսումներով նախատեսված էր հանրապետությունում ստեղծել շուրջ 31 հազար հիմնական աշխատատեղ, որից 25366-ը ստեղծվել են ինն ամիսների ընթացքում: Բացի այդ, ստեղծվել են ժամանակավոր աշխատատեղեր ՄԱԿ-ի «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով՝ շուրջ 25 հազար եւ «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով՝ շուրջ 12 հազար: Ի դեպ, «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագիրը ֆինանսական միջոցների նույն չափով (500 մլն) նախատեսված է նաեւ 2003թ. պետական բյուջեով: Այս պահին հանրապետությունում առկա է շուրջ 1400 թափուր աշխատատեղ, որոնց համալրման հարցում ունեցած դժվարությունները պայմանավորված են մի շարք գործոններով. հիմնականը աշխատատեղին ներկայացվող պահանջների եւ աշխատուժի անհամապատասխանությունն է: Այս խնդիրը լուծելու միակ ուղին գործազուրկների մասնագիտական ուսուցումն է, որի իրականացումը եղել է մեր գերխնդիրը: Այս տարվա ապրիլին ավարտվեց 500 գործազուրկի եւ հաշմանդամի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում պահաջող մասնագիտությունների ուսուցումը: Նրանց 80%-ը արդեն տեղավորվել է աշխատանքի: Բացի այդ, հանրապետության 15 քաղաքներում «Արմեն-կարպետ» ԲԲԸ-ի կողմից իրականացվում է 240 գործազուրկի ուսուցում՝ գորգագործություն մասնագիտությամբ, Գեղարքունիքի մարզում՝ համակարգչային տեխնոլոգիաների կիրառում պահաջող մասնագիտությունների ուսուցում՝ 21 գործազուրկի համար, Չարենցավանում նախատեսված է 50 գործազուրկի ուսուցում՝ ադամանդագործություն մասնագիտությամբ: Գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրեր են իրականացվում նաեւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներով։ Այսպես, գերմանական GTZ կազմակերպության աջակցությամբ Տավուշի մարզում տարբեր մասնագիտություններով ուսուցման ծրագրերում ընդգրկված է շուրջ 500 քաղաքացի, ՄԱԿ-ի «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի աջակցությամբ տարբեր մարզերում ուսուցանվում է ֆերմերային գործ: Զբաղվածության հանրապետական ծառայության կանխատեսումների համաձայն, 2003թ. կստեղծվի շուրջ 37000 հազար աշխատատեղ: Դա կլինի վերջին մի քանի տարիների ընթացքում կայացած ձեռնարկությունների ներքին ռեզերվների, աշխատանքի արդյունավետության բարձրացման արդյունքում արտադրության ընդլայնման, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման հաշվին: Ձեռնարկությունների զարգացման այս փուլում սպասվում է նաեւ աշխատանքի վարձատրության բարձրացում, եկամուտների ավելացում: Հուսով եմ, մինչեւ 2003թ. վերջը միջին աշխատավարձը կկրկնապատկվի, իսկ դա նշանակում է լրացուցիչ մուտքեր սոցիալական ապահովության պետական հիմնադրամ, կենսաթոշակների բարձրացման հնարավորություն: Կենսաթոշակի չափը կենսապահովման նվազագույն զամբյուղին հասցնելն այսօր ռազմավարական խնդիր է. այս ճանապարհով կնվազի կենսաթոշակային տարիքի զբաղվածների թիվը (60-70 հազար), աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն տալով երիտասարդներին: Եկամուտների ավելացումը կնվազեցնի նաեւ համատեղության կարգով աշխատողների թիվը (շուրջ 40 հազ.): Իհարկե, չպետք է անտեսել շուրջ 150-160 հազար թաքնված զբաղվածներին, որոնց բերելով իրավական դաշտ՝ կարագացվի այս խնդիրների լուծումը՝ արդյունքում արագացնելով միջին խավի ձեւավորման գործընթացը: Այդ առումով անհրաժեշտ է «Թաքնված զբաղվածության դեմ պայքարի մասին» եւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքների ընդունումը: Անչափ կարեւոր է միջին մասնագիտական ուսուցման համակարգի ստեղծումը, որով մասամբ կլուծվի աշխատաշուկայում հավասարակշռության հասնելու խնդիրը: Օրախնդիր է արհմիութենական մարմինների ակտիվացումը աշխատավորական կոլեկտիվներում, որոնց դերը թե՛ գործատուի եւ թե՛ աշխատողի շահերի պաշտպանությունն է: Անհատական համարանիշերի ներդրումը, որի գործընթացն սկսված է, եւ վաղուց սպասված «Քաղաքացիական ծառայության մասին» չափազանց կարեւոր օրենքի համակողմանի կիրառումը եւս մեծ ազդեցություն կունենան պետական հատվածի զբաղվածության կարգավորման գործում: ԳԱԳԻԿ ԲԼԵՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել