Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՐԿԻ ՄԻ՛ ՏՎԵՔ ՋԱՎԱԽՔԻ ԱՆՈՒՆԸ

Դեկտեմբեր 19,2002 00:00

ԱՆՀԱՐԿԻ ՄԻ՛ ՏՎԵՔ ՋԱՎԱԽՔԻ ԱՆՈՒՆԸ Կարելի է ընդունել կամ չընդունել «Հզոր Հայրենիքի» քաղաքական կողմնորոշումները, բայց մի բան անուրանալի է՝ այս կուսակցությունը փորձում է ըստ կարելվույն օգնել Վրաստանում եւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին: Եվ երեկ համագումարում ելույթ ունեցող հայկական համայնքների ղեկավարներն անընդհատ շնորհակալություն էին հայտնում ուղարկված դասագրքերի եւ այլեւայլ օգնության համար: Առանձին անդրադարձի է արժանի «Ջավախքի ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավար Նորայր Կարապետյանի ելույթը, որը նշեց, թե Ջավախքը Հայաստանի ուշադրության կենտրոնից դուրս է հայտնվել. «Դրությունը մեզ մոտ շատ ծանր է, կան չլուծված շատ հիմնահարցեր: Արտագաղթել է 5-10 հազար բնակչություն, դպրոցները փլուզման եզրին են, չի լուծվում սոցիալ-տնտեսական ոչ մի հարց»: Համագումարում այլ անդրադարձեր էլ եղան այս խնդրին: «Հզոր Հայրենիքի» փոխնախագահ Հովհաննես Այվազյանը ելույթում նշեց. «Իրեն Հայաստանի հոգեւոր շարունակությունը դիտելով՝ հասարակական-քաղաքական կյանքը Ջավախքում ապրում է նույն բարքերով՝ մասնատված ու բազմաբեւեռ: Տարբեր խմբերի տնտեսական շահեր հաճախ բախվում են միմյանց, եւ արդյունքը լինում է այն, որ թույլ է տրվում Վրաստանի կենտրոնական իշխանությունների միջամտություն տարածաշրջան եւ մյուս կողմից՝ չի ձեւավորվում այն պատասխանատու կողմը, որի հետ կարելի լինի այստեղ ձեւավորել գործընկերային հարաբերություններ: Այդ մասին մեր հանդիպման ընթացքում ավելորդ չհամարեց նշել Հայաստանի Հանրապետության նախագահը»: Հովհաննես Այվազյանը հորդորեց Հայաստանի քաղաքական ուժերին. «Ում պետք է լինում՝ տալիս են Ջավախքի անունը, տարբեր հարցերով խոսում Ջավախքի մասին՝ առանց մտածելու, թե այնտեղ ինչ է կատարվում, եւ այդ խոսակցությունն ուր կարող է տանել: Ես պարզապես պիտի խնդրեմ, որ հարկի-անհարկի Ջավախքի խնդիրն այստեղ չչարաշահի որեւէ մեկը, որեւէ կազմակերպություն: Եվ եթե խնդիրներ ունենք լուծելու՝ սա այն տեղը չէ, որի վրա կարելի է հետամտել քաղաքական տարբեր շահեր»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել