Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԸՀ-ԻՑ

Դեկտեմբեր 19,2002 00:00

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԸՀ-ԻՑ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենը կդիմի ԿԸՀ Տիգրան Նաղդալյանը հավաստիացրեց, թե ինքը կողմնակից է, որ թեկնածուների քաղաքական գովազդի սակագները սովորական գովազդի հայտարարված սակագներից ինչ-որ չափով, այնուամենայնիվ, ցածր լինեն՝ «հասկանալով, որ Հանրային հեռուստատեսությունն առաքելություն ունի որոշակիորեն մեծացնել թեկնածուների՝ գովազդից օգտվելու հնարավորությունները, որպեսզի վերջիններս ավելի ամբողջական ներկայանան հանրությանը, բացի այդ, թեկնածուներին հնարավորություն տրվի, գոնե օրենքով սահմանված, վճարովի գովազդի 120 րոպեն սպառել»: Ի՞նչ չափանիշներով են որոշվելու այդ սակագները՝ նկատի ունենալով, որ դրանք ժամանակային տարբեր հատվածներում կարող են տատանվել: «Ժամային բաժանումով սակագների հաստատումը գործել է 99-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ դրանք մեզ համար որոշակիորեն տարբերվում են նախագահականից: Այս դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Կան կոնկրետ 15 թեկնածուներ, որոնց թիվը եթե չպակասի, չի ավելանա, եւ կա քաղաքական գովազդի երկու տարբերակ. անվճար՝ 60 րոպե եւ վճարովի՝ 120 րոպե տեւողությամբ: Անվճարի մասով, ինչպես օրենսդիրն է սահմանել, կարգավորիչ եւ սահմանող բոլոր գործառույթները պատկանում են ԿԸՀ-ին, վճարովիի դեպքում՝ Հանրային հեռուստատեսությանը: Կփորձենք համադրել այս երկուսն այնպես, որ մի կողմից՝ գովազդները շատ վաղ, ցերեկային ժամերին չլինեն, որպեսզի լսարանն արհեստականորեն չփոքրանա, մյուս կողմից էլ՝ այսպես կոչված, հեռուստաեթերի «պրայ տայմ» ժամանակահատվածում չլինի, որպեսզի հեռուստադիտողը չզրկվի նորմալ հաղորդում կամ ֆիլմ դիտելու հնարավորությունից: Փոխզիջումային տարբերակ պետք է գտնվի, եւ մենք պատրաստվում ենք դիմել ԿԸՀ-ին, որով վերջինիս առաջարկելու ենք քարոզարշավը տեղավորել երեկոյան ժամը 19-20:30-ի սահմաններում՝ մինչեւ հիմնական լրատվական թողարկումը: Դա վերաբերելու է ե՛ւ վճարովի, ե՛ւ անվճար գովազդներին: Ըստ էության հենց ժամը 19-ից սկսած հեռուստատեսության եթերում «պրայ տայմ» է համարվում, եւ այդ ժամանակահատվածում գործում են գովազդի ամենաբարձր սակագները: Մենք համաձայն ենք ե՛ւ անվճար, ե՛ւ վճարովի գովազդը տեղավորել այդ ժամանակահատվածում: Ամենապարզ մոտեցումով թեկնածուները նախ սպառելու են անվճար ժամանակի 60 րոպեն եւ հետո սկսելու են օգտագործել վճարովին: Մենք արդեն այսօր վերջացնում ենք հունվար ամսվա ցանցի կազմման աշխատանքները, եւ մեզ պետք է օր առաջ իմանալ ԿԸՀ դիրքորոշումն այս հարցում, որպեսզի կարողանանք մեր աշխատանքները կազմակերպել եւ վստահ լինել, որ քարոզարշավի ընթացքում կտրուկ տեղաշարժեր չեն լինելու: Մենք առաջարկելու ենք ԿԸՀ-ին՝ 99-ի խորհրդարանական ընտրարշավի, ըստ իս, հաջողված փորձն այս անգամ եւս կիրառել: Այն ժամանակ ԿԸՀ-ն առանց մեր միջամտության բոլոր թեկնածուների ներկայացուցիչների մասնակցությամբ վիճակահանություն իրականացրեց, որով որոշվեց թեկնածուների գովազդները եթերում տեղադրելու հերթականությունը: Տվյալ դեպքում հարկ կլինի 28 վիճակահանություն անել, որովհետեւ 28 քարոզչական օր է տրվում թեկնածուներին՝ հունվարի 21-ից փետրվարի 17-ը ներառյալ, եւ ամեն օրվա համար որոշել թեկնածուների գովազդների հերթականությունն ու նաեւ ժամաքանակը: Ես նաեւ հասկանում եմ, որ թեկնածուների մեծ մասը կուզենա ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում ավելի շատ խոսել կամ ավելի շատ նյութեր ցուցադրել, բայց սա նորից մեծ խնդիրներ կառաջացնի կապված այն բանի հետ, թե որ թեկնածուի գովազդն ինչպես տեղավորել եթերում: Դրա համար պետք է փոխզիջում գտնվի: Գուցե հիմնականում հավասարապես բաժանվի գովազդի ժամաքանակը, որը ստացվում է օրական 6 րոպեից ավելի՝ յուրաքանչյուր թեկնածուի համար, եւ վերջին օրը՝ փետրվարի 17-ին, բոլորին տրվի, ասենք, 10-12 րոպե՝ եզրափակիչ խոսքի համար: Կարծում եմ, սա պետք է որ ընդունելի լինի թեկնածուների համար եւ հեշտացնի նաեւ մեր գործը դա կազմակերպելու իմաստով»,- պարզաբանեց Տ.Նաղդալյանը: Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում «Հ1»-ի աշխատանքային ռեժիմի հնարավոր փոփոխությանը, վերջինս հայտարարեց, թե այն խիստ փոփոխության կենթարկվի միայն փետրվարի 19-ի օրը, երբ «Հ1»-ը, ըստ էության, կաշխատի արտակարգ ռեժիմով: Իսկ մինչ այդ քարոզարշավը կընթանա նախապես որոշված հերթականությամբ եւ սահմանված ժամանակահատվածում: «Հ1»-ի լրատվական ծրագիրը կլուսաբանի նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ մաքսիմալ հավասար պայմաններ ստեղծելով թեկնածուների համար: «Նաեւ լրատվական հաղորդումներում պետք է փորձենք հավասար ժամաքանակ հատկացնել թեկնածուներին: Իհարկե, բացարձակ հավասարության մասին խոսք գնալ չի կարող, որովհետեւ ակնհայտորեն լինելու են ընտրարշավի ֆավորիտներ, որոնք շատ ավելի ակտիվ ընտրարշավ են ծավալելու, եւ թեկնածուներ, որոնք ավելի պասիվ են լինելու: Մենք արհեստականորեն մեկի կամ մյուսի ընտրարշավն ավելի ճոխացնելու խնդիր մեր առջեւ չենք դրել»,- այնուամենայնիվ վերապահում արեց Տ.Նաղդալյանը: Վերջինիս կարծիքով, իհարկե, նպատակահարմար եւ ճիշտ կլիներ հետեւել այլ երկրների փորձին եւ թեկնածուների հավասարության սկզբունքի հարցն ավելի սկզբունքայնորեն լուծել. ԶԼՄ-ները միասնական հռչակագրով սահմանում են հիմնական այն թեկնածուներին, ովքեր ընտրություններում կարող են առաջատարներ համարվել, եւ որոնց քարոզարշավը, օրենքով սահմանված քաղաքական գովազդներից զատ, պետք է հավասար լուսաբանվի նաեւ լրատվական կամ այլ ծրագրերում. «Բայց ես կասկածում եմ, թե մեր ԶԼՄ-ները հասցնեն գալ համախմբման, որովհետեւ նախեւառաջ դրանք հաճախ բեւեռացված քաղաքական մոտեցում ունեն ընտրություններին, բացի այդ՝ բոլոր դեպքերում դժվար կլինի գալ համաձայնության, թե ովքեր են լինելու ֆավորիտ թեկնածուները կամ, այսպես ասած, ետնապահները: Այսօրվա դրությամբ՝ հեռանկարը կարող է եւ լավատեսական լինել՝ հաշվի առնելով, որ բոլոր ուղղությունների ԶԼՄ-ների ներկայացրած հարցումներն իրենց տոկոսային բաշխվածությամբ էականորեն չեն տարբերվում: Եվ, եթե ԶԼՄ-ներին հաջողվի, այնուամենայնիվ, գալ համաձայնության, հիմքում դնելով թեկուզ հենց այն հարցումների արդյունքները, որոնք հրապարակվում են տարբեր լրատվամիջոցներով, եւ ըստ այդմ որոշել՝ ովքեր են հիմնական թեկնածուները, ովքեր՝ ետնապահները: Ամեն դեպքում՝ մենք փորձելու ենք այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ առնվազն էլեկտրոնային ԶԼՄ-ների մասով՝ հաշվի առնելով մեր աշխատանքի առանձնահատկությունը: Եթե գանք համաձայնության, կարծում եմ, մենք 4 կամ 5 թեկնածուների համար հավասար եթերաժամ կապահովենք: Խոսքը, կրկնում եմ, լրատվական ծրագրերի մասին է»: Իսկ ավելի կոնկրետ ո՞ր թեկնածուների մասին է խոսքը, կամ ովքե՞ր են լինելու առաջիկա ընտրությունների «ֆավորիտները»: «Այսօր, իմ գնահատմամբ, միանշանակ մեկ ֆավորիտ կա ընտրարշավում. ըստ բոլոր առկա տվյալների, դա հանրապետության գործող նախագահն է, եւ կա երկրորդ տեղի ֆավորիտ՝ Ստեփան Դեմիրճյան: Վերջինիս հետ մրցակցում են Արտաշես Գեղամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես սա ասում եմ հանրապետության կտրվածքով, որովհետեւ, եթե նայում ենք տարբեր տեղեր, երկրորդ տեղում մարդիկ փոխվում են: Ես գիտեմ, որ Արագածոտնում բավականին մեծ տարբերությամբ Գեղամյանն է երկրորդ տեղում, Դեմիրճյանը՝ երրորդ, Շիրակում հակառակն է: Երեւանում էլ միանշանակ Ստեփան Դեմիրճյանն է երկրորդ տեղում, Գեղամյանը՝ երրորդ: Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի առումով էլ աճ է նկատվում, եւ այդ իմաստով կարող են նաեւ տեղափոխություններ լինել: Ես այսօր այս չորս հիմնական թեկնածուներին եմ տեսնում, թեեւ ճիշտ ընտրարշավի դեպքում չեմ բացառում, որ տոկոսային մակարդակով գուցե Վազգեն Մանուկյանը մոտենա այս քառյակին եւ քառյակը հնգյակ դարձնի: Ինչ վերաբերում է, ասենք, Պետրոս Մակեյանին, Արամ Սարգսյանին, Արամ Կարապետյանին, ապա ես նրանց դեպքում առաջիկայում կտրուկ աճ ապահովելու ռեսուրս չեմ տեսնում»: Տ.Նաղդալյանի հետ մեր զրույցը երկար, բայց հետաքրքիր ստացվեց: Քաղաքական հետաքրքրություն ներկայացնող, թեկնածուների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու՝ իրեն ուղղված մեղադրանքի, նաեւ «27»-ի ու այլնի առնչությամբ նրա տեսակետները կներկայացնենք առաջիկա համարում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել