Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 18,2002 00:00

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տարեվերջի մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջան-2002-ը, խոսեց ֆեդերացիայի ապագա ծրագրերի մասին։ Նա հանրապետության այս տարվա առաջնության ընթացքը գնահատեց բավարար, նշելով, որ համեմատած նախորդ տարիների հետ, այս տարի ինտրիգներն այնքան էլ շատ չեն եղել։ Թե՛ բարձրագույն, թե՛ առաջին խմբերում մրցանակային տեղերի համար պայքարը շարունակվել է մինչեւ վերջին տուրը։ Անդրադառնալով հավաքականների մրցելույթներին, Ռ. Հայրապետյանն ասաց. «Նրանք վատ հանդես եկան։ Ես դժգոհ եմ։ Ասածս նախ վերաբերում է ազգային հավաքականին, թեեւ ֆուտբոլիստներն իմ գնահատականին համաձայն չեն։ Նրանք կարծում են, թե սեփական դաշտում Ուկրաինայի հետ ոչ-ոքի խաղալը հաջողություն էր։ Ես հակառակն եմ մտածում։ Նրանք չեն հասկանում, որ հավաքականում չեն խաղում փողի համար։ Դա նախեւառաջ ազգի, պետության պատիվն է ու պետք է հավաքականում դնել այն, ինչ ունես։ Դրանից հետո ամեն ինչ լինում է։ Ես նույնիսկ նրանց նախադեպը չունեցող պարգեւավճարներ եմ խոստացել, բայց հավաքականի անդամները, ֆուտբոլային լեզվով ասած, նույնիսկ «ոտք չեն դնում», որպեսզի վնասվածք չստանան»։ Ազգային հավաքականում աստիճանական սերնդափոխություն ենք անելու, ոմանք տարիքն առել են, ոմանք՝ մեծամտացել։ Կարճ ժամանակում ամեն բան կդնենք նորմալ հունի մեջ։ Երիտասարդականն էլ անհաջող խաղաց։ Կան թերություններ, որոնք ընթացքում կվերացնենք։ Ձախողվեց նաեւ պատանեկանը, ու առայսօր ոչ մեկից նորմալ պատճառաբանություն չեմ լսել։ Մեղավորը հենց իրենք են։ Գուցե մենք էլ ենք սխալ աշխատել։ Պատանեկանում էլ լուրջ անելիքներ ունենք, որովհետեւ այստեղ է մեր ֆուտբոլի ապագան»։ Ռ. Հայրապետյանը կրկին հաստատեց, որ հատուկ կարեւորություն է տալիս հանրապետությունում ֆուտբոլի աշխարհագրության ընդլայնմանը։ Գործկոմի որոշմամբ ֆեդերացիան մարզերում պետք է ունենա իր ներկայացուցիչները, որոնք տեղերում կազմակերպելու են այդ գործը։ Նրանց առաջնային պարտականություններից է լինելու մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելը։ Ու ինքը անպայման եղած միջոցներն ավելի շատ նպատակաուղղելու է հենց այս ոլորտ։ Դա հեշտ գործ չէ ու համալիր լուծումներ է պահանջում՝ սկսած մարզաբազաները կառուցելուց մինչեւ անհրաժեշտ մարզագույքի ապահովում։ Մասնավորապես, ՀՖՖ նախագահը վերջերս հանդիպել է ՀՀ նախագահին եւ առաջարկել եղած փոքրաթիվ մարզադաշտերը տալ ակումբներին։ Եվ ուրախությամբ ավելացրեց, որ համապատասխան հանձնարարական արդեն իսկ տրվել է։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Արմավիրի եւ Աբովյանի մարզադաշտերին. «Վերջապես մեր ակումբների մի մասը կունենա սեփական մարզաբազա, որը նաեւ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նոր կանոնակարգով լիցենզավորման պարտադիր պահանջներից է»։ Շարունակելով թեման, Ռ. Հայրապետյանն ասաց, որ առաջիկայում լինելու է մարզերում, որտեղ անպայման պետք է ֆուտբոլի դպրոցներ ստեղծվեն։ Հավանաբար այդ գործընթացը կսկսվի Մեղրիից, Կապանից, Վայքից եւ Լոռիից։ Ամբողջ հանրապետությունով մեկ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար, Ռ. Հայրապետյանի խոսքերով, արդեն ձեռք է բերվել 1500 գնդակ, մոտ ժամանակներս կգնվեն եւս 5000-ը, 1000 հատ մարզազգեստ ու անվճար կբաժանվեն մարզերում։ Ավարտական փուլում է Մալաթիայի ֆուտբոլի դպրոցի վերակառուցումը, այնտեղ հիմա կահավորման աշխատանքներ են տարվում։ ՖԴ-ի բացման արարողությանը (փերտրվար կամ մարտ) ներկա լինելու համաձայնություն են տվել ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահները։ Շուտով կսկսվի Շենգավիթի ֆուտբոլի դպրոցի վերակառուցումը։ Բայց ամեն բան չէ, որ հարթ է ընթանում, մասնավորապես, «Նաիրի» ստադիոնի ճակատագրի մասին, որը Ռ. Հայրապետյանը գնել է 150.000 ԱՄՆ դոլարով, եւ նպատակ ունի այն հիմնովին վերակառուցել ժամանակակից բոլոր չափանիշներով, նա ասաց. «Ստադիոնը գնելուց անմիջապես հետո Երեւանի իշխանությունները շուրջբոլորը հողհատկացումներ արեցին բենզալցակայանների համար։ Դրանց տերերը մոտենում են ինձ ու աստղաբաշխական գումարներ առաջարկում։ Բնականաբար, մերժում եմ։ Ստադիոնին այդքան մոտ բենզալցակայաններ տեղադրելը բոլոր նորմերի խախտում է։ Ես նման պայմաններում, հասկանալի է, որեւէ ներդրում չեմ անի, քանի որ համոզված եմ, որ միեւնույն է, ՈՒԵՖԱ-ն էլ ստադիոնը չի ընդունի»։ Խոսելով մրցավարության մասին, Ռ. Հայրապետյանը ասաց, որ դա մեր ամենաթույլ ոլորտն է։ «Մրցավարների մեծ մասը ֆուտբոլի համար մեծ չարիք է, բայց բավականին աշխատանքներ տարվել են։ Օբյեկտիվ եմ ասում՝ առաջնության վերջին 5-6 տուրերում մրցավարները սկսեցին համեմատաբար նորմալ աշխատել, բայց այդ ընթացքում եղավ տհաճ միջադեպ «Բանանց» -«Զվարթնոց» խաղում, որը վարող, փորձառուի համբավ ունեցող մրցավարի համար միանշանակ կասեմ. նա ֆուտբոլային գող է։ Կիրառվելու են ամենախիստ պատիժները»։ Խոսելով ազգային հավաքականի ընկերական հանդիպումների մասին, ՀՖՖ նախագահն ասաց, որ իր նախորդներին չի հաջողվել այստեղ հստակ քաղաքականություն վարել։ Հավաքականի ընկերական հանդիպումների խաղացանկը կազմվում է նախապես, առնվազն երկու տարի առաջ։ Իսկ թե ովքեր կլինեն մրցակիցները՝ կախված է վարկանիշից, որը մերոնք չունեն. «Մենք հիմա ծրագրեր ենք կազմում 2004թ. համար, բայց պիտի ասեմ, որ մարտ ամսին մեր ազգայինը հանդիպում կունենա Արգենտինայի հավաքականի հետ։ Նրանց ֆեդերացիան նախնական համաձայնություն տվել է։ Խաղը կկայանա այնտեղ։ Ցավալի է, բայց՝ փաստ. մեր ցածր վարկանիշի պատճառով շատերը չեն ուզում խաղալ այստեղ։ Մենք օգտվելու ենք առիթից, որ այդ ժամանակ ազգային հավաքականը ուսումնամարզական հավաքի է լինելու Արգենտինայում։ Հիմա բանակցություններ են վարվում Բրազիլիայի երիտասարդական հավաքականի հետ, որպեսզի նրանք ժամանեն Երեւան ու այստեղ էլ նախնական համաձայնություն ձեռք բերվել է»։ Վերջում Ռ. Հայրապետյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել