Խունտարշավի ընծահավը Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ նախագահական ընտրություններում չառաջադրելով իր թեկնածությունը, որոշել է բոյկոտել այն մի քանի պատճառներով: – Որո՞նք են այդ պատճառները: – Դրանք երեքն են: Առաջին՝ բոյկոտ Սահմանադրության կոպիտ խախտման համար: Սահմանադրությամբ գոյություն ունի համընդհանուր ընտրական իրավունք: Սահմանադրությունն ասում է՝ բոլորն ընտրվելու եւ ընտրելու իրավունք ունեն: 1999թ. փետրվարի 5-ին երկրապահներն օրենսդրական նախաձեռնություն ներկայացրին՝ առաջադրելով ցենզային ընտրական իրավունք: Այսինքն՝ գրավ: Մեզ մոտ 1000 դրամ ստացողն էլ է 10000 դոլարին համարժեք դրամ գրավ դնում, 1000 դոլար ստացողն էլ: Դա կոչվում է աբսոլյուտ ցենզային իրավունք: Երկրորդ՝ պաշտպանության նախարարի շտաբի պետ լինելը հակասահմանադրական է: Հակասահմանադրական է ընտրարշավի կենտրոնում նրա լինելը: Այդպիսով նա բանակը հակադրում է ժողովրդին: Դա նշանակում է բանակին տանել գաղափարական հակամարտության իր ժողովրդի հետ: Չէ՞ որ բանակը ենթակա է իր վերնախավին: Փետրվարի 19-ին առանց որեւէ նախապայմանի տեղի է ունենալու գահի հափշտակում, եւ հարցը լուծվելու է միանվագ: Էդ ռանգի մարդուն շտաբի պետ դնելով՝ մենք ոչ թե ընտրարշավի ենք գնում, այլ՝ խունտարշավի: Երրորդ՝ այս ամենը հաշվի առնելով մենք բոյկոտում ենք ընտրությունները: – Բայց Դուք ի վիճակի՞ էիք գրավ դնել, եթե Ձեր թվարկած պատճառները չլինեին: – Ո՛չ, ի վիճակի չէի: Մենք կլաններին չենք դիմի, որպեսզի նրանց ազդեցության ոլորտը չընկնենք: Ոչ կխնդրեմ, ոչ էլ էդքան գրավ կդնեմ: Եթե անգամ մենք չդիմեինք կլաններին ու մեր շրջապատից հավաքեինք այդ գրավը, վսյո ռավնո՝ էն գլխից արդեն Սերժ Սարգսյանի ներկայությամբ, որոշված է ճակատագիրը: Այնպես որ՝ մտնել ընտրարշավ եւ ավելորդ փորձությունների ենթարկել կուսակցության հեղինակությունը, իմաստ չուներ: Մեր կուսակցության որոշումն է եղել, որ մենք առաջիկա էշելոնից մտնենք թիկունք, որովհետեւ վսյո ռավնո արդեն որոշված է, որ գահը հափշտակելու են: Այդ դեպքում մեր մտնելը՝ հիմարություն է: – Մյուս թեկնածուներին չե՞ք հուշել, որ հիմարություն է նաեւ իրենց առաջադրվելը: – Ինձ հետ նրանք գործ ունենալ չեն ուզում: Ու ես իմ մարտավարությունը առանձին եմ շարունակելու առայժմ: – Իսկ կոմունիստների՞ հետ: – Կոմունիստների հետ բացառվում է: Նրանք վաղուց են ծախել իրենց կուսակցությունն ու կուսակցության գաղափարախոսությունը: Նրանք այսօր աշխատում են հօգուտ Գեղամյանի: Իսկ Գեղամյանի հետ միասին՝ հօգուտ վերեւների: Նրանք ծախված են իշխանություններին: Դարբինյան պլյուս Գեղամյան հավասար է՝ զրո: Նրանք ոչ մի արդյունք չեն տա, որովհետեւ լուրջ ընդդիմություն չեն: Իսկ 16-ը, ես ասել եմ, ընտրարշավի զոհասեղանին մատուցվելու են որպես ընծահավ: Զրույցը վարեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ www.taregir.am