Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն հաճելի հուշե՞ր

Դեկտեմբեր 18,2002 00:00

Միայն հաճելի հուշե՞ր Նախագահի թեկնածուներից շատերը ԿԸՀ ներկայացված կենսագրականներում առաջնորդվել են սեփական գործունեության մասին «կամ լավ՝ կամ գրեթե ոչինչ» սկզբունքով: Կենդանի մարդու համար խիստ անպատվաբեր այդ սկզբունքով են շարադրված, ասենք, գործող նախագահի կենսագրական տվյալները: Օրինակ, նշված է. «1999-ի հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանին հաջողվել է առանց էական ցնցումների հաղթահարել երկրին սպառնացող քաղաքական եւ պետական ճգնաժամը, ապահովել երկրի ներքաղաքական կայունությունը եւ ստեղծել տնտեսության զարգացման նախադրյալներ»: Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանի կենսագրության փաստ է, որ «27»-ից հետո վերջապես կարողացել է զարգացնել տնտեսությունը: Եվ սա դեռ ամենը չէ: Հիշողությունը չկորցրածները պիտի որ հիշեն, որ Հայաստանը մի տասնամյակ բանակցություններ էր վարում, օրենսդրությունը հարմարեցնում Եվրախորհրդին եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար: Գրչի մի հարվածով այս ամենը դարձել է Ռոբերտ Քոչարյանի առավելությունը. «Նրա օրոք ՀՀ-ն դարձել է Եվրոպայի խորհրդի, ԱՀԿ անդամ»: Կենսագրության տող են դարձել եւ այսպիսով բացառապես գործող նախագահին վերագրվել զգալիորեն նաեւ կառավարության գործունեությանն առնչվող փաստերը. «Տնտեսությունում գրանցվել է զգալի աճ, վերագործարկվել են նախկինում պարապուրդի մատնված մի շարք ձեռնարկություններ, ստեղծվել են նորերը»: Քոչարյանի պաշտոնական կենսագրության ամենաուշագրավ տողերից մեկը, սակայն, հետեւյալն է. «Առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է («շատ բարձր»՝ նման ոչ հայերեն դարձված լսելիս՝ ասում է լեզվի նուրբ զգացողություն ունեցող բարեկամս.- Ա. Ի.) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»: Այս տվյալի հետ համադրելի է թերեւս միայն Արտաշես Գեղամյանի կենսագրության մեջ առկա հիշատակումը. «Պահանջել է հանրապետության նախագահի հրաժարականը»: Ընդհանրապես, վերջին շրջանում գործող նախագահի ամենաբոցավառ քննադատի կենսագրական տվյալներն էլ են շարադրվել նույն սկզբունքով, որով առաջնորդվել են Քոչարյանի կենսագիրները: Այսպես, ստացվում է, 1987-1989-ին Երեւանի Մաշտոցի կուսշրջկոմի քարտուղար աշխատած Արտաշես Գեղամյանի շնորհիվ է, որ այդ տարիներին սույն շրջանում շահագործման են հանձնվել մանկապարտեզներ, դպրոցական շենքեր ու բնակարաններ: Իսկ երբ նա 1989-1990-ին աշխատեց Երեւանի քաղաքապետ. «Նրա պաշտոնավարության օրոք ավարտվեց Մասիս-Երեւան եւ Արզական-Երեւան ջրատարների տարիներ շարունակ ձգձգվող շինարարությունը՝ քաղաքին տալով վայրկյանում 1200 լիտր ջուր»: Եթե տարիներ շարունակ ձգձգվել է՝ մի օր պիտի՞ վերջանար. կարծես սա այնքան էլ տվյալ պաշտոնյայի շնորհքը չէ: Այլ թեկնածուների կենսագրականներում նույնպես կան նման հիշատակումներ: Ռուբեն Ավագյանի մասին նշված է, որ նա «Միավորված հայեր» կուսակցության վարչության հետ համատեղ ձեռնարկել է Հայոց հավատքի, փառքի եւ միասնության Զվարթնոց տաճարի վերականգնմանը միտված նախապատրաստական բոլոր աշխատանքները»: Րաֆֆի Հովհաննիսյանի կենսագրության փաստ է դարձել, որ նրա արտգործնախարար ծառայելու մեկ տարվա ընթացքում է «դրվել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի սկիզբը»: Վազգեն Մանուկյանի կենսագրության մեջ հիշատակվել են ԽՍՀՄ փլուզումը եւ նոր տնտեսական համակարգի արագ անցման անհրաժեշտությունը: Պարույր Հայրիկյանի կենսագրական տվյալներն էլ կարծես լինի նրա վերաբերյալ մենագրության ոչ այնքան համառոտ շարադրանքը; Այս ամենն ընթերցելուց հետո երախտագիտության զգացումով ես համակվում Վլադիմիր Դարբինյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի (երկուսի էլ) եւ այլ թեկնածուների նկատմամբ, որոնք առանց քարոզչության, պարզ եւ հստակ են ներկայացրել սեփական կենսագրությունը: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել