Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Դեկտեմբեր 18,2002 00:00

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվածների թվում միակ ընդգծված ազատական գաղափարախոսության կրողի առաջադրումն անսպասելի էր: Բանն այն է, որ մյուս թեկնածուներից շատերը վաղուց են սկսել նախապատրաստվել առաջիկա ընտրություններին՝ առաջին հերթին իրենց կուսակցական կառույցները «կազմ-պատրաստ» վիճակի բերելու, նաեւ քարոզարշավ սկսելու իմաստով: Արդյո՞ք «Ժող.Հայրենիքը» բավարար է պատրաստվել եւ կուսակցական կառույցներն ի մի է բերել առաջիկա ընտրապայքարում մյուս կուսակցական թեկնածուների հետ մրցակցելու համար: Պ.Մակեյանն այս հարցադրումը երկու մասի բաժանեց. բավարար պատրաստվածություն՝ գաղափարական ու ծրագրային, ապա՝ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների առումով. «Ինչ վերաբերում է առաջինին, ապա պետք է հիշեք, որ «Ժող.Հայրենիքը» ԱԺ «Հայրենիք» պատգամավորական խմբի շրջանակներում դեռեւս 97-99թթ. յուրաքանչյուր եռօրյայում հանդես էր գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, որոնցից լրջագույնները էլեկտրաէներգիայի սակագների, «ԱրմենՏելի» մասնավորեցման, էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցերին էին առնչվում: Վերջերս նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն իր վարչապետության տարիները՝ 98-99թթ., բնութագրել էր, մոտավորապես՝ որպես դժոխային: Ստացվում է, որ իրավիճակն այդպես էր գնահատվում ԱԺ-ում իրական ընդդիմության առկայության պարագայում, եւ մենք հպարտ ենք, որ այդ ընդդիմության մաս ենք եղել եւ դեռ այն ժամանակ առաջադրել ենք ծրագրային խնդիրներ: Գաղափարական առումով, իմ կարծիքով, այսօր շատ քիչ կուսակցություններ կարող են մրցել «Ժող.Հայրենիքի» հետ՝ հատկապես սկզբունքայնության, գաղափարներին տեր կանգնելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է ռեսուրսներին. իհարկե, ֆինանսական առումով մենք խնդիրներ ունենք, բայց դրանք լուծելի են: Բոլոր դեպքերում, եթե քաղաքական ուժ ես՝ պարտավոր ես մասնակցել ընտրությունների եւ դիրքորոշում հայտնել: Մենք դրա փորձն ունենք. մասնակցել ենք 99-ի ԱԺ ընտրություններին, այս տարի եւս թիվ 67 ընտրատարածքում մեր թեկնածուն էինք առաջադրել եւ, իշխանական թեւի հետ մրցակցության արդյունքում, ըստ էության, հաղթեցինք, ինչը հաստատվեց նաեւ ՍԴ-ի վճռով: Այսինքն՝ մեր «ուժի» դրսեւորման ակցիաները հստակ տեսանելի են: Մարդկային ռեսուրսի առումով՝ խնդիր չունենք: Չէի ցանկանա մեր կառույցները համեմատել այլոց կառույցների ու դրանց կայացվածության հետ, որովհետեւ ընտրությունները դա լավագույնս ցույց կտան: Բայց մենք վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տարել, բոլոր մարզերում եւ տարածքներում կառույցներ ունենք: Ի դեպ, այն կառույցները, որոնք ընդդիմադիրներն են ձեւավորում՝ ռեալ կառույցներ են, որովհետեւ դրանք ձեւավորվում են ոչ թե իշխանական լծակների աջակցությամբ, այլեւ՝ հաճախ հակազդեցությամբ: Իսկ իշխանական կուսակցությունների ջերմոցային պայմաններում ձեւավորված կառույցները միայն իշխանությունից զրկվելուց հետո կարելի է գնահատել՝ կա՞ն, թե՞ ոչ: Այդ իմաստով մեր ունեցածը հնգանիշ թվերով չենք հաշվում, բայց ինչ ունենք՝ կայուն մերն է: Մյուս կողմից, կյանքը ցույց կտա՝ ով ինչ հնարավորություններ ունի եւ ինչ արդյունքներ կգրանցի: Սա մրցակցություն է եւ նման այն մարաթոնին, երբ վազքուղի դուրս եկածներից մեկը հենց սկզբից մի 50 մետրով առաջ է անցնում, բայց «ֆինիշին» առաջինը հասնում են այլք: Ամեն դեպքում մենք մեր հնարավորությունները գիտենք եւ կարող ենք հիմնական մրցակից համարվել»: Ի դեպ, Պ.Մակեյանը լռեց, որ ժամանակին ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը, որը ստեղծվել էր ՀՀ ստացած օտարերկրյա վարկերի օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրելու եւ օրինախախտումներն ու յուրացումներն ի հայտ բերելու նպատակով, հենց ինքն էր ղեկավարում: Այն ժամանակ հանձնաժողովի ի հայտ բերած փաստերն այդպես էլ չարժանացան գործադիրի ու իրավապահների ուշադրությանը, որին դրանք արժանի էին: Ինչեւէ: Անդրադառնալով իշխանական ռեսուրսներ ունեցող կուսակցություններին, կարծում ենք, փաստ է, որ հենց նրանց դերակատարությունն ընտրություններում, ցավոք, նաեւ վճռորոշ է լինում: «Դա կարեւոր հանգամանք է, բայց պետք է նկատել նաեւ, որ այդ կառույցների ստորին հատվածները համալրում են մարդիկ, ովքեր ժողովրդի մասնիկն են եւ անդամագրված լինելով այս կամ այն իշխանական կուսակցությանը, այնուամենայնիվ, դժգոհ են իշխող ռեժիմից: Իմ համոզմամբ, առաջիկա ընտրություններում նրանք Քոչարյանին ձայն չեն տա»: Պ.Մակեյանն այն եզակիներից մեկն է, որ ժամանակին նույնիսկ դատական կարգով փորձեց վիճարկել Քոչարյանի առաջադրման ու ընտրության օրինականությունը՝ վերջինիս մեղադրելով կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ. «Մեր հիմնական կարգախոսը, որ նաեւ կուսակցության համագումարի կարգախոսն էր, այն է՝ Հայաստանը պետք է հայաստանցիները կառավարեն: Իհարկե, այլ երկրների դեպքում սա կարող է աննորմալ հնչել, բայց, ցավոք, մեզ համար դա արդիական է: Ես ոչ միայն 98-ի հետ կապված է, որ ասում եմ, թե Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը: Ընդ որում, սա նրա անձին եւ առավել եւս հայաստանաբնակ ղարաբաղցիներին ուղղված չէ: Խնդիրը միայն այն է, որ յուրաքանչյուր ոք, առավել եւս մեկը, որն ուզում է երկրի նախագահ եւ ՀՀ Սահմանադրության երաշխավորը դառնալ, նախ ինքը պետք է հարգի իր երկրի օրենքները: Մենք, բնականաբար, մնում ենք մեր սկզբունքային դիրքերում: Առաջիկան ցույց կտա, որ մենք երկրում օրինականություն հաստատելու հարցում հետեւողական ենք»: Իսկ առաջադրված մյուս թեկնածուները կպաշտպանե՞ն այդ հարցադրումը, թե՞ կփորձեն շրջանցել այն. «Բարդ հարցադրում է, որովհետեւ առաջադրվածների մի մասը նախկինում ինչ-որ կերպ համագործակցել է Քոչարյանի հետ, պաշտպանել նրա թեկնածությունը: Բնականաբար, նրանք, կարծում եմ, պրոբլեմ կունենան, եւ այդ իմաստով հարցադրումը ինչ-որ տեղ նրանց համար նաեւ լակմուսի թուղթ կարող է լինել, իսկ իրավիճակը՝ բավականին բարդ: Բայց, եթե կլինեն ուժեր, որ կմիանան մեզ՝ խնդիր չկա: Մենք դեմ չենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք կփորձեն, ի վերջո, օրինական ճանապարհով իշխանություններ ձեւավորել կամ նախկինում գործած սխալն ուղղել»: Մասնավորապես «16»-ի միավորումը ներկայացնող թեկնածուների հետ համագործակցության կամ նրանցից որեւէ մեկին հետագայում պաշտպանելու հնարավորության մասին խոսելիս Պ.Մակեյանը նկատեց, թե այս փուլում այդ համագործակցությունն առաջին հերթին պետք է արտահայտվի սպասվող ընտրակեղծիքներին դիմակայելու նպատակով համախմբվածությամբ ու կազմակերպվածությամբ: «Հիմնականում խնդիր ունենք մինչեւ վերջ գնալու, բայցեւ, եթե օրինական իշխանություններ ձեւավորելու շուրջ թեկնածուներն ընդդիմադիր դաշտում ընդհանուր հայտարարի գան, այդ դեպքում մենք՝ որպես թեկնածու առաջադրած ուժ, խոչընդոտ չենք հանդիսանա: Միաժամանակ մեր սկզբունքների, գաղափարախոսության դեմ չենք գնա, առավել եւս «բազարային» բանակցությունների մեջ երբեք չենք մտնի»: Այդպիսի համագործակցություն ընդդիմադիրները վաղուց են նախատեսել: Բայց, ինչպես երեւում է, հույսները դրել են հնարավոր երկրորդ փուլում համախմբվելու վրա: Իսկ արդյո՞ք երկրորդ փուլ կլինի. «Կանխատեսելը բարդ է, բայց, ըստ իս, իշխանությունները ձգտում են առավել քիչ աղմուկով եւ արագ ավարտել «ընտրություն» կոչվող «գլխացավանքը»: Եթե աղմուկը քիչ լինի, ընդդիմությունն էլ չկարողանա համագործակցված ու կազմակերպված ձեւով ընտրակեղծիքների դեմն առնել, իրենք կնախընտրեն ընտրությունները մեկ փուլով ավարտել: Երկրորդ փուլին կհամաձայնեն այն դեպքում, եթե տեսնեն, որ ինչպես 98-ին էր, իրավիճակն իրենց վերահսկողության տակ է, կամ երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուն է իրենց ցանկալին»: Պ.Մակեյանի դիտարկմամբ, եթե ընդդիմությունը համախմբված ու համակարգված գործի՝ մասնավորապես իրավական ոլորտում, արդյունավետ օգտագործի ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալու հանգամանքը, հասարակությանն ու ժողովրդին դարձնի քաղաքական գործոն, իշխանությունների համար դրան դիմադրել դժվար կլինի: Վերջին գործոնն, ի դեպ, նա գլխավորն ու վճռորոշը համարեց. «Եթե հասարակությունը պասիվ կեցվածք որդեգրի՝ իշխանությունները երեւի իրենց հարցերը հենց առաջին փուլով էլ լուծեն»: Ըստ նրա, միայն հակառակ դեպքում իշխող ռեժիմի համար անբարենպաստ ու ծանր իրավիճակ կարող է ստեղծվել ու տապալել ոչ միայն ընտրությունները մեկ փուլով ավարտելու իշխանության ծրագրերը, այլեւ պատրանքի վերածել ռեժիմի կյանքը երկարաձգելու փորձերը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել