ԿՊԱՇՏՊԱՆԵՆ՝ ԱՆԿԱԽ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ «Ազգային անվտանգություն» կուսակցության 3-րդ համահավաքի նախագահությունում տեղ զբաղեցրածները հիմնականում պատանիներ էին: Գործող նախագահին պաշտպանող այլ քաղաքական ուժերը չէին ընդունել սատարման այս հերթական հավաքին մասնակցելու հրավերը: Մեկ բացառությամբ՝ համահավաքին (այս ձեւակերպումն էր նախընտրում «Ազգային անվտանգության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը) ներկա էր «Արժանապատիվ ապագա» կուսակցության համանախագահ Ստեփան Ծաղիկյանը: Եվ սա այն պայմաններում, երբ, ըստ պրն Իսագուլյանի, բաժանել էին 90-ից ավելի հրավիրատոմսեր, հրապարակավ հայտարարել, թե հրավիրում են անխտիր բոլոր կուսակցություններին՝ «ՀՀՇ-ից սկսած մինչեւ Դաշնակցություն»: Թեեւ «Ազգային անվտանգության» նախագահը ժամանակին մաս է կազմել այդ երկու կազմակերպություններին՝ ո՛չ ՀՀՇ-ի, ո՛չ Դաշնակցության որեւէ ղեկավար անդամ չէր արձագանքել հրավերին: Ներկա էին դեմքեր, որոնց ծանոթ էինք «31»-ի գործից, որոշ անկուսակցականներ (նրանցից մեկն անգամ նստած էր հավաքը վարողների տեղում) եւ բազմաթիվ մանկահասակ աղջիկներ ու տղաներ: Ահա այս լսարանի առջեւ էլ ազդարարվեց, որ «Ազգային անվտանգությունը» (կուսակցության հայտարարված թվաքանակը՝ 2217) պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին: Գառնիկ Իսագուլյանը հայտնեց, թե մինչ դիրքորոշում ճշտելը եւ «հանրությանը հասու դարձնելը» հանդիպել եւ մտքեր են փոխանակել նաեւ դիվանագետների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Վստահաբար, հենց վերջիններս էլ խորհուրդ են տվել անպայման պաշտպանել գործող նախագահին: «Գիտակցում ենք, որ այս որոշմամբ մենք ստանձնում ենք պարտավորություն այն բոլոր գործընթացների համար, որ կատարվելու են գալիք 5 տարիների ընթացքում՝ մեր կողմից պաշտպանվող թեկնածուի հաղթանակի պարագայում, անկախ այն հանգամանքից՝ կա՞ մեր պաշտպանության անհրաժեշտությունը, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ դիրք ենք զբաղեցնելու Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո եւ կամ՝ ինչպիսի՞ն է լինելու նրա վերաբերմունքը մեր կուսակցության ու մեր քաղաքական գծի նկատմամբ»,- խոստովանենք, որ պրն Իսագուլյանի այս անձնազոհությունը գնահատելի է: Նա պատրաստ է պաշտպանել Քոչարյանին՝ անկախ նրանից, որ իր պաշտպանության կարիքը պաշտպանյալը գուցե չունի էլ, եւ «Ազգային անվտանգությունը» շարունակելու է մնալ սատարողների միայն երկրորդ-երրորդ էշելոններում, որոնց, որպես կանոն, առանձնապես վարձահատույց չեն լինում պաշտոններով կամ պատգամավորական տեղերով: Սակայն բոլորն էլ միշտ պնդում են, թե իրենց սատարումն անշահախնդիր է եւ թելադրված է զուտ գաղափարական նկատառումներով: Ահա Գառնիկ Իսագուլյանն էլ հայտարարեց, թե իրենց դիրքորոշման դրդապատճառը «գերագույն խնդրի»՝ Ղարաբաղի վերաբերյալ Քոչարյանի դիրքորոշումն է: Իհարկե, սա հոգեպես ավելի ազնիվ է, քան սատարողների այլ համագումարներում հնչող փաստարկները: Ասենք, այնքան են կրկնում «երկիրը վերածվել է շինհրապարակի» արտահայտությունը, կարծես ոչ թե հանրապետության նախագահ ենք ընտրում, այլ գլխավոր «պռառաբ»: Իսագուլյանը վստահ է, որ եթե ընդդիմության որեւէ թեկնածու շահի 2003-ի ընտրությունները՝ չի լինի սոցիալ-տնտեսական վիճակի որեւէ բարելավում, փոխարենը գուցե տանուլ տան «գերագույն խնդիրը»: Թե ինչ առաջընթաց է այդ «գերագույն խնդրում» արձանագրել պրն Քոչարյանը, կարողացե՞լ է հաղթականորեն լուծել ղարաբաղյան հիմնահարցը, որն անցած 5 տարիներին իշխելու առիթ դարձավ՝ համեստորեն լռում են պատմությունն ու «Ազգային անվտանգությունը»: Վերջինիս ղեկավարի համար կարծես բավական է միայն այն, որ գործող նախագահը չի ստորագրել որեւէ փաստաթուղթ. «Ամեն ինչ անելու ենք, որ այդ գիծը շարունակվի նույնությամբ՝ առանց որեւէ զիջումների»,- ասաց պրն Իսագուլյանը: «ԱԱ»-ի ղեկավարները կասկածում են, թե ընդդիմությունը տենչում է, որ Քոչարյանը ստորագրի հօգուտ Ադրբեջանի որեւէ փաստաթուղթ, որ նրանք էլ շահարկեն այն, բայց «ա՛ռը հա», թե կստորագրի՝ երեք մատի կոմբինացիա ցույց տալով լրագրողուհիներից մեկին՝ ասել էր Գառնիկ Իսագուլյանը: Սա փաստարկներից, իհարկե, ամենաազդուն էր, բայց միակը չէր: Համահավաքում ընթերցվեց Իգոր Մուրադյանի 1,5 ժամանոց վերլուծությունը Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ: Ինքը՝ աշխատության հեղինակը , ինչպես ներկայացվեց, «արտակարգ իրավիճակի պատճառով» մեկնել էր Մոսկվա: Սույն արտակարգ իրավիճակն էլ ՌԴ-ՆԱՏՕ միջազգային փորձագետների գիտաժողովն է: Այդ հավաքի աշխատանքային լեզուներից մեկը, բնականաբար, պիտի լինի ռուսերենը: Բայց Հայաստանում պետական լեզուն հայերենն է, եւ մենք չենք անդրադառնա այն զեկույցին, որ «Լեզվի մասին» օրենքի խախտումով՝ ռուսերեն ներկայացվեց ներկա հայ լսարանին, որքան էլ «գայթակղիչ» էին դրա այսօրինակ դրույթները, թե ընդդիմադիրները «ոչինչ չունեն առաջարկելու աշխարհին, բացի հայրենիքի վաճառքից»: Համահավաքում ելույթ ունեցավ նաեւ մի աղջիկ, որին ներկայացրին որպես Սիրանիկ: Այսքանն էր. թեեւ պրն Իսագուլյանի հորդորներին, թե «տրիբունան ազատ է», չգտնվեցին այլ հռետորներ եւ դադարեց համահավաքը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ