Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 17,2002 00:00

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Աշակերտների ուսումնառության ընթացքում հաճախ խնդիրներ են առաջանում դպրոցական դասագրքերում առկա բարդությունների հետեւանքով։ Նույնիսկ կան դասագրքեր, որոնք առհասարակ անկիրառելի են ուսումնական պրոցեսում։ Ասածս հիմնավորում են 6-րդ եւ 7-րդ դասարանների համար նախատեսված հանրահաշվի դասագրքերը, որոնք, մաթեմատիկայի ուսուցիչների բնորոշմամբ, «ավելի շուտ ընթերցանության, քան հանրահաշվի դասագրքեր են»։ Որոշ դպրոցներում մաթեմատիկայի ուսուցիչները եւ դպրոցի տնօրենը, ներքին փոխհամաձայնությամբ, որոշել են աշակերտների դասընթացներն իրականացնել հանրահաշվի հին հրատարակություններով, որովհետեւ ներկայիս դասագրքերի հետ համեմատած՝ հինը շատ ավելի լավն է։ Արդյունքում աշակերտները կանգնում են փաստի առաջ. վճարելով դպրոցի տրամադրած դասագրքերի դիմաց՝ ստիպված են լինում գումարներ վատնել դասագրքերի հին հրատարակությունները ձեռք բերելու համար։ Ավագ դպրոցի հայ գրականության նոր դասագրքերից որոշ հեղինակներ դուրս են մնացել։ Դպրոցներում հայ գրականության նոր դասագրքերով դասավանդվում է 1993-ից, որոնք վերահրատարակվել են 1996-ին։ Այդ դասագրքերը լույս են տեսել երեք առանձին գրքերով։ Դրանք էին՝ 9-րդ, 9-րդ եւ 10-րդ եւ 10-րդ դասարանների համար։ 2000թ. այդ երեք դասագրքերը միավորվեցին եւ լույս տեսան երկու գրքերով։ Պահպանվեց նաեւ հեղինակային կազմը։ Ի դեպ, հեղինակային կազմը որոշվում է մրցութային կարգով։ Ավագ դպրոցի հայ գրականության նոր դասագրքերի հեղինակ Դավիթ Գասպարյանի խոսքերով, այդ դասագրքերից, ծավալի բերումով, որոշ հեղինակներ առանձին դիմանկարով ներկայացվելու փոխարեն տեղ են գտել ներածական կամ ակնարկային բաժիններում։ Բացի դա, այդ հեղինակները կան նաեւ միջին դպրոցի դասագրքերում։ Եվ քանի որ դպրոցը ամբողջական համակարգ է, հետեւաբար դասագրքերի կազմման ժամանակ հաշվի է առնվել այդ հանգամանքը։ Հայոց լեզվի միջին դպրոցի (բացի 8-րդ դաս-ից) դասագրքերից որոշ ուսուցիչներ դժգոհ են։ Նրանց կարծիքով. «Դրանք որպես դպրոցական դասագրքեր, աշակերտների համար բարդ են, իսկ վարժությունները շատ պարզունակ»։ Դասագրքերի հեղինակ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրիդրիխ Խլղաթյանի կարծիքով, այդ դասագրքերը շատ պարզ բովանդակություն ունեն եւ աշակերտների համար էլ շատ մատչելի են։ Նոր դասագրքերը կազմված են հին դասագրքերի նույն սկզբունքով եւ ծրագրով։ Ընդգրկում են նույն թեմաները։ Տեսական բացատրությունները հիմնականում համընկնում են։ Ինչպես նշեց պրն Խլղաթյանը, դասագրքերը հիմնականում տարբերվում են մեթոդական կառուցվածքով եւ վարժությունների համակարգով։ Վարժությունները, ճանաչողական լինելուց բացի, ունեն ստեղծագործական բնույթ։ Վարժությունները դյուրըմբռնելի դարձնելու համար մշակվել են դրանց խաղային, ժամանցային տարբերակները։ Սակայն իրենց դժգոհությունն արտահայտած ուսուցիչների կարծիքով, դասագրքերի վարժությունները բովանդակությամբ չեն ամրապնդում աշակերտների տեսական գիտելիքները։ Եվ հաճախ գործնական աշխատանքների ժամանակ ստիպված են լինում դիմել լրացուցիչ գրականության։ Հեղինակի կարծիքով, նոր դասագրքերից դժգոհ են մեծ մասամբ երկար տարիներ աշխատած ուսուցիչները, որոնց համար հին դասագրքերը ավետարանի նման բան էին։ Ամեն ինչ պարզ ներկայացվում էր այնտեղ, իսկ նոր դասագրքերը ուսուցիչներին ուղղորդում են նոր որոնումների։ Ըստ հեղինակի, հին դասագրքերով ուսանելու ժամանակ աշակերտները հանդես էին գալիս պասիվ, կրավորական դերում։ Մինչդեռ նոր դասագրքերը կազմված են այն ներքին տրամաբանությամբ, որը թույլ է տալիս աշակերտների մեջ ձեւավորել ստեղծագործական կարողություններ։ Հեղինակի կարծիքով, հայոց լեզվի դասագրքերի հետ կապված խնդիրները առաջ են գալիս միայն ուսուցիչների պատճառով։ Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ այդ դասագրքերը տպագրվում են առաջին անգամ եւ դրանցում բովանդակային թերություններն ու տեխնիկական սխալները անխուսափելի են։ Դրանք, անկասկած, կվերանայվեն դասագրքերի վերահրատարակությունների ժամանակ։ Տասը տարուց ավելի է, ինչ հանրակրթական դպրոցի 9-րդ եւ 10-րդ դասարաններում դասավանդվում են ոճաբանության դասագրքերով։ Վաղուց ե՛ւ մասնագետների, ե՛ւ հասարակության համար պարզ է, որ այդ դասագրքերը ժամանակավրեպ են։ Ոճաբանության դասագրքերը դպրոցներում կիրառվել են 1990-ից՝ որպես հավելյալ դասագրքեր։ 1994-ից մինչեւ օրս դրանք համարվում են ավագ դպրոցում կիրառվող հիմնական դասագրքեր։ Ոճաբանության դասագրքերը եզակի են իրենց տեսակի մեջ։ Նույնիսկ դրանք որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններում համարվում են բուհական դասագրքեր, որը վկայում է դասագրքի գիտական բարձր մակարդակի մասին։ Բայց հայոց լեզվի քննական շտեմարանում ընդգրկված նյութերը հիմնովին տարբերվում են ավագ դպրոցում դասավանդվող թեմաներից։ Միայն վերջին տարիներին քննական հարցաշարերի մեջ տեղ են գտել ոճաբանությանը վերաբերող մի քանի հարցեր։ Բայց դա էլ ստեղծված իրավիճակի համար ելակետային չէ։ Նոր դասագիրք կազմելու հարցով պետք է զբաղվի կրթական բարեփոխումների կենտրոնը, որին էլ ներկայացվում են նոր դասագրքեր կազմելու համար ծրագրեր։ Միայն կենտրոնի՝ ծրագրի հաստատումից հետո հնարավոր կլինի տպագրել նոր դասագիրք։ Սակայն մինչ օրս հաստատված ծրագիր չկա՝ նոր դասագիրք տպագրելու համար։ Պրոֆեսոր Ֆ. Խլղաթյանի ենթադրությամբ, նոր դասագիրքը մոտավորապես կունենա հետեւյալ կառուցվածքը. ծանոթություն կտա հայոց լեզվի ոճերի մասին եւ հիմնականում նվիրված կլինի հայոց լեզվի գիտելիքների խորացմանն ու ընդլայնմանը։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել