Ինչպես խուսափել խնդիրներից Ատամների եւ լնդերի ճիշտ խնամքով կարելի է խուսափել բերանի խոռոչում առաջացող բազում հիվանդություններից, որոնք հիմնականում ատամների եւ լնդերի ոչ ճիշտ խնամքի, շատ դեպքերում՝ խնամքի բացակայության արդյունք են։ Այս խնդիրը, ցավոք, մեր իրականության մի մասն է եւ, որ առավել ցավալի է՝ այն ընդամենը չիմացության արդյունք է։ Իսկ դրան անդրադառնալու պատճառը բոստոնաբնակ ատամնաբույժ Կարինե Մաթեւոսյանի այցն էր Հայաստան, որի ընթացքում տիկինը հանդիպումներ է ունեցել բժշկական համալսարանի դասախոսների, ուսանողների, ատամնաբույժների հետ։ Տիկնոջ կարծիքով, «պրոգրեսիվ ուսանողներ եւ շատ լավ մասնագետներ ունենք», սակայն «այստեղ դրվածքն է տարբեր»։ Ըստ այդ «դրվածքի», այստեղ «մեկ բժիշկը բոլոր գործերն անում է», ինչն էլ, ըստ տիկին Կարինեի, բուժման որակի վրա է ազդում։ Տիկինը ցավում է, որ ատամնաբուժության ամերիկյան մեթոդները, որոնք նա լավագույնն է համարում, հայ բժիշկներին եւս ծանոթ են, սակայն չեն կիրառվում։ Իսկ ամերիկյան կոչված մեթոդով՝ ատամնաբուժական աշխատանքների համապատասխան բաժանում է արված։ Տիկին Կարինեն առավել կարեւոր է համարում հիգիենիստի աշխատանքը (կանխարգելող ատամնաբուժություն, որի մասնագետն է ինքը)։ Վերջինիս աշխատանքի էությունը հիվանդների հետ կոնսուլտացիա անելն է, հիվանդության ախտորոշումը, համապատասխան մասնագետի մոտ ուղարկելը, նաեւ ատամները քարերից մաքրելը։ Ի դեպ, վերջինը պետք է պարբերաբար անել եւ ոչ թե մեզանում ընդունված սովորույթի համաձայն՝ բժշկի հատուկ պարտադրանքով, այն էլ բավականաչափ գումար ունենալու պարագայում։ Խնդիրը նաեւ սոցիալական տեսանկյունից դիտարկելով, Կ. Մաթեւոսյանը այնուամենայնիվ համոզված է, որ «ճիշտ բացատրելու պարագայում մարդիկ կհասկանան եւ կսկսեն զբաղվել բերանի խոռոչի խնամքով»։ Ինչ վերաբերում է վճարունակությանը, «աշխատանքը անհրաժեշտ է սկսել բավականին էժան եւ դրանով իսկ ներգրավել մարդկանց, մինչեւ նրանց ֆինանսական վիճակն ու գիտակցությունը թույլ կտան պարբերաբար հոգալու առողջ ապրելակերպի մասին»։ Եվ ըստ այդմ, «մեծ կարեւորություն պետք է տալ հաճախորդի հետ կրթական աշխատանք տանելուն՝ բացատրելուն, թե ինչն ինչ է, բոլոր հնարավոր հետեւանքները եւ դրանք կանխարգելող բուժումներ առաջարկել»։ Իսկ ատամները ճիշտ եւ արդյունավետ մաքրելու համար, բնավ էլ պարտադիր չէ գովազդվող էլեկտրական խոզանակներից ձեռք բերել։ Այն խորհուրդ է տրվում հոդերի հիվանդություն ունեցող մարդկանց, որոնց պարզապես հարմար կլինի դրանցով օգտվելը։ Ատամները ճիշտ մաքրելու միակ նախապայմանը փափուկ խոզանակ ունենալն է եւ վերից վար շարժումով մաքրելը։ Բժշկուհին նաեւ խորհուրդ է տալիս առավել ուշադրություն դարձնել, որ ատամների խնամքը սովորույթ դառնա հատկապես երեխաների շրջանում։ Իսկ մանուկների կաթնատամներին՝ առավելապես, որովհետեւ «դրանք են տալիս կալցիումի անհրաժեշտ քանակ, որի հիման վրա հիմնական ատամներն են ստեղծվում»։ Իր այս մտահոգությունները տիկինը փոխանցել է նաեւ մեր մասնագետներին եւ բժշկական համալսարանի ղեկավարությանը՝ առաջարկելով հիգիենիստ-ատամնաբույժների պատրաստման «դասարան բացել»։ Այսպես կոչված, տեղական կողմը միայն պետք է ցանկություն ունենա եւ տարածք տրամադրի, մնացյալ հարցերը հոգալու խնդիրը տիկին Կարինեն պատրաստ է իր վրա վերցնել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ