ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ Հայաստանի մարզական լրագրողների հարցման արդյունքներով որոշվեցին ավարտվող մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները։ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմանը մասնակցել են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի մարզական թեմաներով գրող 44 լրագրողներ։ Նրանցից 42-ը երկրի թիվ մեկ մարզիկ է ճանաչել ազատ ոճի ըմբիշ, երեւանցի Արամ Մարգարյանին։ Ստորեւ ներկայացնում ենք 10 լավագույների անվանացանկը։ 1. Արամ Մարգարյան Երեւան, ազատ ըմբշամարտ (միավոր) 438 2. Վլադիմիր Հակոբյան Երեւան, շախմատ 367 3. Սմբատ Լպուտյան Երեւան, շախմատ 288 4. Լիլիթ Մկրտչյան Աշտարակ, շախմատ 267 5. Մարատ Թովմասյան Աշտարակի Ձորափ գ., բռնցքամարտ 260 6. Արթուր Գեւորգյան Վանաձոր ԲՄԱ, սամբո 170 7. Կարեն Ասրյան Երեւան ԲՄԱ, շախմատ 104 8. Նորայր Բախտամյան Երեւան, հրաձգություն 95 9. Վահագն Ստեփանյան Երեւան, սպ. մարմնամարզություն 93 10. Ռոման Ամոյան, Երեւան, հ/հ ըմբշամարտ 72 Լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 11 մարզիկների անուններ, որոնք հաջողությունների են հասել միջազգային պատասխանատու մրցաշարերում։ Նրանք են՝ սամբիստ Շողիկ Գեւորգյանը, ջրացատկորդ Հովհաննես Ավթանդիլյանը, ըմբիշներ Արմեն Անտոնյանը եւ Արտյոմ Պողոսյանը, ֆուտբոլիստ Արման Քարամյանը, Քրիստինե Նաջարյանը (կուրաշ), Քաջիկ Դալյանը (ուշու), շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Էլինա Դանիելյանը։ Մրցաշրջանը հիշարժան է նաեւ աշխարհի թիմային առաջնությունում ՀՀ նարդու հավաքականի տոնած հաղթանակով։ Պատմության մեջ առաջին անգամ հայաստանցի լեռնագնացին հաջողվեց գրավել Էվերեստի բարձունքը՝ 8848 մետր։ Այդ խիզախ լեռնագնացը երեւանցի Իգոր Խալաթյանն է։ Մրցաշրջան-2002-ում Եվրոպայի առաջնությունում երկու բրոնզե մեդալի արժանացավ անվանի նավամոդելավար, երեւանցի Հրաչյա Շահազիզյանը։ Միանշանակ լավագույն թիմ է ճանաչվել տղամարդկանց շախմատի հավաքականը։ Ի դեպ, հաջողությամբ է հանդես գալիս մինչեւ 20 տարեկան շախմատիստների մասնակցությամբ Հնդկաստանում ընթացող աշխարհի առաջնության մասնակից մեր երկրի հավաքականը, որի առաջատար Լեւոն Արոնյանը խաղարկվող մեդալների գլխավոր հավակնորդների շարքում է։ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան բոլոր մարզական լրագրողների անունից շնորհավորում է Հայոց մարզաշխարհի մարդկանց, ընդհանրապես համայն հայության Ամանորը եւ նրանց երջանկություն, հաջողություն է մաղթում գալիք Նոր տարում։ Սեփ. լր.