Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կլինի միասնական թեկնածու

Դեկտեմբեր 17,2002 00:00

Կլինի միասնական թեկնածու Վստահեցնում է Շավարշ Քոչարյանը «Ազդակ» ակումբի շաբաթ օրվա հյուրը՝ ԱԺԿ կուսակցության նախագահ, «16»-ի միավորման անդամ Շավարշ Քոչարյանը, բավականին լավատես է եւ «16»-ի մասով հայտարարեց. «Ես պետք է ասեմ, որ իրավիճակն անհույս չի. այն աշխատանքը, որը կատարվում է «16»-ի շրջանակներում, շատ անգամ աննկատելի է եղել հասարակության համար, բայց այդ աշխատանքը շարունակվում է»։ Շավարշ Քոչարյանը շեշտեց, թե ինչու է դրված իշխանափոխության հարցը. «ոչ թե նրա համար, որ այս կամ այն անձը դուրս չի գալիս, էս մեկն ավելի դուրեկան է, ժպիտն է լավ, թող նա գա, այլ՝ որովհետեւ իշխանության փոփոխությունը պետք է լուծի համար մեկ խնդիրը. կա՛մ Հայաստանը շարունակելու է այս վտանգավոր ճանապարհով զարգանալ (իսկ հաշվի առնելով տարածաշրջանի սպառնալիքները, դա նշանակում է, որ մենք վտանգում ենք մեր ապագա նույնիսկ գոյատեւումն այս տարածաշրջանում, առնվազն՝ արժանապատիվ գոյատեւումը), կա՛մ էլ իշխանափոխության հիմքում դրվում է այս խնդիրը՝ ինչ պետք է անի Հայաստանն իր զարգացման ուղին որակապես փոխելու հետ»։ Այս ուղղությամբ, ըստ Շավարշ Քոչարյանի, որոշակի աշխատանք կատարվել է «16»-ի շրջանակներում. «եթե երկիրը կանգնած է այն վիճակում, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, այդ դեպքում հնարավոր է աջի եւ ձախի համագործակցությունը, խնդիրը շատ պարզ է դրված՝ երկիրը պետք է դուրս բերել այս վիճակից, պետք են նորմալ խաղի կանոններ, որից հետո աջն ու ձախը մրցակցեն, եւ ժողովուրդն ընտրություններում որոշում կայացնի»։ Շավարշ Քոչարյանի կուսակցությունը «16»-ի ֆորմատում միակն է, որ իրենից թեկնածու չի առաջադրել՝ գիտակցելով, որ թեկնածուների առատությունը խոչընդոտ է լինելու, եւ ԱԺԿ-ն ամեն ինչ անելու է, որ ընդդիմությունը լինի միասնական. «այսօր էլ այդ հնարավորությունները կան։ Դա պետք է շուտ տեղի ունենա, ժամանակն այնքան է կարճ, որ ժողովրդի գործոնը կարող է չաշխատել, եթե մենք ուշացնենք։ Հարցը շատ պարզ է դրված. որպեսզի վստահենք՝ դուք պետք է միասնական թիմով հանդես գաք»։ ՀՀ նախագահի թեկնածուների առատության մեջ Շավարշ Քոչարյանը դրական հանգամանք է դիտում հետեւյալը. «եղած թեկնածուների մեջ կան շատ արժանի մարդիկ, եւ ակնհայտ է, որ կա այլընտրանք, ընդ որում, անհամեմատ ավելի ընդունելի թեկնածու՝ երկրի համար։ Եթե մենք ապրեինք իրավական, ժողովրդավարական երկրում, ապա ամեն ինչ նորմալ կլիներ՝ ժողովուրդը կկողմնորոշվեր եղած թեկնածուների մեջ, հնարավոր է՝ երկրորդ փուլ լիներ եւ լավագույնը կընտրվեր։ Բայց քանի որ բոլորս շատ լավ հասկանում ենք՝ ինչ երկրում ենք ապրում, ինչպես են միշտ ընթացել ընտրությունները, եւ ինչ է նշանակում անձը, որը տիրապետում է իշխանության բոլոր լծակներին, ռեսուրսներին, ինչ ընտրակեղծիքների մեքենաներ են գործում, բնական է՝ թիվ մեկ խնդիրը մնում է այն, որը նախապես կանխատեսելի էր. ընդդիմությունը պետք է կարողանա ձեւավորել այլընտրանքային բեւեռ, որովհետեւ միայն միավորման դեպքում ժողովուրդը հստակ կտեսնի, որ հնարավոր է հաղթել ընտրություններում, հասնել նրան, որ տեղի ունենա իշխանափոխություն»։ Ե՞րբ է, ի վերջո, ձեւավորվելու այս բեւեռը, որը ժողովուրդն ընկալելու է որպես այլընտրանք ներկա իշխանությանը։ «Առավոտի» հարցին պատասխանելով, պրն Քոչարյանն ասաց. «Ինձ թվում է, հասարակությունն այն պահին կզգա, երբ «16»-ը հստակ կասի՝ այ, սա է մեր թեկնածուն, եւ «16»-ից այսքանը (իհարկե, ցանկալի է, որ հենց «16»-ը լինեն) պաշտպանում են նրան։ Սա իմ տեսակետն է»։ Շավարշ Քոչարյանը չասաց նրա անունը, ով պետք է որ դառնա միասնական թեկնածու, սակայն ասաց. «Ես երբեք անուններ չեմ ասի այս պարագայում, ուղղակի մեկ բան կասեմ՝ այնուամենայնիվ, տեսնում եմ որոշակի ուղի, ունեմ որոշակի հույսեր եւ ինչ-որ չափով հիմնավորված, որ այդ անունը կհնչի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել