Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Դեկտեմբեր 17,2002 00:00

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՊԱՏՃԱՌՆԵՐ Արա Սահակյանի կարծիքով քաղաքականություն չվերադառնալու համար Տեր-Պետրոսյանը այդպիսիք ուներ Հասարակական, քաղաքական ամենատարբեր շրջանակներում կարելի է լսել թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու մի շարք պատճառներ ուներ: Ու, թերեւս, նկատի ունենալով, որ հատկապես իշխանական որոշ գործիչներ էին կանխատեսել, թե առաջին նախագահը բավական «խոհեմ», «իմաստուն», «հեռատես» գործիչ է՝ որպեսզի չառաջադրվի, ոմանք եկել էին այն եզրակացության, որ այդ պատճառներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավելի վատթար այն տարբերակն է, որը ԵԱՀԿ միջնորդական առաքելությունն առաջարկում է հայկական կողմին ստորագրել եւ որը ոչ մի պայմանով Տեր-Պետրոսյանը չէր ստորագրի եւ դրա պատասխանատվությունը չէր ստանձնի: «Միջնորդները ոչինչ չեն պարտադրում. Հայաստանի այս իշխանությունն ինքն է ընտրել փակուղի ու պարտության տանող ճանապարհը»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ լակոնիկ պարզաբանեց «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ Արա Սահակյանը՝ հավելելով, որ Լ.Տեր-Պետրոսյանի չառաջադրումը կարգավորման հանգամանքի հետ անմիջական առնչություն չունի: Անդրադառնալով Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ առաջադրված թեկնածուների դիրքորոշմանը՝ նա թերահավատ էր, թե նրանց զգալի մասը կցանկանա կամ ունակ կլինի այս հարցի շուրջ բանական բանավեճ ծավալել: Այս թերահավատությունն, ի դեպ, հիմքից զուրկ չէ, առավել եւս, եթե նկատի առնենք, որ բացի «աջերից», մյուս բոլոր քաղաքական ուժերը 1998-ին պաշտպանում էին պալատական հեղաշրջում իրականացրածների՝ ղարաբաղյան լուծման «փաթեթային» ուղին: «Ուրեմն,- նկատեց Ա.Սահակյանը,- ինչպե՞ս են նախագահ դառնալու իրենց հավակնությունները հռչակած գործիչներն այսօր գնահատում այդ հարցի ներկա վիճակը: Չէ՞ որ 98-ի հեղաշրջման կազմակերպիչները հասարակությանն այն օրերին ենթարկել էին զանգվածային փսիխոզի, մոլորեցրել, թե Լ.Տեր-Պետրոսյանի «պարտվողական» ծրագրի փոխարեն իրագործվելու է Քոչարյանի «հաղթողական» ծրագիրը. հրապարակ էր նետվել Հայաստանի հետ Լաչինի ու Քելբաջարի շրջանների ընդհանուր սահմանով կապված, 8 հազ. քառ. կմ տարածք եւ անկախության պահուստային երաշխիքներ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեսլականը: Այս օրերին Եվրամիությունը վճռեց Կիպրոսի անդամակցության հարցը. ԵՄ անդամ դարձավ Կիպրոսի հունական հատվածը, իսկ թուրքականը՝ ճիշտ է, չարժանացավ այդ պատվին, սակայն մնաց դե ֆակտո անկախ վիճակում: Մեզանում մխացող տարաձայնությունների տեսանկյունից՝ սա հակամարտության հենց «փուլային» լուծումն է. 70-ականների սկզբից Կիպրոսի թուրքական համայնքը չէր պնդում պարզել իր կարգավիճակի հարցը եւ ընտրեց փուլ առ փուլ կարգավորման ճանապարհ՝ զինադադարի հաստատում, դեմարկացիոն գծի սահմանում, խաղաղապահ ուժերի տեղադրում, ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների անցկացում, հունական եւ թուրքական կողմերի միջեւ համագործակցության խրախուսում, եվրոպական կառույցներին ինտեգրում: Արդյունքում՝ 30 տարի անց թուրքական համայնքը ձեռք է բերում փաստական անկախություն: Իսկ 97-ի աշնան դրությամբ՝ բանակցված առաջարկները մերժած եւ Ղարաբաղի կարգավիճակը «հենց հիմա» արձանագրել պահանջող Քոչարյանը վաստակել է ԵԱՀԿ Ստամբուլի խարտիայի, Բուշի եւ Պուտինի ստորագրած հռչակագրի, Մինսկի խմբում համանախագահող պետությունների ու բարձրաստիճան այլ դիվանագետների շարունակական պարզաբանումները բոլոր չհասկացողների համար, որ հիմնախնդիրը լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ: Ղարաբաղի խնդիրը լուծված է, իսկ մնացածը ժամանակի եւ տեխնիկայի հարց է»: Իսկ առաջին նախագահի առնչությամբ՝ Ա.Սահակյանը ավելի, քան մանրամասն էր. «Լ.Տեր-Պետրոսյանը նախագահ է ընտրվել երկու անգամ, քանի որ երկու անգամ էլ եղել է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական պահանջ: 91-ին այդ պահանջը 90 տոկոսի սահմաններում էր, 96-ին՝ 60 տոկոսի: Մինչդեռ, սահմանադրական արգելքից զատ, Քոչարյանի նկատմամբ ե՛ւ 98-ին, ե՛ւ հիմա այդպիսի պահանջ ուղղակի գոյություն չունի: 98-ին հասարակությունը որպես նախագահ տեսնում էր կա՛մ Կարեն Դեմիրճյանին, կա՛մ Վազգեն Սարգսյանին: Մեկ տարի անց նրանք սպանվեցին: 2003-ին առավել եւս այդ իդեալը Քոչարյանը չէ. նա բացարձակ աջակցություն չունի անգամ ըստ իրենց հարցումների: Պետականության կառուցման եւ ղարաբաղյան կարգավորման սկզբունքների առումով Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի սկզբունքներին վերադառնալու քաղաքական պահանջն ակներեւ է, սակայն դա չի վերածվել հասարակական պահանջի: Հասարակությունը դեռեւս գտնվում է իշխանական (եւ իշխանության օրգանական մասը կազմող կուսակցությունների) քարոզչական մամլիչի տակ: Հասարակական գիտակցությունը, հատկապես՝ հոգեբանությունը դյուրաբեկ է, ինչ-որ ժամանակ ոչ ադեկվատ է ընկալում երեւույթները: Նման իրավիճակներ բոլոր ժողովուրդներն էլ ապրում են. համաշխարհային քաղաքակրթության բնօրրան Չինաստանը մնում է ամբողջատիրության պատվարը, Հունաստանում տարիներ շարունակ տիրում էին հետադեմ զինվորականները, իտալացիները 20 տարուց ավելի հանդուրժում էին Մուսոլինիի նման խելապակասին, գերմանացիները՝ պարանոիկ Հիտլերին, ռուսները՝ սադիստ Ստալինին: Մարդկության զարգացումը ուղղաձիգ չէ, այն հաճախ զիգզագաձեւ է, ապրում է հետընթաց, երբեմն՝ տեւական: Հայաստանում, անշուշտ, 98-ի (անկեղծ լինենք՝ նաեւ 97-ի, 96-ի, անգամ 95-ի) համեմատությամբ դրական փոփոխություն կա: Ավելի ու ավելի շատ մարդիկ են հակված վերադառնալու Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգծին, բայց դա դեռ չի վերածվել հասարակության մեծամասնության պահանջի: Կարծում եմ՝ Լ.Տեր-Պետրոսյանն ինքը գիտակցում է դա եւ չի ցանկանում աղտոտվել իբրեւ քաղաքական աճուրդի մասնակից կամ ցկյանս նախագահացու»: Մեր զրուցակցի բնորոշմամբ, այսօր հասարակությանն առաջնորդելու որոշակի պատասխանատվություն արդեն ստանձնել են՝ նախագահի առաջադրված թեկնածուները «միաժամանակ խոչընդոտելով այլոց, դիցուք՝ Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձը: Նրանք ասպարեզ են ելել՝ միմյանց հրմշտելով, իրարանցում ստեղծելով, շատերը՝ նախկին իշխանությունների քարկոծմանը մասնակցելով»: Իսկ այն հարցին ի պատասխան, թե ինչու՞ «աջերն» իրենք այս ընտրություններում քաղաքական ակտիվ դեր ստանձնելու փոխարեն լռում են ի պատասխան նաեւ իրենց հասցեագրված կշտամբանքին՝ Ա.Սահակյանը հակադարձեց. «Ընդդիմությունը լրիվ կազմով չի մասնակցում ընտրություններին: ՀՀՇ-ն եւ մյուս «աջերը» նախագահի թեկնածու չունեն: Սրա բացատրությունը, թերեւս, այն է, որ այս ճամբարում գերիշխող են ապօրինի ընտրություններին չմասնակցելու տրամադրություններ: Ի տարբերություն Քոչարյանի դեմ հանդես եկող նրա երեկվա աջակիցների ու այսօրվա ընդդիմախոսների՝ «աջերը» երբեք չեն խորամանկել ու անդադար պնդել են, որ Քոչարյանը ուզուրպատոր է»: Այդուհանդերձ, սպասումներ կային, որ առաջին նախագահը կառաջադրվի: «Կային ե՛ւ դրական սպասում, ե՛ւ՛ ագրեսիվ խուճապ: Աջերի սպասումները դրական էին եւ դրան նպաստող քայլեր կատարվեցին, իսկ վարչախմբի ճամբարում հիվանդագին անհանգստություն էր տիրում, քանի որ Լ.Տեր-Պետրոսյանով ընտրապայքարը լինելու էր գաղափարական, ընտրողը կարողանալու էր հստակ կողմնորոշվել՝ ում ձայն տալ: Հիմա այդ մրցակցությունը կլղոզվի. բոլոր թեկնածուները խոսելու են գործադիրի կոռումպացվածության, պատգամավորների տգիտության, տնտեսական մենաշնորհների մասին՝ առանց նշելու քաղաքական պատասխանատուներին»: Ա.Սահակյանը վստահ է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգության վերադարձն անխուսափելի է. դա միայն ժամանակի խնդիր է»: Ասել է թե՝ «աջերը» սպասում են իրենց վերադարձի համար ավելի հարմա՞ր ժամանակների: «Մեր սերունդը հասցրել էր մոռացության տալ կոմունիստական բռնապետության արհավիրքները, երիտասարդ սերունդը՝ արդեն հասցրեց հոգնել այս վարչախմբից, իրեն խաբելու գործում մրցակցող կուսակցապետերից, իրեն շարունակ դեպի անցյալ տանող եւ ներկան շրջանցող իշխանական կեղծիքից: Մեկ կյանքի համար դա երկար ժամանակ է, սակայն պատմության համար՝ ընդամենը ակնթարթ»: Այդուհանդերձ, միայն ՀՀՇ համագումարում վերջնականապես հայտնի դարձավ, որ Լ.Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու: «Աջերի» համար էլ է՞ր դա անակնկալ: «Համենայնդեպս, մարդիկ հասկացան, որ նման որոշում կայացնելու համար կար ծանրակշիռ պատճառ՝ հասարակական պահանջի ներկա վիճակի սթափ գնահատումը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել