Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկլավիկի տվայտանքները

Դեկտեմբեր 14,2002 00:00

Մանկլավիկի տվայտանքները Վերլուծության հատուկ թեմա է «Օրինաց երկրի»՝ ՀՀՇ-ից սերված լինելու փաստը: Այդ թեմային հանգամանալից անդրադառնալու համար դեռ առիթներ կլինեն: Այստեղ կսահմանափակվեմ մի գնահատականով, որը ընթերցողների ցանկության դեպքում պատրաստ եմ մանրամասն հիմնավորել. «Օրինաց երկիրը» ստեղծվեց ՀՀՇ-ի իշխանաթողության արդյունքում՝ այդ կազմակերպության ապագաղափարականացված պատեհապաշտական բեկորների հավաքագրման նպատակով: Այսօր Արթուր Բաղդասարյանը ստիպված է զգուշանալ ՀՀՇ-ի ձեռքի տակ եղած լուրջ կոմպրոմատներից: Այդ կոմպրոմատների ի հայտ գալու դեպքում ոչ դեմագոգիան, ոչ էլ պոպուլիզմը նրան այլեւս չեն փրկի հայտնի «բոբոների» ճակատագիրը կիսելուց: Ուստի նա ստիպված է Ռոբերտ Քոչարյանին արջի ծառայություններ մատուցելու միջոցով քծնել եւ սիրաշահել «նախկիններին»: Այսպես՝ «Առավոտի» դեկտեմբերի 7-ի համարում, փորձելով միաժամանակ պաշտպանել եւ՛ Ռոբերտ Քոչարյանին ծանր ժառանգություն բաժին ընկնելու մասին պաշտոնական քարոզչության հայտնի դրույթը, եւ՛ խույս տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ երեսպաշտություն եւ ապերախտություն ցուցաբերելու մեղադրանքից, Արթուր Բաղդասարյանը, վերջնականապես խճճվելով «հին» եւ «նոր» շեֆերին «արժանին» մատուցելու անհամադրելի նպատակների մեջ, հանգում է կատարյալ անհեթեթության: Պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես ստացել է ծանր ժառանգություն, սակայն ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանից, այլ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից հետո երկրում ստեղծված ծանր իրավիճակից»: Ահա այսպես՝ ոչ ավել, ոչ պակաս: Եթե նկատի ունենանք, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար մեղադրվում է Նաիրի Հունանյանը եւ նրա խումբը, ապա Արթուր Բաղդասարյանի նկարագրությամբ ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 8230 հենց նրանց ժառանգորդն է: Որովհետեւ էլեմենտար տրամաբանությունը պահանջում է համաձայնել, որ ժառանգություն ստանում են ոչ թե «իրավիճակից», այլ տվյալ իրավիճակի ստեղծման համար պատասխանատու անձից կամ անձերից: Ահա թե ինչպիսի տարօրինակ եզրահանգումներ են ծնվում եւ՛ նալին, եւ՛ մեխին խփող «կենտրոնամետ» ուղեղում: Զրկելով երկրորդ նախագահին առաջին նախագահի ժառանգորդի կարգավիճակից, այդպիսի «դիրքորոշում» արտահայտողները փաստորեն ձայնակցում են այն ուժերին, որոնք կասկածի տակ են դնում մեզանում իշխանության լեգիտիմ փոխանցումն առաջին նախագահից՝ երկրորդ նախագահին: Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի հենարան հանդիսացող «Օրինաց երկիրը» վաղը կամ մյուս օրը կարող է դաշինք կազմել այսօրվա ընդդիմության հետ եւ հայտարարել, որ միշտ համարել է Ռոբերտ Քոչարյանին «հայտնի ուժերի» կամ Նաիրի Հունանյանի ժառանգորդ: Իհարկե, դա կլինի միայն այն ժամանակ, երբ ընդդիմադիրներից որեւէ մեկը դառնա նախագահ կամ էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնա իշխանության: Իսկ առայժմ Արթուր Բաղդասարյանն իր «կուռ տրամաբանությամբ» շարունակելու է փութաջանորեն ծառայել Ռոբերտ Քոչարյանի հեղինակազրկման գործին, ինչպես 1996 թվականի խայտառակ ընտրությունների նախօրյակին լույս ընծայած իր գրքով նպաստեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակազրկմանը: Որովհետեւ քաղաքականության հաշվին ապրողները երկրի ղեկավարներին կարող են մատուցել միայն արջի ծառայություններ, իսկ երկրի ղեկավարները նման ծառայությունների բացասական հետեւանքները, ավաղ, գիտակցում են ոչ թե պաշտոնավարության օրոք, այլ պաշտոնը թողնելուց հետո: ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել