Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՅՍԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ

Դեկտեմբեր 14,2002 00:00

ԿՈՒՅՍԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ Երկուսուկես տարի է, ինչ Էջմիածնում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործում է կանանց միաբանություն, որի ստեղծման գաղափարը լուսահոգի Վազգեն Ա-ին էր պատկանում։ Սակայն այն իրականություն դարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջինի գահակալության օրոք։ Մի խումբ կանայք, ովքեր ինչ-ինչ պատճառներով գերադասեցին հեռու մնալ աշխարհիկ կյանքից, հիմնեցին միաբանությունը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն էլ բոլոր միանձնուհիներին հավաքեց Էջմիածնում։ Հոգեւոր զրույցից հետո որոշվեց, որ միանձնուհիները պետք է փորձաշրջան անցնեն Հաղպատավանքում։ Շուրջ 5 ամիս աշխարհիկ ամեն բան մերժող այդ կանայք ապրեցին այնտեղ եւ Սուրբ Հռիփսիմե վերադարձավ նրանցից 5-ը։ Այժմ Հաղպատի վանքի վանատանը ապրում են միայն 3 քույրեր, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ պարտականություն է կատարում։ Օրինակ, քույր Վերժինեն եկեղեցում մոմեր է վաճառում, քույր Տաթեւիկն ու Եղիսաբեթը շաբաթը մեկ, միմյանց փոխարինելով հերթապահում են եկեղեցում։ Երեկոյան ժամերգության ժամանակ ես հանդիպեցի նաեւ քույր Վերժինեին, որը մոմեր էր վաճառում Սուրբ Հռիփսիմեում։ Նա համոզված է, որ եկեղեցում Աստծո հետ կապը անմիջական է, ինչի շնորհիվ սկսել է շատ բան տեսնել ու հասկանալ։ «Աստվածաշնչում ասվում է՝ խնդրեցեք եւ ամեն ինչ կտրվի։ Կարեւորը համբերությունն է, հնազանդությունն ու խոնարհությունը։ Փորձությունների ժամանակ պետք է ապավինենք Աստծուն, ում հաճախ մոռանում են, այն դեպքում, երբ Տերը միշտ մեզ հետ է»,- ասաց նա։ Միաբանությունը շրջապատված է գեղեցիկ այգով, որի խնամքով զբաղվում են միանձնուհիները։ Վանատան հերթապահը նաեւ կերակուր է պատրաստում այնտեղ «բնակվողների» համար։ Միանձնուհիներն օրվա մեծ մասն անց են կացնում Աստծո հետ հաղորդակցվելով՝ այսինքն, աղոթքներով։ Սուրբ Հռիփսիմեում նրանք մասնակցում են ժամերգություններին ու մյուս ծեսերին՝ կատարելով շարականներ եւ սաղմոսներ։ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը առաջիկայում մտադիր է նաեւ ծերանոց ու մանկատուն բացել եւ միանձնուհիները, բացի առ Աստված ուղղած իրենց ամենօրյա աղոթքներից, կխնամեն ծերերին ու երեխաներին։ Իմ այցելության օրը վանատան հերթապահը քույր Տաթեւիկն էր։ Աստծո տաճարում նա իրեն ավելի մոտ է զգում Աստծուն եւ գտնում է, որ կրոնական ծեսերը բարերար ներգործություն ունեն իր վրա։ Քույր Տաթեւիկը համոզված է, որ ինքը եկեղեցում Աստծո կամոք է գտնվում, դրա համար էլ որոշել է մինչեւ վերջ մնալ այդտեղ ու վերադարձ դեպի աշխարհիկ կյանք՝ չփնտրել։ «Եթե ինչ-որ մեկը նպատակ է դրել ծառայել միայն Աստծուն, ուրեմն պետք է մեզ մոտ գա,- ասում է քույր Տաթեւիկը,- հոգեւոր կյանքին հատուկ է հանգիստ վիճակը։ Անչափ կարեւորում եմ սրտի՝ ներքին ձայնին լսելը։ Հարկավոր է նաեւ քիչ խոսել ու սեփական վարքով բարություն քարոզել։ Իմ կարծիքով, լռությունը եւս հատուկ շնորհ է եւ շատ կարեւոր է, երբ մարդ սովորում է լռել»։ Ազատ ժամանակ քույրերը զբաղվում են ասեղնագործությամբ, կարդում են, հոգեւոր երաժշտություն ունկնդրում։ Սակայն վերջին շրջանում նրանք դեմ չեն նաեւ հեռուստացույց դիտելուն, որովհետեւ ցանկանում են տեղյակ լինել աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ Հավանաբար միանձնուհիները մոռացել են, թե ինչ ասել է այսօրվա հեռուստատեսություն՝ իր չարաղետ հետեւանքներով (էրոտիկ, հաճախ նաեւ պոռնոգրաֆիկ, սադո-մազոխիստական տեսարաններով ֆիլմեր, իրենց «հրաշալիքները» ցուցադրող կիսամերկ երգիչ-երգչուհիների համերգներ, սթրիպթիզ ակումբների գովազդ եւ այլն)։ Մի՞թե սրա մասին են երազում նրանք։ Եթե միանձնուհիներն այդպես են ուզում լցնել իրենց պարապը, ուրեմն չի արդարացվում նրանց՝ միաբանությունում գտնվելը, քանի որ միանձնանալու խորհուրդը նախեւառաջ աշխարհիկից հեռու մնալ է նշանակում։ Հակառակ դեպքում, հեռուստադիտող միանձնուհին պետք է բազմապատկի իր ջերմեռանդությունը՝ մեղքերին Աստծուց թողություն խնդրելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել