Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիր հանուն ինչի՞

Դեկտեմբեր 14,2002 00:00

Ծրագիր հանուն ինչի՞ Օրեր առաջ սենսացիոն հայտարարությունների սիրահար Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը արեց իր հերթական հայտարարությունն այն մասին, որ գալիք տարվա գարնանը Հայաստանի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորաբանակների առանձին միավորներ «Ծրագիր հանուն խաղաղության» նշանաբանով զորավարժություններ պետք է անցկացնեն եւ հատուկ նշեց, որ այդ զորավարժություներին մասնակցելու են նաեւ թուրքական բանակից առանձին ջոկատներ եւ որ դրա մեջ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում։ Ընդհակառակը, ընդգծեց նա, ինքը շատ ուրախ կլինի, որ թուրքական բանակի զինվորները պետք է դոփեն մեր տարածքի որեւէ հատվածում… Տողերիս հեղինակը նույնպես դրանում ոչ մի վատ բան չէր տեսնի, եթե… Եթե Թուրքիան ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները պարտադրեին Թուրքիային վերացնել շրջափակում կոչվածը, վերադարձնեին մեզնից խլված մեր բուն տարածքները, բարիդրացիական հարաբերություններ հաստատեին մեզ հետ ու հենց իրենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջ հարց բարձրացնեին՝ այդ «Ծրագիր հանուն խաղաղության» զորավարժությունները անցկացնել իրենց տարածքում, որը նաեւ մեր տարածքն է ու այնտեղ այդ զորավարժությանը մասնակցեին մեր բանակի զինվորները՝ մեր օրհներգով, զինանշանով ու դրոշով… այն ժամանակ կասեի. կեցցե՛ս, պարոն նախարար։ Այլապես մնում է հիշեցնել պարոն նախարարին հիշողության դաշտի օրենքը. ով չունի հիշողություն՝ չունի ապագա։ Պատմությունից դասեր քաղել է պետք։ Չպետք է մոռանալ թուրքական, դեռ ոչ ոքի կողմից չգերազանցված դիվանագիտության մասին։ Տեղին է այստեղ պարոն նախարարին հիշեցնել դեռ անցյալ դարասկզբին դաշնակցական կուսակցության միամիտ համագործակցությունը երիտթուրքերի հետ, որից հետո զինաթափվեցին մեր լեռներում ծվարած շատ ֆիդայիներ ու սկսվեց մինչ այդ իր նախադեպը չունեցող Հայոց ցեղասպանությունը։ Ուզում եմ հիշեցնել եւս մեկ՝ «բաժանիր, որ տիրես» կանոնի մասին, որը արդեն 15 եւ ավելի տարիներ գործողության մեջ է դրվել ՆԱՏՕ-ի կազմում եղած երկրների կողմից։ ԽՍՀՄ փլուզումը նրանց թիվ մեկ խնդիրն էր։ Այժմ սկսվել է ծրագրի երկրորդ փուլը. կայսրության բաժան-բաժան եղած հատվածներին «տեր» կանգնելու… ու կանգնում են. Վրաստանը նվաճված է, Ադրբեջանը՝ նույնպես։ Հայաստանը, որ դաշնակից է Ռուսաստանին, իրենից ինչ-որ վտանգ է ներկայացնում։ Այդ վտանգը չեզոքացնել է պետք։ Ծրագրի առաջին փուլը ավարտվեց «Հոկտեմբերի 27»-ով։ Մեջտեղից վերացան ռուսամետները։ Եթե իսկապես մենք պետք է ընդգրկվենք ՆԱՏՕ-ի կազմում ու ՆԱՏՕ-ի զորքերը մեր տարածքում (Թուրքիայի ջոկատի մասնակցությամբ զորավարժություններ պետք է անցկացնեն, համոզված եմ, ոչ մի տրամաբանող հայ համաձայն չի լինի։ Դեռ մինչ գարուն բավական ժամանակ կա այդ ծրագրի համար։ Առաջարկում եմ հանրապետությունում այդ հարցի վերաբերյալ բնակչության շրջանում անցկացնել հանրաքվե՝ այո կամ ոչ շեշտադրմամբ։ Թուրքերը, որ Հայաստան մտան, այն էլ նվաճող ՆԱՏՕ-ի զորակցությամբ, էլ դուրս եկողը չեն։ ՀԵՆՐԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել