Չե՞ն վստահում մասնավոր նոտարին Ռուսաստանի Դաշնության օրենսգրքերի եւ օրենքների համեմատ, ՀՀ օրենքներն ու օրենսգրքերը թերի են այն պատճառով, որ ոչ մի օրենսգրքի ու օրենքի նախագիծ համաժողովրդական քննարկման չի դրվում։ Մինչդեռ Ռուսաստանում օրենսգրքերի եւ օրենքների նախագծերը, Պետդումայի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, պարտադիր կարգով հրապարակվում են մամուլում եւ դրվում համաժողովրդական քննարկման, ղեկավարվելով ժողովրդական իմաստնությամբ՝ «մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ»։ Ինչպես հայտնի է, մեր բոլոր օրենսգրքերն ու բազմաթիվ օրենքներ, որոշ կամայական շեղումներով, ռեցեպցիայի (որդեգրման) են ենթարկվում ՌԴ օրենսգրքերից ու օրենքներից, որն ընդունելի է այն առումով, որ ունենք գրեթե պետական նույն համակարգը։ Սակայն հաճախ թույլ են տրվում կամայական շեղումներ, որով խաթարվում է օրենսդրական ակտերի բովանդակության տրամաբանական շարունակությունը։ Այսպես, ըստ ՌԴ «Նոտարիատի մասին օրենքի», որն ընդունվել է 1993 թվականին, պետական նոտարիատին զուգահեռ ստեղծվել են նոտարական մասնավոր գրասենյակներ։ Հարկ է նշել, որ մասնավոր նոտարիատի ինստիտուտը բխում է ժողովրդի շահերից, քանզի դրա շնորհիվ ապահովվում է առողջ մրցակցություն։ Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը գերադասում է դիմել մասնավոր նոտարներին, քանզի բացակայում է բյուրոկրատական քաշքշուկը, ժամերով հերթ կանգնելը, նոտարի կամ մեքենագրուհու մոտ մտնելու համար ժամեր կորցնելը։ Ստացվում է, որ երկրի գրեթե ամբողջ տնտեսությունը կարելի է վստահել մասնավորին, իսկ հասարակ գործարքի վավերացումը չի կարելի վստահել մասնավոր նոտարին։ ՀՀ «Նոտարիատի մասին» օրենքի նախագծի հայեցակարգը մշակելիս նոտարիատի վարչության պետ Մարիամ Գաբոյանը ուսանելի է համարել Գերմանիայի նոտարիատի փորձն այն առումով, որ նոտարն իրականացնում է կատարողական մակագրություն, իսկ նոտարիատի մասին նոր օրենքով նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների ցանկով չի նախատեսված կատարողական մակագրություն կատարելը, ապացույցների ապահովումը, անհրաժեշտության դեպքում վկաներ հարցաքննելը, փորձաքննություն նշանակելը, ինչպես դրանք նախատեսված էր նոտարիատի մասին նախկին օրենքով։ Նոտարական մակագրությունը վերացնելու պատճառով դատարանները հեղեղվել են նոտարական մակագրության ենթակա գործերով։ Փոխարենը մեր նոտարական գրասենյակները կատարում են այնպիսի գործողություններ, որոնք ոչ մի օրենքով նախատեսված չեն։ Տասնյակ տարիներ անց, վերջապես պարզվեց, որ ավտոմեքենան վարելու լիազորագիրը նոտարական կարգով վավերացնելը պարտադիր չէ։ Այնուհետեւ, ավտոմեքենայի առքուվաճառքի, նվիրատվության դեպքում նոտարները պահանջում են մյուս ամուսնու համաձայնությունը։ Մինչդեռ օրենսդիրը նման պահանջ չի սահմանել եւ դա միանգամայն հասկանալի է հետեւյալ նկատառումներով։ Զագսում գրանցված մյուս ամուսնու համաձայնությունը պահանջվում է միայն անշարժ գույքի օտարման (առքուվաճառք, նվիրատվություն) դեպքում եւ ոչ թե շարժական գույքի, քանզի շարժական գույքի առքուվաճառքի, նվիրատվության դեպքում մյուս ամուսնու համաձայնությունը օրենքով պրեզումցավորված է, այսինքն՝ նրա համաձայնությունը ենթադրվում է։ Եվս մի կարեւոր հանգամանք։ Նոտարիատի մասին օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, նոտարի պաշտոնում կարող է նշանակվել յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ հանձնել է որակավորման քննություն։ Սակայն, որքան էլ զարմանալի է, նոտարիատի վարչությունը սահմանել է, որ որակավորման քննություններին մասնակցելու են ոչ թե ցանկացած բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, այլ միայն գործող նոտարները («Օրենք եւ իրականություն», N17, 2002թ.)։ Մինչդեռ նման պահանջ ներկայացնելը հակասահմանադրական է, քանզի ամբողջ աշխարհում սահմանված է կադրերի ընտրության հետեւյալ կարգը՝ եթե որեւէ պաշտոն զբաղեցնելու համար հավակնում են մի քանի մարդ, ապա նշանակումը կատարվում է նրանց միջեւ՝ մրցութային կարգով։ Ի դեպ, ԱՄՆ-ում նույնիսկ պրեզիդենտի թեկնածությունը իրականացվում է ինքնաառաջադրման կարգով։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան