ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ՍԱՅԹՈՒՄ Կոռուպցիայի դեմ պայքարի յուրօրինակ ձեւ է մշակել Հրանտ Ալոյանը։ Ինտերնետային սայթում տեղադրելով հիմնականում ԶԼՄ-ների հրապարակած կոռուպցիոն երեւույթների մասին նյութերը, նա հնարավորություն է ընձեռում հասարակությանը ծանոթանալ իր ներսում ընթացող պայքարի դրսեւորումներին։ – Ինչպե՞ս առաջացավ մտահղացումը։ – Եվրասիայի ֆոնդը հայտարարել էր մրցույթ՝ «Մարդու իրավունքների եւ անհատների մասնակցությունը պետական կառավարման գործընթացին» թեմայով, ուր իմ ներկայացրած հայտը մերժվեց։ Այնուհետեւ դիմեցի ԱՄՆ Կուլտուրայի դեպարտամենտ եւ այդ կազմակերպությունից այս գործի համար ստացա 300 դոլար։ Քանի որ նրանց սերվերը այդ ժամանակ տեղափոխվում էր, համաձայնություն եղավ «Գոլոս Արմենիի» թերթի հետ եւ իմ սայթը տեղադրվեց նրանց սերվերում։ 2,5-3 ամիս է, ինչ գործում է սայթը եւ որը ես կարեւորում եմ ընտրությունների շեմին։ Այն ինֆորմացիա է տրամադրում նախարարությունների, վարչությունների, կուսակցությունների եւ այդ կառույցները ղեկավարող մարդկանց մասին։ Այն պարունակում է համակարգված, ինչպես դրական, այնպես էլ բացասական տեղեկություններ։ Ուզում եմ հատուկ նշել, որ սայթին կարող են նյութեր տրամադրել այն քաղաքացիները, որոնք պատրաստ են ստորագրել դրանց տակ եւ թողնել հասցեն ու անձնագրի տվյալները։ – Ավելի հաճախ ո՞ր լրատվամիջոցների նյութերն եք տեղադրում սայթում։ – Հիմնականում վերցվում են նյութեր «Առավոտ», «Գոլոս Արմենիի» եւ «Ազգ» թերթերից։ «Առավոտն» ամենաշատն է անդրադառնում այդ թեմային։ Անկախ լրատվամիջոցի ուղղվածությունից, եթե այն հրապարակում է որեւէ դեպք կոռուպցիային առնչվող եւ պատրաստ է պատասխան տալ իր նյութի համար, մենք այն վերցնում ենք։ Իշխանամետ լրատվամիջոցները հիմնականում չեն օգտվում մեր սայթից, պատճառաբանելով իրենց ունեցածը, սակայն, բնական է, որ նրանք չունեն կամ չեն ուզում ունենալ ոչ ձեռնտու տեղեկություններ։ – Ինչպիսի՞ շփումներ եք ունեցել իրավական կազմակերպությունների հետ։ – Որեւէ իրավական կազմակերպության հետ որեւէ շփում չի եղել։ Միայն մեկ անգամ կառավարությունը ստացել էր մոտ 300 հազար դոլարի չափ գումար՝ կոռուպցիայի դեմ ռազմավարություն մշակելու համար։ Այդ ամբողջ գումարը ծախսվեց եւ՝ 0-ական արդյունք։ Այդ առիթով կառավարությանը կից կոռուպցիայի հարցերով զբաղվող կազմակերպությունը հրավիրել էր կլոր սեղան եւ այնտեղ մեր ղեկավարներից մեկը դժգոհեց, որ ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ հասարակությունը չեն մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն մշակելուն։ Արդարադատության նախարարությունից էլ դժգոհեցին, թե սայթը կարող է զրպարտությունների կրող հանդիսանալ։ Այսքանը։ Սակայն իրենք էլ նշեցին, որ մեզ մոտ կոռուպցիան ամենուր է։ – Մարզերի մասին ինֆորմացիա ունե՞ք սայթում։ – Ոչ, քանզի դա ե՛ւ բավականաչափ ծավալուն աշխատանք է ենթադրում, ե՛ւ ֆինանսական միջոցներ։ Աշխատում եմ մենակ եւ, ցավոք, շատ բան չեմ հասցնում։ Օրինակ, սայթն այժմ ունի միայն ռուսերեն տարբերակ, այնինչ հայերենի եւ անգլերենի պահանջը կա եւ այն լրացնելու համար անհրաժեշտ է հսկայական թարգմանչական աշխատանք։ Միջոցներ են հարկավոր սայթը առանձնացնելու եւ նրա մասին հանրությանը տեղեկացնելու համար։ Մի ամբողջ ցանկ կա այն հասարակական կազմակերպությունների, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ։ Սակայն նրանք էլ միջոցներ չունեն եւ որքանով են կարողանում այդ պայքարը դարձնել արդյունավետ՝ հստակ չէ։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆԸ