ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՂԵՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ «Խարբերդցիները ծնվում-մեծանում են՝ մանկապարտեզ-դպրոց չունեն, հիվանդանում են՝ բուժկետ չունեն, առաջին օգնություն կանչելու համար հեռախոսագիծ չունեն, մեռնում են՝ թաղման տեղ չունեն, իսկ դուք ընտրական իրավունքից եք խոսում»,- դժգոհեցին Խարբերդի այգեգործական միության ներկայացուցիչները երեկ կազմակերպված հանդիպման ժամանակ։ Ընտրություններից առաջ Խարբերդի տեղը հիշել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակը։ «Չքավորներին պաշտպանություն եւ աջակցություն» ՀԿ-ի հետ միացած՝ նրանք ձգտում են Խարբերդի այգեգործական ընկերություններից ստեղծել բնակավայրի կարգավիճակ ունեցող համայնք։ Երեկ այս նպատակով հանդիպում էր կազմակերպված, որին բարեխղճորեն մասնակցում էին խնդրին առնչվող գրեթե բոլոր գերատեսչություններից ու իշխանական օղակներից։ Հընթացս պարզվեց, որ նախաձեռնող խմբի ներկայացրած տեղեկություններում աղավաղվել են որոշ փաստեր, որ տեղեկաթերթիկն ավելի շատ պարունակում է զգացական զեղումներ, քան՝ կոնկրետ խնդիրներ։ Եվ՝ ամենակարեւորը. լսելով մասնակից խարբերդցիների բողոքը եւ դրանց ի պատասխան՝ պաշտոնյաների մեկնաբանությունները, վստահ կարելի է ասել, որ բոլոր սոցիալական խնդիրները տարածքում լուծված կլինեին, եթե տեղացիները իրազեկ լինեին իրենց իրավունքներին։ Մանրամասնենք. խարբերդցիներն անձնագիր չեն ստանում, քանզի տեղյակ չեն, որ դրա համար պետք է ընդամենը այգեգործական միության նախագահի տեղեկանքն՝ իրենց բնակության վայրի մասին։ Անձնագիր ունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հարցն էլ ինքնըստինքյան լուծվում է։ Խարբերդցիները չեն կարողանում սեփականաշնորհել իրենց ունեցվածքը, վախենալով մեծ ծախսերից, որովհետեւ չգիտեն, որ Անշարժ գույքի ու կադաստրի վարչությունը պայքարում է իր աշխատակիցների «ավել փող ուզող» տեսակի դեմ։ Խարբերդցիները նաեւ չգիտեն, որ Շենգավիթի թաղապետարանը (ում տարածքում են) սիրահոժար կազմակերպում է թաղումներ բոլոր կարիքավորների համար, իսկ եկող տարի նպատակ ունի բացել մանկապարտեզ։ Ի դեպ, բոլոր այս հնարավորությունները տարիներ առաջ օրինական ճանապարհով հողամաս ստացածների համար է։ Իսկ նրանք, ովքեր ապօրինի առքուվաճառքի ճանապարհով առանց փաստաթղթի հողատեր են դարձել, պահանջատիրական նկրտումներ չպետք է դրսեւորեն։ Իսկ այդպիսիք շատ-շատ են։ Այգեգործական միության նախագահ Արշավիր Մինասյանի խոսքով, «նույնիսկ իրավաբաններ ու պաշտոնյաներ են փող տվել, տուն առել, առանց որեւէ փաստաթղթի»։ Սոցիալական այլ խնդիրներ՝ ջուր, աղբ, չքավորություն, առանձնահատուկ չի կարող համարվել, այդ խնդիրները բնորոշ են բոլոր գյուղական (եւ ոչ միայն) բնակավայրերին։ Միության նախագահի կարծիքով, Խարբերդը եղել եւ մնում է հիմնականում սեզոնային բնակավայր. «Օրինակ, հիմա 1000 ընտանիքից ավելին չեն եւ դրանց 60%-ն էլ ապօրինի ճանապարհով տեղավորվածներն են»։ Ինչ վերաբերում է «այգեգործական» կարգավիճակից համայնքի կարգավիճակին անցնելուն, ապա դրա համար դեռ ճանապարհ կա, որն ավարտվում է կառավարությունում։ Մինչ այդ դեռ պետք է բոլոր ապօրինի սեփականատերերը դառնան օրինական, ինչին Կադաստրի վարչությունում դեմ չեն. «Եկեք, նախագիծ կկազմենք, չափումներ կանենք, փաստաթուղթ կտանք՝ էժան, արագ, որակով»,- վստահեցրեց վարչության պետի տեղակալ Աշոտ Մուսայանը։ Ինչ վերաբերում է փողոցներում «փթթող» աղբակույտերին, ապա այդ խնդրի լուծման սահմանումը տրված է այգեգործների միության կանոնադրության մեջ. «Յուրաքանչյուր այգեգործ պարտավոր է իր հողամասում ունենալ հատուկ փորված փոս, ուր պետք է կուտակեն աղբը, վրան լցնեն մրջնաթթու եւ հետագայում օգտագործեն որպես պարարտանյութ»։ Խարբերդում ջրի խողովակները մաշված են ու փողոցներն ասֆալտապատված չեն, քանի որ Խարբերդի հիմնական բնակիչների 95%-ը կամ զոհված ազատամարտիկի ընտանիք է, կամ՝ գործազուրկ, կամ՝ թոշակառու։ Մի խոսքով՝ չքավոր խավ՝ չքավորի հոգսերով, սա է Խարբերդի խնդիրների խնդիրը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ