«Նոյյան Տապանը»՝ իշխանությունների զոհ Հարցազրույց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ – «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները, որոնք միասին պայքարում էին վերաբացվելու համար, վերջերս լուրջ ընդհարումներ ունեցան: Մրցույթը, որին պիտի մասնակցեր «Ա1+»-ը, ըստ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի, հետաձգվեց «Նոյյան Տապանի» պատճառով: «Նոյյան Տապանի» կողմից դիտավորություն տեսնո՞ւմ եք: – Կարծում եմ, «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի միջեւ սուր, շոշափելի եւ ամենակարեւորը՝ քննարկման ենթակա հակասություններ չկան, որովհետեւ երկուսն էլ մեկ՝ եթեր դուրս գալու խնդիր են լուծում: Այդ համատեքստում պետք է դիտարկել խնդիրը. երկուսին էլ եթերից զրկել են իշխանությունները, երկուսին էլ զրկել են անօրինական ճանապարհով: Վեճ, որպես այդպիսին, իրենց միջեւ գոյություն չունի: Գոյություն ունի իշխանությունների կողմից հրահրված պրովոկացիա: Նրանք պրովոկացիայի ենթարկեցին «Նոյյան Տապանին», եւ վերջինս դարձավ այդ պրովոկացիայի զոհը: Ես զրուցել եմ «ՆՏ»-ի տնօրենի հետ, նրան թվում էր, թե ինքը դատական գործընթացներով պիտի հաղթի: Եվ նա հաղթեց, բոլորս էլ գիտեինք, որ նա կհաղթի: Բոլոր դեպքերում, այս իրավիճակում քննարկել այդ հեռուստաընկերությունների հակասություններն ու միմյանց մեղադրանքներ ներկայացնելը, ինձ թվում է՝ վաղ է: Ավելի շատ կարելի է խոսել «Նոյյան Տապանի» անհեռատեսության մասին: Նրանք մեկ տարի պայքարի մեծ ճանապարհ էին անցել, եւ անհրաժեշտ էր մտածել, թե ինչ է լինելու դատարան դիմելուց հետո: Բնականաբար, լավագույնն այն կլիներ, որ երկուսն էլ նորից հեռարձակվեին, իսկ վատագույնը, որ գոնե նրանցից մեկը լիներ եթերում: Իսկ այս դեպքում նրանցից որեւէ մեկը եթերում չէ: «Նոյյան Տապանը» կարող է դատական բարոյական հաղթանակ ձեռք բերել, բայց դրանից Հայաստանի եթերը չի շահի: – Արդյոք լուրջ մեղադրանք չէ՞ «Ա1+»-ի նախագահի հայտարարությունը, թե Տիգրան Հարությունյանն իրականացնում է իշխանությունների պատվերը: – Դա Մեսրոպ Մովսեսյանի կարծիքն է, եւ ես չգիտեմ, թե ինչով են հիմնավորված դրանք: Գուցե նման տեսակետ հայտնելու համար, այսպես ասած, հող կա, բայց ինքս ապացույցներ չունեմ: Պրովոկացիայի զոհ դառնալը նույնպես դա է նշանակում, ինչի մասին ես արդեն ասացի: Կարող էր «ՆՏ»-ն դատը հաղթել եւ վճիռն ընթերցելուց 5 րոպե առաջ հանել իր հայցը՝ ցույց տալով, որ իր համար ավելի էական են ոչ թե դատական քաշքշուկներն ու հայտ ներկայացնելը, այլ սկզբունքը, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը» իրենց չգրանցելով՝ անօրինական քայլ է կատարել: Այդ ժամանակ արդեն բոլորովին այլ իրավիճակ կլիներ. հանձնաժողովն արդեն ստիպված կլիներ անցկացնել մրցույթ, որին կմասնակցեր «Ա1+»-ը, իսկ «Նոյյան Տապանը» կմնար իր բարձրության վրա: – Դուք ինքներդ էլ կարծես ձեռնպահ չմնացիք «Նոյյան Տապանին» մեղադրանքներ հասցեագրելուց՝ հայտարարելով, որ նրանք ենթարկվել են իշխանությունների կողմից սադրանքների: Որքանո՞վ եք հավանական համարում, որ իսկապես նրանք գործում են իշխանությունների թելադրած խաղի կանոններին համապատասխան: – Այսօրվա իրականությունն այնքան խայտաբղետ է, որ մեզ մոտ չկան գույների հստակ զատումներ: Երբեք չեմ զարմանա, որ վաղն ինձ ներկայացնեն ապացույցներ այն մասին, որ «Նոյյան Տապանը» խաղում էր իշխանությունների խաղը: – Ձեր հիմնադրամը ստեղծվեց այս հեռուստաընկերությունների փակումից հետո: Ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում կոնկրետ այս հակասությունների պարզաբանման համար: – Մեր հիմնադրամի անդամներից շատերը առանձին-առանձին զրուցել են երկու կողմերի հետ, բայց խաղը ղեկավարվում է իշխանությունների կողմից, եւ որեւէ մեկն ի վիճակի չէ այսօր, իմ կարծիքով, լուրջ փոփոխություններ մտցնել այդ խաղի կանոնների մեջ: Խաղի կանոնները թելադրում են իշխանությունները, իսկ «Ա1+»-ն ու «Նոյյան Տապանը» խաղում են այդ կանոններով, որքան էլ ցավալի է: – Նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր իրավապաշտպան կազմակերպությունների հետ եւ հայտարարել էր, որ Հայաստանում խոսքի ազատության բնագավառում ակնհայտ ձեռքբերումներ կան: Կարելի է ասել, որ հակառակի մասին պնդում են ընդամենը մի քանի իրավապաշտպաններ: Գուցե իսկապե՞ս ձեռքբերումներ կան: – Ընդհանրապես նորաստեղծ պետությունները, երբ որդեգրում են ժողովրդավարական, եվրոպական արժեքներ, ոմանց մոտ արագ, ոմանց մոտ դանդաղ կատարվում են դրական փոփոխություններ: 90-ական թվականներից սկսած մեզ մոտ նույնպես հաջողություններ արձանագրվել են: Բայց 2002թ.՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» դեպքերը մեզ մի քանի տարի ետ շպրտեցին: Այսօր խոսքի ազատության կամ մարդու իրավունքների բնագավառում խոսել արձանագրված որեւէ հաջողության մասին՝ սխալ է: Դա կեղծիք է ընդամենը, որովհետեւ մենք այսօր շատ ավելի հետ ենք, քան 1991-92թթ.: Մենք այսօր ունենք փակված լրատվամիջոցներ, որոնք չեն կարողանում նույնիսկ մրցույթների մասնակցել իշխանությունների առաջադրած խաղի կանոններով: Ունենք լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները ենթարկվում են ինքնագրաքննության: Դա ոչ թե լրագրողից է, այլ իշխանություններից, ընդհանուր մթնոլորտից: Լրագրողը մտածում է՝ գրի՞ այս կամ այն բառը, թե՞ ոչ: Կարող է գան խմբագրությունը վառեն, ծեծեն: Մեր հասարակությունը շատ ավելի անպաշտպան է այսօր: Ոչ ոք չի կարող երաշխիք ունենալ, որ երեկոյան ձերբակալված չի լինի… – Այսինքն, Դուք հակադրվում եք Ռոբերտ Քոչարյանի կարծիքին: – Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանին հակադրվելն այնքան մեծ հերոսություն է, որ ասեմ՝ այո: Ես ասում եմ իմ կարծիքը, եւ եթե իմ կարծիքը չի համապատասխանում Ռոբերտ Քոչարյանի կարծիքին, ես վստահեցնում եմ, որ ես եմ ճիշտ եւ ոչ թե ինքը: Զրուցեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ