«ՉԵՉԵՆՆԵՐԻ» ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ Խիստ հրապուրիչ, բայց միաժամանակ սենսացիոն խայծ էր «Չեչենները Երեւանո՞ւմ» լրատվությունը, որը օրերս սպրդեց հայրենական մամուլում։ Այն այսպիսին էր. «Մենք վաղուց արդեն ընտելացել ենք հայրենյաց իրականության մեջ կատարվող ցանկացած տարօրինակության հետ, բայց որ Երեւանում հայտնվեն չեչեն գրոհայիններ ու օրը ցերեկով սկսեն վտարել տներից երեւանցիներին, սա արդեն, իրոք, արտառոց երեւույթ է։ Նման ճակատագրի է արժանացել Արթուր Մարդոյանի ընտանիքը, որը մինչեւ վերջերս բնակվում էր Մոսկովյան 8, բն. 48 հասցեում, սակայն բանսարկության զոհի վերածվելով՝ ըստ էության վտարվել է սեփական բնակարանից»։ Մեզ ավելի արտառոց թվաց հրապարակման հետեւյալ հատվածը. «Սակայն չեչենները մինչեւ օրս շարունակում են բնակվել Մոսկովյան փողոցում։ Ըստ որոշ տեղեկությունների, ինչ-որ մեկը հովանավորում է նրանց։ Հետաքրքիր է՝ ո՞վ եւ արդյոք այս մասին տեղյա՞կ է ՀՀ ղեկավարությունը»։ Հետքերը ո՞ւր են տանում Բնականաբար, մենք հայտնվում ենք… Մոսկովյան 8, բն. 48-ում։ Այնտեղ մենք հանդիպում ենք Լիլյա Գուրգենի Բաբաջանովային։ Ըստ ՀՀ Երեւանի Կենտրոնական շրջանի «Մոսկովյան 8» համատիրության 16.05.2002թ. թիվ 36 տեղեկանքի (այն ստորագրել է համատիրության նախագահ Լ. Շալջյանը)՝ «Լ. Բաբաջանովան 1989 թվականից բնակվում է Մոսկովյան 8 շենքի 48 բնակարանում առանց գրանցման՝ մինչեւ օրս»։ Նույն այդ համատիրության նախագահի մեկ այլ՝ թիվ 38 տեղեկանքի (16.05.2002թ.)՝ «Արթուր Մարդոյանի գրանցման մասին ես տեղյակ չեմ, իսկ բնակվում է նույն բնակարանում, թե ոչ, հայտնում եմ, որ մինչեւ օրս չի բնակվել Մոսկովյան 8 շենքի 48 բնակարանում մինչեւ օրս»։ Եթե նկատեցիք, տեղեկանքում 2 անգամ մի նախադասության մեջ նա օգտագործում է «չի բնակվում մինչեւ օրս» արտահայտությունը։ Այն, որ Մոսկովյան 8 շենքի վերոնշյալ տան բնակիչները Բաբաջանովան է իր մայրիկի հետ (Բաքվից 1989թ. մազապուրծ եղած, փախստական), հաստատվում է թվացյալ կենցաղային նշանակության փաստաթղթով, որը համենայնդեպս չունեն բնակարանի նորահայտ Մարդոյան-դեսանտայինները. «Նա իրոք բոլոր կոմունալ վճարումները կատարել է»։ Եվ նաեւ. «միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ բնակարանի բոլոր վերանորոգումները կատարել է Լիլյան իր մայրիկի հետ» (թիվ 39 տեղեկանք, 16.05.2002թ.)։ «Չեչենական հետք» փնտրելու փորձերն ապարդյուն անցան։ Մենք զրուցեցինք նաեւ շենքի բնակիչների հետ, որոնք իրենց, այսպես կոչված, հարեւանին (Արթուր Մարդոյանին) երբեք չեն ճանաչել, չեն տեսել, քանի որ 1989-ից, սումգայիթյան ողբերգությունից հետո նրանք տեսել են Լիլյա Բաբաջանովային։ «Բնակարանը համարվել է նկուղ, զուրկ գազիֆիկացումից, էլեկտրական հոսանքից։ Մեզնից մեծ ջանքեր եւ ֆինանսական ներդրումներ են պահանջվել այդ բոլորը վերականգնելու համար։ 1990թ., Միգրացիայի եւ փախստականների վարչության հաստատմամբ, գրանցվել եմ Մոսկովյան 8, բն. 48 հասցեում։ Նույն թվականին գոյությունս պահպանելու համար իմ անձնական ոսկյա զարդերը վաճառել եմ։ 5-6 ամիս անց ինձ սկսեցին հեռախոսազանգերով սպառնալ անծանոթ անձինք եւ պահանջել 2000 ԱՄՆ դոլար։ Հակառակ դեպքում ինձ սպառնում էին սպանել, ռումբ գցել իմ բնակարանը։ Մի անգամ վախենալով ես օգնության կանչեցի հարեւաններին, որոնք դիմեցին միլիցիայի բաժանմունք։ Երբ ինձ այցելեցին միլիցիայի բաժանմունքից, նրանց հետ էր Արթուր Մարդոյանը։ Նա ներկայացավ որպես 6-րդ բաժնի աշխատակից»,- պատմում է փախստական Բաբաջանովան։ «Բանսարկությունների զոհը» (ինչպես նշված է «Իրավունք» թերթի թիվ 95-ում)՝ Ա. Մարդոյանը իմանալով Լ. Բաբաջանովայի՝ ոսկու առեւտրով զբաղվելու մասին, «իբրեւ թե մտահոգվելով», առաջարկում է նրան նրա թանկարժեք իրերը պահել իր տանը։ Եվ քանի որ շահել էր Լ. Բաբաջանովայի վստահությունը՝ վերջինս նրան է վստահում ոչ միայն ոսկյա իրերը, այլ իր փաստաթղթերը։ Որպեսզի միամիտ լսողի տպավորություն չթողնեմ, ասեմ, որ փաստաթղթերը «6-րդ բաժնի աշխատակիցը» վերցրել էր, որպեսզի օգնի Բաբաջանովային ստանալ նոր անձնագիր։ «Համապատասխան գրանցումով»։ Ա. Մարդոյանը որպեսզի տիրանա բնակարանին, սկսում է թունդ սիրահարի դեր խաղալ, սակայն այդպես էլ չվերադարձնելով Լիլյայի փաստաթղթերը։ 10 տարի շարունակ ապրելով այդ բնակարանում, վճարելով բոլոր կոմունալ վարձերը, մի օր էլ բնակվարչությունից տեղեկացնում են, որ բնակարանը… պատկանում է Ա. Մարդոյանին։ Լավ, բայց ինչո՞ւ է նրանցից «չեչեններ» փորձում ստանալ մեկ այլ լրատվամիջոց։ Հավանաբար լսել՝ տեղը չեն բերել։ Հերթական ողբերգությունն այս ընտանիքի գլխով անցավ 1997-ին, երբ ՌԴ Նազրան քաղաքից նրանց առեւանգեցին չեչենները, փոխադրելով Չեչնիա՝ պահանջում էին 100 հազար ԱՄՆ դոլար։ «Աստծո օգնությամբ ես եւ մայրս մի կերպ փախանք Չեչնիայից։ Մեզ դիմավորեց Մոսկվայի գլխավոր բաժանմունքը՝ կազմակերպված հանցագործության գծով»,- պատմում է Լիլյան, որին լսելու համար նաեւ սառնասիրտ պիտի լինել։ Ընդհանրապես, «հովանավորների» մասին» Այս ընտանիքի եւ, առհասարակ, փախստականների համար կարող էին հովանավոր լինել ՀՀ կառավարության թիվ 588 որոշումը (մինչեւ 1992թ. հունվարի 1-ը Ադրբեջանից ՀՀ բռնագաղթվածների կողմից ապօրինի զբաղեցված բնակարանների հետագա տնօրինման մասին), ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի 404 որոշումը (1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց … հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին) եւ 255 որոշումը (փախստականների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման միջոցառումների մասին)։ Սակայն դրանք չեղան։ Չկատարվեց փաստորեն 588 որոշման հայտնի կետը. «Ձեռնպահ մնալ փախստականների կողմից ապօրինի զբաղեցված ժամանակավոր բնակության համար պիտանի շենքերն ու շինությունները, ինչպես նաեւ կիսանկուղային հարկերում բնակարաններն այլ նպատակներով օգտագործելուց»։ Կասկածի տակ է նաեւ որոշման մեկ այլ հանձնարարական եւս. «Մինչեւ 1992թ. հունվարի 1-ը ապօրինի զբաղեցրած բնակարաններից փախստականներին վտարելու վերաբերյալ դատարաններ եւ դատախազություն հայց ներկայացնել՝ միայն նրանց այլ ժամանակավոր կացարաններ հատկացնելուց հետո, իսկ շինարարական կոոպերատիվների փայատերեր հանդիսացող փախստականներին՝ շինարարությունը սկսված կոոպերատիվ շենքերի շահագործման հանձնելուց հետո»։ Այլ լրատվամիջոցի մոլորեցնելով, թե «ՀՀ բոլոր դատական ատյանները բավարարել են Մարդոյանների արդար պահանջը եւ որոշում են կայացրել վերադարձնել բնակարանը իսկական տիրոջը», առնվազն խայտառակություն է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ