Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՐԻՆՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Դեկտեմբեր 14,2002 00:00

ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՐԻՆՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ «Եթե իսկական քաղաքական գործիչներն ապրում են հանուն քաղաքականության, ապա նրանց հակոտնյաներն ապրում են քաղաքականության հաշվին»: ՄԱՔՍ ՎԵԲԵՐ Կիրառական քաղաքագիտության տեսանկյունից «Առավոտի» դեկտեմբերի 6-ի եւ 7-ի համարներում ծանոթացա «Օրինաց երկիր» կուսակցության գործիչներ Ստեփան Բարսեղյանի եւ Արթուր Բաղդասարյանի տարօրինակ զեղումներին, որոնք նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չեմ կարող գնահատել որպես պատասխան իմ կողմից խորհրդարանի ամբիոնից հնչեցրած եւ «Օրինաց երկիր» կուսակցության պարագլուխներին հասցեագրված քննադատական հարցադրումներին: Այո, այդ հարցադրումները սուր էին եւ զուգորդվում էին «Օրինաց երկիր» կուսակցության գործելակերպի աներեսպաշտ քաղաքական գնահատականով: Այո, այդ գնահատականը նույնքան խիստ էր, որքան արդար՝ հիմնված կոնկրետ փաստերի եւ օրինակների վրա: Այո, այսօր երկրում տիրող բարոյազուրկ մթնոլորտում մարդիկ ավելի հակված են անհանդուրժողականություն ցուցաբերելու փաստերով եւ անաչառ փաստարկներով հիմնավորված ճշմարիտ գնահատականների, քան մերկապարանոց մեղադրանքների նկատմամբ: Սակայն նույնիսկ այս ամենը նկատի ունենալով, երբեք չէի պատկերացնի, որ «օրինաց» երկրում քննադատությանը կարձագանքեն փողոցային հայհոյանքով, տարբեր տեսակի հերյուրանքներով, անձնական վիրավորանքներով եւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով: Երբեք չէի պատկերացնի, որ խորհրդարանում ներկայացված կուսակցության նախագահը կարող է չհասկանալ. արդեն մեկ անգամ խաբված դժբախտ ավանդատուներին կրկնակի խաբելու, անզուսպ դեմագոգիայով եւ քաղաքական շուլերությամբ զբաղվելու մեջ իր հասցեին հնչած եւ կոնկրետ փաստարկներով հիմնավորված մեղադրանքները հնարավոր է հերքել միայն փորձելով նմանատիպ լուրջ փաստարկներով ցույց տալ սեփական նախընտրական խոստումների իրատեսական բնույթն ու դրանց իրագործմանը հասնելու սեփական պատրաստակամությունը: Եթե Արթուր Բաղդասարյանը կարողանար ազնիվ քաղաքական բանավեճում հերքել հետխորհրդային հանրապետությունների փորձի վերլուծության վրա հիմնված եւ իմ կողմից խորհրդարանում հրապարակված կոնկրետ փաստարկները, եթե կարողանար ապացուցել սեփական օրենսդրական նախաձեռնության հիմնավորվածությունն ու բյուջեի միջոցներով ավանդների տասին՝ մեկ հարաբերակցությամբ վերադարձմանը հասնելու հետեւողականությունը, ապա ես «Օրինաց երկիր» կուսակցությունից ներողություն կխնդրեի՝ այդ կուսակցության պարագլուխներին «քաղաքական շուլերներ» անվանելու համար: Սակայն Արթուր Բաղդասարյանը ոչ միայն չկարողացավ հասարակությանը ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումներ, այլ իր հիստերիկ արձագանքով՝ «սրիկա, մռնչացող մոլագար, շիզոֆրենիկ», խորհրդարանում հնչեցրած հայհոյանքներով, նույնիսկ կասկածողներին ապացուցեց այս «օրինաց երկրի» քաղաքական դեմքերի գաղափարական եւ բարոյական լիակատար սնանկությունը:Կրկնում եմ, եթե «Օրինաց երկրի» առաջնորդներն ապացուցեին, որ իրենց շարունակական ճամարտակությունները՝ 10 ռուբլու դիմաց՝ 1 դոլար հարաբերակցությամբ ազգաբնակչության ավանդների վերադարձման մասին, ոչ թե միտված են հերթական անգամ խաբելու ժողովրդին, այլ գործնական հետեւանքներ կունենան, ապա ներողություն կխնդրեի այդ կուսակցությունից: Սակայն սխալվելու դեպքում սեփական սխալն ընդունելու իմ պատրաստակամության հակառակ կողմը ճշմարտացի քաղաքական գնահատականներով հանդես գալու իմ իրավունքի հետեւողական պնդումն է: Ուստի շարունակելու եմ մերկացնել ինչպես առանձին քաղաքական շուլերներին, այնպես էլ՝ այն կուսակցություններին, որոնք արդեն վաղուց իրենց «ռեյտինգի» բարձրացման միակ միջոցն են դիտում պոպուլիզմը, դեմագոգիան եւ անսքող խաբեությունը: Սա այն անհրաժեշտ «սանիտարական» գործունեությունն է, որը հանդիսանում է կիրառական քաղաքագիտության հիմնական ուղղություններից մեկը եւ չափազանց կարեւոր է անցումային շրջանին հատուկ ներքաղաքական պրոբլեմների լուծման տեսանկյունից: Ինչո՞ւ վարչապետը չհրապարակեց կուսակցապետի անունը Բոլոր ժամանակների քաղաքական շուլերները ժողովրդին հիմարացնելու ճանապարհին իրենց առաջխաղացումը գիտակցաբար կապել են սեփական խոսքի եւ սեփական գործի անհամատեղելիությունը քողարկելու հետ: Վերլուծաբանի պարտքն է այդ անհամատեղելիության բացահայտման միջոցով վնասազերծել քաղաքացիներին հերթական անգամ խաբելու փորձերը: Իհարկե, դրան հնարավոր է հասնել միայն հասարակական զգոնության պայմաններում: Օրինակ, երբ 90-ական թվականներին տողերիս հեղինակը քննադատում էր «Ջերմուկով» կամ ծիրանի հյութով անկախ Հայաստանը դրախտավայր դարձնելու ամպագոռգոռ խոստումների հեղինակներին, հասարակությունը ենթարկվելով վերակառուցողական էյֆորիայի տրամադրություններին, հակված չէր անսալու սթափ եւ իրատեսական մոտեցումներին՝ գտնվում էր սին հույսերի ազդեցության տակ: Այսօր իրավիճակն այլ է. ճաշակելով սին հույսերի եւ կործանված անուրջների դառը պտուղները, մարդիկ այլեւս այդքան դյուրահավատ չեն: Սակայն այդ հանգամանքն ամենեւին էլ չի թուլացրել քաղաքական շուլերությամբ կարիերա հարթող գործիչների եւ կուսակցությունների կողմից ցուցաբերվող ակտիվությունը: Ընդհակառակը, եթե 90-ական թվականներին հասարակությունն ինքն էր դրսեւորում խաբվելու, պատրանքներին անձնատուր լինելու ձգտում, ապա այսօր քաղաքական ասպարեզում հայտնվել են ուժեր, որոնք պատրաստ են դիմելու ցանկացած միջոցների՝ զրպարտությունների, շանտաժի, բռնության եւ նույնիսկ սպանությունների, սեփական խաբեբայական քաղաքական վարքագիծը քողարկելու նպատակով: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր մարդ, ով համարձակվում է բացահայտել նման վարքագծի իրական բովանդակությունը, դատապարտված է այդ ուժերի ճնշումներին դիմակայելու ճակատագրին: Ընթերցողը կհիշի, ինչպես սրանից ամիսներ առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նյարդայնանալով բաշխիչ ցանցերի համակարգում տեղ գտած էլեկտրաէներգիայի գերկորուստների կապակցությամբ խորհրդարանում իրեն հասցեագրված մեղադրանքներից, խոստացավ շուտով բացահայտել այն հայտնի կուսակցապետի անունը, ում հովանավորության շնորհիվ բաշխիչ ցանցերի համակարգում շարունակում են իրենց քայքայիչ գործունեությունը «գերկորուստների» կազմակերպիչները: Թեեւ խորհրդարանում բոլորը հասկացան, թե ո՞ր կուսակցապետին նկատի ունի Անդրանիկ Մարգարյանը, վերջինս հետագայում ընկրկեց եւ այդպես էլ հրապարակայնորեն չգաղտնազերծեց «լույսի մարդկանց» քաղաքական տանիքը հանդիսացող կուսակցապետի անունը: Չնայած բազմաթիվ, այդ թվում՝ իմ կողմից, առաջ քաշված պահանջներին, վարչապետը փաստորեն դրժեց խորհրդարանին տված իր խոստումը: Վախեցա՞վ, թե՞ չցանկացավ հայտնվել միջոցների մեջ խտրություն չդնող կուսակցապետի ագրեսիվ հակազդեցության թիրախի դերում, կամ գուցե ուներ հասարակական կարծիքին հակադրվելու գնով նրան հրապարակային բացահայտումներից փրկելու ավելի՞ ծանրակշիռ պատճառներ: Փաստը մնում է փաստ. վարչապետը հրաժարվեց բաշխիչ ցանցերի համակարգում հրեշավոր ծավալների հասած գողության քաղաքական տանիքի բացահայտումից: Իսկ հայտնի կուսակցապետը դադարեցրեց բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման դեմ ուղղված իր ցուցադրական ամպագոռգոռ ելույթները: Այն փաստը, որ այդ ելույթներն իրականում բաշխիչ ցանցերի համակարգում կոռումպացված տարրերի դիրքերի ամրապնդման խնդիր էին լուծում, ապացուցվում է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման թեմայով կուսակցապետի կողմից առ այսօր պահպանվող խորհրդավոր լռությամբ: Եվ այդ լռությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցապետի կողմից հովանավորվող քրեական տարրերը կպահպանեն էներգետիկ համակարգում իրենց «յուղոտ» տեղերը: Այսպիսի «դիալեկտիկական» փոխկապակցվածության մեջ են մեր «օրինաց» երկրում բաշխիչ ցանցերի ապագայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները: Արտասահմանցիներն այդ «դիալեկտիկական» կապի իմաստը հաստատ չեն հասկանա, եւ այդ իսկ պատճառով արտասահմանում «Օրինաց երկիր», «Արժանապատիվ ապագա» եւ այլ նմանատիպ ամպագոռգոռ անվանումներով կուսակցություններ չկան: Ինչպես են «խոստումնակաշառքի» մասնագետները խաբում անմեղսունակներին Այն, որ եւ՛ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցում, եւ՛ խնայողությունների վերադարձման հարցում «Օրինաց երկիր» կուսակցության պարագլուխները հետապնդում էին ինչպես պոպուլիստական-շուլերական, այնպես էլ չհրապարակված այլ նպատակներ, ապացուցում է կիրակի օրը «Խորհրդարանական ժամ» ծրագրում Արթուր Բաղդասարյանի ելույթը: Խոսելով «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ներկայացված բյուջետային առաջարկությունների մասին, թվարկելով բնագավառները, որոնց այդ առաջարկությունները վերաբերում են, «Օրինաց երկրի» պարագլուխը ոչ մի խոսք չասաց այն մասին, որ բյուջեում գեթ մեկ լումա չի նախատեսվում խնայողությունների վերադարձման համար: Եվ դա այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի շաբաթ առաջ սույն պարոնը Արմեն Խաչատրյանի վսեմաշուք թամադայությամբ կազմակերպել էր հատուկ այդ հարցին նվիրված խորհրդարանական լսումներ, երբ ընդամենը մի քանի շաբաթ առաջ այս սքանչելի դուետը հեռուստատեսության բոլոր ալիքներով հայտարարում էր, որ խնայողությունների 10 ռուբլու դիմաց 1 դոլար հարաբերակցությամբ փոխհատուցման համար 2003 թվականի բյուջեում պարտադիր պետք է նախատեսել 1 միլիոն դոլարի չափով ծախսեր: Կարծես, մեր «օրինաց» երկրում արդեն հաջողվել է «Արմենիկումի» միջոցով մարդու կյանքի տեւողությունը ավելացնել մինչեւ 1070 տարի, եւ այդ հարաբերակցությամբ վճարման ենթակա 1 միլիարդ 70 միլիոն դոլար կազմող գումարի վերադարձման համար բավարար է տարեկան կատարել ընդամենը 1 միլիոն դոլարի չափով ծախսեր: «Օրինաց» շուլերներին սազական այս «օրենսդրական նախաձեռնությունը» խորհրդարանական լսումների հիմնահարց դարձնելու համար, հիրավի պետք է լինել մեր Ազգային ժողովի խոսնակի նման քաղաքական առումով անմեղսունակ: Միայն Արմեն Խաչատրյանի նման անմեղսունակ քաղաքական գործիչը կարող էր մոռանալ իրեն պարտավորեցնող սեփական կարգավիճակը՝ խանդավառությամբ լծվելով պոպուլիստական նպատակով հորինված «օրինագծի» նախընտրական գովազդի սայլին: Գուցե՞ Արմեն Խաչատրյանն այսօր հանձն առնի համոզելու «Օրինաց երկրի» պարագլուխներին հետամուտ լինել սեփական խոստումներին եւ պահանջել բյուջեում գոնե մեկ լումա նախատեսել խնայողությունների վերադարձման համար: Կամ գուցե՞ համոզի Արթուր Բաղդասարյանին ներողություն խնդրել ավանդատուներից՝ ընտրություններից ընտրություններ նրանց դժբախտությունը, քաղաքական դիվիդենդներ ստանալու նպատակով, շահարկելու համար: Որպեսզի ընտրողը հասկանա, թե ինչպիսի վիհ է առաջացել այս մարդկանց խոսքի եւ կոնկրետ գործերի միջեւ, ես պետք է բառացիորեն մեջբերեմ քաղաքական շուլերության մերօրյա դասականի այն հայտարարությունը, որն արել է նա սույն թվականին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին. «Եթե թեկնածուն խոստանում է ընտրողներին, որ իրեն ձայն տալու դեպքում քաղաքը կամ համայնքը դրախտավայրի է վերածելու՝ գործարք չի՞ առաջարկում, առեւտուր չի՞ անում, կաշառք չի՞ տալիս: Թե՞ խոստումնակաշառքը պակաս այլանդակ է, քան բրնձակաշառքը կամ ասֆալտակաշառքը» (տես՝ «Իրավունք», հոկտեմբեր 22-24, 2002)։ «Խոստումնակաշառքի» անթույլատրելիության մասին այս պաթետիկ խոստովանությունն ինչպե՞ս է համադրվում այն փաստի հետ, որ բյուջեի միջոցներով ազգաբնակչության խնայողությունների վերադարձման հարցը 1999 թվականի ընտրարշավի ընթացքում հիմնական կարգախոս դարձրած «Օրինաց երկիրը» այսօր հրաժարվում է 2003 թվականի բյուջեում այդ նպատակով համապատասխան ծախսերի նախատեսումը դարձնել բյուջեի նախագծի նկատմամբ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու պատճառ: Այդ «համադրման» գաղտնիքը բխում է այն պարզ ճշմարտությունից, որ բոլոր ժամանակներում քաղաքական շուլերները միշտ վերջին պահին, ինչպես սատանան խունկից, խույս են տվել սկզբունքային լուծումներից: Դա է քաղաքական շուլերների գործելակերպի բուն էությունը: Այդ առումով չափազանց բնութագրական է Ստեփան Բարսեղյանի փաստացի փախուստն այն պարզ հարցադրումներից, որոնք ես պարտավոր էի ներկայացնել խորհրդարանական հայտարարությունների ժամին: Իմ հասցեին հերյուրանքների եւ սպառնալիքների տարափն առավել անհասկանալի էր, քանզի «Կրեդիտ-սերվիս» բանկի խաբված ավանդատուների պատգամը կատարելով, ես ընդամենը հանդես էի գալիս նրանց խոսափողի դերում՝ հավատարիմ մնալով իմ սահմանադրական պարտքին՝ ընտրողների առջեւ: Այն, որ մարդիկ ահա արդեն որերորդ ամիսն է պայքարում են իրենց ոտնահարված շահերի վերականգնման համար, կարելի է տեսնել՝ ծանոթանալով «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 3-ի համարում տպագրված նամակին, որի տակ ստորագրել են տասնյակ ավանդատուներ: Ես գիտակցաբար իմ հայտարարության մեջ մատնանշեցի միայն այն փաստերը, որոնք հրապարակված են «Առավոտի» վերոնշյալ նյութում. եթե այդ փաստերը չհամապատասխանեին իրականությանը, «Օրինաց երկրի» պարագլուխները ձեռքից բաց չէին թողնի թերթին դատական կարգով պատասխանատվության կանչելու հնարավորությունը: Այդ կապակցությամբ հարց է առաջանում. ինչո՞ւ թերթի հրապարակումը նրանց այդքան չխրտնեցրեց, որքան իմ ելույթը խորհրդարանում: Թե՞ այս «օրինաց» երկրում արդեն սովորական է դարձել անտեսել «չորրորդ իշխանության» հրապարակումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել