ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ՏԻՏՂՈՍ Է Այդ պատվին արժանանալու համար պետք է վաստակել ժողովրդի սերը Արդեն հայտնի են հանրապետության նախագահի թեկնածուները։ Բոլորովին էլ անսպասելի չէր, որ նրանց շարքում որեւէ կնոջ թեկնածություն չկա: Կանայք սովորաբար նախընտրում են մնալ տղամարդու ստվերում եւ իրենց բաժին հասած բեռի հետ հավասարապես կրել ամուսնու բեռը: Համոզված եմ՝ առիթ-անառիթ կխոսեն նախագահի իշխանությանը ձգտող տղամարդիկ, իսկ նրանց կանայք այդպես էլ կմնան ստվերում: Առաջադրված թեկնածուների կանանցից, թերեւս, հասարակությանը հայտնի են Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը, Վազգեն Մանուկյանի տիկինը եւ, անշուշտ, գործող նախագահի տիկինը: Այս շարքի միջոցով կփորձենք ստվերից դուրս հանել կանանց եւ նրանց իսկ միջոցով բացահայտել պոտենցիալ նախագահներին՝ որպես ամուսին, հայր, ընտանիքի ղեկավար: Տղամարդիկ են ընտրում ուղին, իսկ կանայք՝ հետեւում նրանց Այս շարքի մեր առաջին հյուրը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի տիկին Արմենուհին է, որը հասարակությանը հայտնի է նաեւ որպես «Օրրան» եւ «Պատանեկան նվաճումներ» բարեգործական կազմակերպությունների հիմնադիր եւ ղեկավար: Տիկին Արմենուհին վերը նշված այն բացառիկ կանանցից է, որի գործունեությունը հասարակության ուշադրության կենտրոնում է, բայց համոզված ենք, որ Առաջին տիկին դառնալու պարագայում այդ նույն հասարակությունն ավելի կսեւեռվի նրա անձի շուրջ եւ արդարացիորեն ուշադրությունից բաց չի թողնի Առաջին տիկնոջ անգամ ամենափոքր բացթողումը: «Դժվար է մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում լինել: Ես միշտ ավելի կարեկցանքով եմ վերաբերվում Առաջին տիկիններին, որովհետեւ տղամարդիկ իրենք են ընտրել այդ ուղին, իսկ կանայք ուզած-չուզած են ստանձնում այդ դերը։ Դժվար դեր է, բայց Առաջին տիկինը շատ կարեւոր առաքելություն ունի, որովհետեւ նա է, որ պետք է ժողովրդի մեջ ներշնչի հույս ու հավատ: Նա պետք է իր ապրելակերպով օրինակ ծառայի ժողովրդին: Առաջին տիկինը տիտղոս է միայն, այսինքն պետք է վաստակես այդ Առաջին տիկին լինելու պատիվը, պետք է վաստակես ժողովրդի սերը, պետք է աշխատես ժողովրդիդ համար: Ինձ թվում է՝ ցանկացած անձի համար պատիվ կլինի լինել այդ Առաջին տիկինը, որին ժողովուրդը սիրում է, որ ինքը կարողանում է ծառայել ժողովրդին»: Իսկ գուցե այդպիսին լինելու համար պետք է ունենալ իմիջմեյքերներ: «Ես չեմ ընդունում իմիջմեյքերներին, որովհետեւ մարդը չի կարող մի տարվա մեջ ցանկալի իմիջ ձեւավորել: Դա ապրելակերպ է, եւ հետո այդ իմիջները շատ արագ բացահայտվում են ու երեւում է, թե այդ իմիջների ետեւում իրական պատկերը որն է: Մարդիկ սիրում են անկեղծ մարդկանց, ովքեր պատմություն ունեն: Երբեք չեմ մտածել, թե պետք է Առաջին տիկին դառնամ, ուրեմն այս աշխատանքները կատարեմ կամ այս իմիջը ունենամ: Բայց ասեմ, որ դժվար պահ է, որովհետեւ ձեր ասածի պես բոլորի ուշադրության կենտրոնում ես եւ ի պատիվ մեր Առաջին տիկինների՝ հավուր պահվածք են դրսեւորել»: Մինչ տպագրության կպատրաստեի մեր զրույցը՝ տիկին Արմենուհին իրականություն դարձրեց հաջորդ հարցս՝ նախագահի թեկնածու առաջադրված ամուսնուն ուղեկցելով կուսակցություններից մեկի համագումարին: Տիկնոջը նախընտրական քարոզարշավի ակտիվ մասնակից դարձնելը արեւմտյան քաղաքականության պարտադիր տարր է, մեր քաղաքական գործիչները դեռեւս ձեռնպահ են մնում այդ քայլից: Առաջին քայլը կատարեց նույն արեւմուտքից հայրենիք վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես կմասնակցեմ այն չափով, ինչ չափով կարիք կլինի, ինչքանով որ ինձ կխնդրի Րաֆֆին: Չեմ պատրաստվում ակտիվ մասնակցելու, որովհետեւ, ինչպես տեսնում եք, բավականին հոգսեր արդեն կան՝ աշխատանք, ծրագրեր, երեխաներ …»: Անշուշտ, չէի կարող չհարցնել, թե տիկին Արմենուհին ինչպես է վերաբերում մամուլում վերջերս ակտիվացած այն խոսակցություններին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի թեկնածու լինելու իրավունք չունի, քանի որ վերջին տասը տարիներին ՀՀ քաղաքացի չի հանդիսացել: «Այդ հրապարակումներն ինձ ցավ են պատճառում, որովհետեւ բոլորը գիտեն, որ մենք արդեն 13 տարի է ապրում ենք Հայաստանում եւ 1991 թվականից, երբ Րաֆֆին արտգործնախարար էր, մի քանի անգամ դիմել է տարբեր օղակների, որպեսզի իրեն քաղաքացիություն տան: Մինչեւ 1995 թվականը պատճառաբանում էին Սահմանադրության բացակայությամբ։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել անարդարություն: Նրանք, ովքեր այժմ այդ անարդարությունը ներկայացնում են որպես ճշմարտություն, մասնակից են դառնում անօրինականությանը»: Ի դեպ, նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց առաջ հատուկ այդ թեմային նվիրված խոսակցություն չի կայացել Հովհաննիսյան ամուսինների միջեւ, տեր Հովհաննիսյանը տիկին Հովհաննիսյանի խորհուրդը չի հարցրել այդ որոշումը կայացնելուց առաջ, այնպես, ինչպես ցանկացած որոշում ընդունելիս: Բայց «հասկացվում է պարզապես, բառերով չէ, որ խոսվում է: Մեկ-մեկ ինձ թվում է, թե ինքը հարցնում է ինձ, որ անի ճիշտ հակառակը: Ես Րաֆֆիի մեջ սիրում եմ մարդկանց լսելու ունակությունը, երբ դու մի բան ասում ես՝ ինքը կարող է լսել, վերլուծել, դատել: Ոչ մի զրույց իր մի ականջից չի մտնում, մյուսից դուրս գալիս։ Ինքը հարգանք ունի բոլոր տարիքի մարդկանց նկատմամբ՝ լինի երեխա, թե ծեր: Նա հարգում է կանանց, ընկերներին, երբեք չես տեսնի սեռերի միջեւ խտրականություն դնի: Դա, իմ կարծիքով, իր լավագույն գծերից մեկն է»: Ժողովրդի սերն է մեզ պահում ժողովրդի մեջ – Գաղտնիք չէ, որ տեղացիներս որոշակի վերապահումով ենք վերաբերվում Ռ. Քոչարյանի ղարաբաղցի լինելու հանգամանքին: Մեզ մոտ, այնուամենայնիվ, պահպանվում է հայաստանցի-ղարաբաղցի-սփյուռքահայ տարբերությունը: Մտավախություն չունեի՞ք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ամբողջությամբ չի ընդունվի ժողովրդի կողմից: – Անցած 13 տարիները փաստեցին ճիշտ հակառակը, որովհետեւ, երբ Րաֆֆին հրաժարական տվեց՝ շատ դժվար ժամանակ էր: Մեզ շատ հեշտ կլիներ նեղանալ, հեռանալ՝ ասելով, որ մեզ չընդունեցին, չգնահատեցին, բայց ժողովրդի սերն էր, որ մեզ պահեց Հայաստանում: Մինչեւ հիմա անծանոթ մարդիկ կարող են փողոցում գրկախառնվել, համբուրել մեզ, այդ ձեւով շնորհակալություն հայտնել, որ այդ նեղ տարիներին մենք իրենց կողքին էինք: Մարդիկ լավ հասկանում են, որ Ամերիկայում շատ բարեկեցիկ կյանք ենք թողել: Գիտեն, թե ինչ կրթություն ենք ստացել, ինչ աշխատանք ու ինչ վարձատրություն ենք թողել: Այդ բոլորի փոխարեն մենք նախընտրել ենք հայրենիքը: Մենք սիրում ենք այստեղ լինել՝ ժողովուրդն էլ դա գնահատում է: – Շարունակելով հայերիս տարբեր բեւեռների տարբերությունների թեման՝ անդրադառնանք Ձեր գործունեությանը: Եթե տեղացի լինեիք, արդյո՞ք նույնքան հաջողակ պետք է լինեիք Ձեր գործունեությունում: Մեզ մոտ որոշակի մտայնություն կա, թե արտասահմանում բարեկեցիկ կյանք վարած սփյուռքահայերին շատ հեշտ է իրենց կուտակած ֆինանսներով այստեղ գործունեություն ծավալել: – Հայաստանում Րաֆֆիի եւ իմ գործունեությունը շահույթ հետապնդող չէ: Մենք Հայաստան չենք եկել շահույթի համար: Չնայած ասեմ, որ շատ պիտի ուզեինք, որ շատ սփյուռքահայեր գային ու ներդրումներ կատարեին՝ հենց շահույթը ստանալով: Դրանով կարող է միայն մեր Հայաստանը բարգավաճել: Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին՝ դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ, անշուշտ, լեզուների իմացությունը եւ հատկապես՝ անգլերենը, շատ է օգնում: Օգնում է նաեւ մտածողությունս, որ ձեւավորվել է Հայաստանում ծնված լինելու եւ Ամերիկայում կրթություն ստանալու հանգամանքով: Չի կարելի չընդունել, որ երբ աշխարհայացքդ մեծանում է՝ տարբեր երկրներ ես ճամփորդում, տարբեր մարդկանց հետ ես շփվում, հետեւաբար ավելի կոմպետենտ ես դառնում: Բայց գործունեության հաջողությունը վերագրել միայն սփյուռքահայ լինելու հանգամանքին՝ ճիշտ չէ: Աշխատանքի հաջողությունը գալիս է աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ: – Այս աշխատանքում Դուք որեւէ կոնկրետ դժվարություն ունեցե՞լ եք: – Երբ 1993 թ. ծրագիրը սկսեցինք «Տնտեսագիտություն» առարկայով՝ տարբեր դպրոցներ այցելելիս փորձում էինք դրա կարեւորությունը բացատրել: Դպրոցների շատ տնօրեններ չէին հասկանում այդ ծրագիրը՝ ասելով, թե մեր երեխաներին առեւտուր ու սպեկուլյացիա եք սովորեցնում: Այդ առումով դժվար ճանապարհ անցանք: Բայց 3 տարի առաջ, երբ մեր ծրագրերին ավելացրինք «Իրավունք» առարկայաշարը, բոլորը՝ աշակերտից մինչեւ իշխանավորներ, մեծ խանդավառությամբ ընդունեցին եւ աջակցեցին: Չի կատարել նախաամուսնական խոստումը Հասարակական ակտիվ գործունեությանը զուգահեռ՝ տիկին Հովհաննիսյանը հասցրել է 5 երեխա պարգեւել ամուսնուն: Համաձայնեք, որ սովորաբար այդպիսի կանայք կամ մեկ երեխա են ունենում, կամ ընդհանրապես չեն հասցնում իրագործել բնությունից իրենց տրված ամենամեծ պարգեւը: Գոնե ինձ համար զարմանալի է, թե ինչպես է կարողանում տիկին Արմենուհին համատեղել երկուսը միասին: «Ես եւ Րաֆֆին շատ ենք սիրում երեխաներ: Երբ ամուսնանում էինք, ես Րաֆֆիին 14 երեխա խոստացա: Հիմա երբ ինքը ասում է՝ միայն հինգը պարգեւեցիր, ես իրեն հիշեցնում եմ, որ «Օրրանում» էլ 50 երեխա ունենք: Ինչ վերաբերում է հասցնելուն՝ շատ դժվար է եւ ոչ մեկն էլ լավ չեմ կատարում: Ասեմ, որ շատ ագահ եմ եւ ուզում եմ ամեն ինչ անել եւ կարծես թե հասցնում եմ, քանի որ շրջապատված եմ մարդկանցով, որոնք ընդունում, սիրում են ինձ եւ իմ բոլոր բացթողումների վրա աչք են փակում: Ունենք լավ օգնականներ, դայակներ՝ շատ նվիրված մարդիկ, որոնք ինձ օգնում են երեխաների դաստիարակության հարցում: Ամենափոքր առիթն անգամ բաց չեմ թողնում երեխաներիս հետ լինելու: Նախանձում եմ այն կանանց, ովքեր միշտ տանն են ու զբաղվում են միայն երեխաներով եւ ափսոսում եմ, որ իմ էությունն այդպիսին չէ: Բայց ես չէի կարող տանը մնալ եւ միայն երեխաներով զբաղվել եւ ինձ լիարժեք զգալ: Իմ խառնվածքով ես պետք է անպայման աշխատեմ, պետք է անպայման կարողանամ հասնել այլ մարդկանց: Իսկ երեխաներս, քանի որ այդ մթնոլորտում են ապրում, իրենց համար շատ բնական է եւ փոքր տարիքից արդեն ոչ թե բառերով են դաստիարակվում, որքան՝ մեր գործունեությամբ: Այսինքն, մենք մեր երեխաներին երբեք չենք ասում, թե պետք է աղքատներին օգնել, պետք է տարբերություններ չդնել՝ իրենք մեր վերաբերմունքից են զգում»: Երեխաներն էլ, երբ փոքր են, ավելի շատ մոր հետ են կապված լինում, մեծանալուն զուգընթաց՝ տղաները խորհուրդներով հաճախ հոր մոտ են գնում, իսկ մոր մոտ վազում են, երբ ինչ172որ ցավ են ունենում: Ի դեպ, ցավի մասին՝ մշտապես ժպտադեմ եւ արտաքինից երբեւէ դժվարություն չտեսած մարդու տպավորություն թողնող Արմենուհի Հովհաննիսյանը բազմաթիվ դժվար օրեր է ունեցել: Այդ մասին մեզ հետ կիսվելով էլ կարծում է, որ, այնուամենայնիվ, լավ, երջանիկ օրերը կյանքում ավելի շատ են լինում ու հենց այդ լավ պահերից պետք է մարդ ուժ ու ոգեւորում ստանա ապագայի համար: «Դժվար էին այն տարիները, երբ տեսնում էինք ժողովրդին մթի ու ցրտի մեջ, հոկտեմբերի 27-ը մեզ համար շատ ծանր էր, որովհետեւ ծանոթ էինք զոհվածների ընտանիքներից շատերի հետ: Դժվար էր նաեւ, երբ Րաֆֆին հրաժարական տվեց, քանի որ ահագին աշխատանք կար, որ կուզեր անել եւ չստացվեց: Ծանր պահեր շատ են լինում, բայց մենք շատ լավատես ենք: Ես անձնապես ասում եմ՝ բայց չէ որ մարդիկ կան, որ ավելի վատ վիճակում են, ուստի իրավուք չունենք բողոքելու: Ծանր պահերին միշտ շատ կարեւոր է, երբ շրջապատված ես լինում ընկերներով, մարդկանցով, որոնք քեզ սիրում են, քո կողքին են, ու դու մենակ չես զգում քեզ՝ փառք Աստծո, երբեք մենակ չենք եղել»: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ