Անխուսափելի պարտության մի քանի պատճառներ Քոչարյանի պարտությանը առաջիկա նախագահական ընտրություններում կարելի է վստահ լինել: Երկրորդ փուլ գուցե կայանա, գուցե՝ ոչ, բայց որ փետրվարի 19-ին իրեն տրված ընտրաձայներով Քոչարյանը չի զբաղեցնի առաջին հորիզոնականը՝ կասկածից վեր է: Դրանում համոզվելու համար բավական է եւ այն հանգամանքը, որ լրատվամիջոցներում՝ այսպես կոչված «սոցիոլոգիական կենտրոնների» համագործակցությամբ հրապարակվող վարկանիշային հարցումներում, նույնիսկ նկարվող թվերով, Քոչարյանի ընտրազանգվածը չի բարձրանում 20%-ի սահմաններից, ոչ էլ Քոչարյանի հաղթանակին հավատացողների թիվն է հասնում գոնե 50%-ի: Եվ դա՝ Քոչարյանի քարոզարշավի կուլմինացիոն հատվածում, երբ մյուս թեկնածուների համար առավելագույնս շրջափակված է հեռուստաեթերը, իսկ Քոչարյանից ինչ-որ դրական կերպար ստեղծելու համար արվում է ամենայն հնարավորն ու անհնարինը: Սակայն մի կողմ թողնելով թեւաթափ անող վիճակագրությունը, անդրադառնանք Քոչարյանի պարտությունը գրեթե նախասահմանած գործընթացներին, որոնցից որեւէ մեկի հաղթահարումը Քոչարյանի ուժերից վեր է: Ամռանը, երբ ձեւավորվում էր «16»-ի դաշինքը, շատերին էր թվում, թե միավորման նպատակը նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալն է: Մանավանդ որ, այդպես էին հայտարարում նաեւ դաշինքի անդամները: Իշխանություններին էլ թվաց, թե դաշինքից մի քանի թեկնածուների առաջադրմանը նպաստելով, այն կիմաստազրկեն, ինքնաբերաբար նաեւ կվնասազերծեն: Ճակատագրական սայթաքում էր… Նախագահի թեկնածուների գրանցմանը հետեւում է պաշտոնական քարոզարշավի մեկնարկը: Մնացյալը սահմանված է օրենքով. բոլոր թեկնածուներին՝ նույն տեւողությամբ վճարովի եւ անվճար հեռուստաեթեր, ռադիոեթեր եւ այլն: Ներկա ընտրարշավում առաջադրված 15 թեկնածուից գոնե 7-8-ը երեւի թե կկարողանան անհրաժեշտ ստորագրությունները հավաքել եւ գրավի գումարը մուծել: Քոչարյանին կողմ կարծիքները եթերում են արդեն մի քանի տարի եւ բոլորին հասցրել են ձանձրացնել, իսկ, ասենք, նրան «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ կասկածող, «Պապլավոկի» մարդասպանության համար մեղադրող, Կոնյակի, ԲԷՑ-երի, «ԱրմենՏելի» ու օդանավակայանի գործարքների համար պատասխանատվություն պահանջող, ղարաբաղյան խնդիրը կարգավորելու անկարողությունը մերկացնող, կիսագրագետ արտահայտությունները, քաղաքական ջղագարությունները վկայակոչող ելույթներ մետրային հեռուստաալիքներով կամ ռադիոեթերով երբեք չեն հնչել: Հիմա դրանք կհնչեն, եւ հասարակական գիտակցության վրա պրոյեկտվող այդ բարոյական ոչնչացումը Քոչարյանը ո՛չ կարող է կանխել, ո՛չ էլ հակակշռել: Թերեւս ժամանակին «16»-ի դաշինք ստեղծելիս ինչ-որ մեկը դեպքերի զարգացման նաեւ այս տարբերակն է հաշվարկել: Գուցե՝ ի դժբախտություն Քոչարյանի: Իսկ գուցե՝ որպեսզի անձամբ Քոչարյանի անունը հոլովելու կարիք չունենա: Քոչարյանն էլ իր հակագովազդի համար այնպիսի առատ նյութ է մատուցում, որ մնում է ընդամենն այն համակարգված հասարակությանը մատուցել: Քոչարյանի ողջ թիմն ասես չինական վարդ լինի, միայն թե՝ մարդկային արատներից գոյացած: Սերժ Սարգսյանն այդտեղ ընդհանուր պատկեր չի փոխում, եւ ընդհանրապես նրա հայտնվելն այդ շտաբում թերեւս շատ ավելի ֆորս մաժոր հանգամանքների արդյունք է, քան օրինաչափություն: Եվ այսպես. Սարգսյանին շրջանցելով՝ Քոչարյանի շտաբում առաջին էշելոնը՝ Հովիկ Աբրահամյան, Վահագն Մկրտչյան: Երկրորդի անվան հետ կապվող կասկածելի հաստատությունը՝ «Վալեմը», պատկերացում է տալիս, թե որ շրջանակների ու խավերի հետ ընդհանրություն ունի Քոչարյանի ընտրարշավը: Երկրորդ էշելոնը՝ «ՕԵ», ՀՀԿ, ՀՅԴ: Առաջինը՝ ամբոխավարության մարմնացում՝ ՀԴՄ հանրահավաքներից մինչեւ մեկ միլիարդ դոլարի ավանդներ վերադարձնելու պահանջ-երեսպաշտություն: ՀՀԿ-ն՝ դավաճանության մարմնացում. իշխանությանը մոտեցել են Տեր-Պետրոսյանի թիմում, ամրապնդվել են «Երկրապահին» հարելով, խորհրդարանական մեծամասնության են վերածվել՝ Դեմիրճյանի գլխավորած ընտրացուցակով, այսօր ընտրական հանձնաժողովներում իշխանության են տիրացել՝ ՀԺԿ-ին պատկանող տեղերը բռնազավթելով: ՀՅԴ-ն՝ հեղափոխականության դրոշակակիր ու ահաբեկչության համակիր: Քոչարյանի շտաբում երրորդ էշելոնը՝ «Արժանապատիվ ապագա», «Հզոր Հայրենիք», Ասլանյանի ԺԴԿ, Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ` մեծ հավակնություններ ունեցող փոքրիկ մարդիկ՝ առանց սկզբունքների եւ բարոյականության: Վերջապես՝ այս էշելոնների միջեւ ցաքուցրիվ մտավորականներ /համենայն դեպս իրենց այդպիսին համարողներ/: Պաշտպանության նախարարը, նախընտրական շտաբի պետ նշանակվելուց ե՛ւ առաջ, ե՛ւ հետո, շատ ավելի արդար ընտրությունների մասին է խոսում, քան Քոչարյանի հաղթանակի: Եվ այնքան է ջանացել, որ թվում է՝ իր առաքելությունը ոչ թե Քոչարյանի հաղթանակն ապահովելն է, այլ արդար ընտրություններ անցկացնելու պարտականության կատարումը: Հայտնապես ինչ-որ ատյանների առջեւ ստանձնած պարտականության: Գուցե արդեն բոլորը հիասթափվել են ընտրությունների արդյունքներ կեղծելուց: Իսկ գուցե չկա մեկը, ով իր հետեւորդներին ուղղորդի ու առաջնորդի ընտրակեղծիքների՝ ոգեշնչելով ու վստահեցնելով, թե միեւնույն է, հակառակորդը 100 ձայն էլ հավաքի՝ ինքը չի ճանաչելու կամ ինքն արդեն որոշել է՝ ով նախագահ դառնալու բարոյական իրավունք ունի: Հետեւորդներին մնում է զորավարի որոշումներն իրականացնել: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանն իր էությամբ ու գործողությունների մեջ անհամեմատ կշռադատված եւ պատասխանատու անհատ է: Գուցե՝ միակը Քոչարյանի շրջապատում, ումից էլ թերեւս պահանջվում է արդար ընտրությունների անցկացում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Առավոտը» ոչ միայն չի կիսում իր հարգարժան հեղինակի կանխատեսումը, այլեւ գրազ է գալիս Լուսինե Պետրոսյանի հետ $ 1000-ով, որ գործող նախագահը հաղթելու է առաջիկա ընտրություններում: