Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԽՏԱՆՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 14,2002 00:00

ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԽՏԱՆՈՒՄ ԵՆ Ընդդիմությունը լրջորեն անհանգստացած է ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանում թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների առնչությամբ: Երեկ այդ հարցը նույնիսկ քննարկվել է «16»-ի նիստի ժամանակ, ուր, ըստ «Ա1+»-ի, արձանագրվել է. «Նախագահի թեկնածուներին շտաբ չի հատկացվում, Հանրային հեռուստատեսությամբ ինֆորմացիոն շրջափակման են ենթարկված ընդդիմության թեկնածուները եւ հարկատուներից սնվող հեռուստատեսությունն առավոտից երեկո միայն գործող նախագահին է գովազդում, իսկ հավասարապես բոլոր ուժերին եթերի հնարավորություն տվող 2 հեռուստաընկերությունները եթերազրկված են»: Ստեղծված իրավիճակի առնչությամբ երեկ ասուլիս էր հրավիրել նաեւ առաջադրված թեկնածուներից մեկը՝ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը նկատեց, թե «այդպիսի լրատվական շրջափակում չի եղել նույնիսկ դատապարտվող ՀՀՇ-ական իշխանության ժամանակ»՝ հավելելով, որ սա նաեւ գործող իշխանության շրջանում տիրող խուճապի դրսեւորում է: Ըստ նրա, Քոչարյանի թեկնածությունը ԳԱԱ դահլիճում պաշտպանած նախաձեռնող՝ տասնյակով կամ հարյուրով հաշվվող, շքախմբի մեջ չգտնվեց մեկը, որ ղեկավարեր այդ թեկնածուի նախընտրական շտաբը. «Արդյունքում պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանին 3 ամսով կտրեցին իր պարտականությունները կատարելուց եւ նշանակեցին շտաբի պետ: Եթե դա խուճապի նշան չէ, ապա ինչի՞ մասին է խոսքը»: Ա.Սարգսյանի դիտարկմամբ, եթե գործող նախագահի շտաբում հավաքվածները միաժամանակ նաեւ գործադիր մարմինն են ներկայացնում, դա արդեն խոսում է այն մասին, որ իշխանություններն առաջիկա ընտրություններում օգտագործելու են վարչական ռեսուրսը: Իհարկե, պրն Սարգսյանը նաեւ հեգնեց, թե իրենք էլ դեմ չէին լինի, որ ԳԱԱ շենքի նման մի շենք իրենց էլ հատկացվեր որպես նախընտրական շտաբ ու իրենց շտաբում էլ նախարարներ ընդգրկված լինեին: Իսկ այն հարցին ի պատասխան, թե իր շտաբում հատկապես ո՞ր նախարարի ներկայությունն ինքը կնախընտրեր, պրն Սարգսյանը լրջացավ՝ «Իհարկե, ոչ մեկի»: Նախօրեին Դեմկուսը դիմել էր ԿԸՀ-ին, թե հայրենի օրենսդրությամբ ամրագրված «հավասարության» սկզբունքը «կոպտորեն խախտվում է հատկապես Հանրային հեռուստատեսության կողմից». «Հասկանալի է, որ գործող նախագահի առօրյա պաշտոնական գործունեությունը պետք է լուսաբանվի, բայց այդ քողի տակ ՀՀ-ն պատեհ ու անպատեհ, անզուսպ գովաբանում, նույնիսկ ամբողջ հաղորդումներ է նվիրում նախագահի թեկնածու Ռ.Քոչարյանի անձին: Հակառակ դրան, «Հ1»-ն ընդդիմության թեկնածուների նկատմամբ վարում է բացահայտ վարկաբեկման եւ հակաքարոզչության քաղաքականություն»: Դեմկուսի թեկնածուն դիմել է ԿԸՀ-ին՝ «քննարկել ՀՀ ղեկավարության որդեգրած քաղաքականությունը, որը «ՀՀ մամուլի եւ լրատվության այլ միջոցների մասին» օրենքի, «Ընտրական օրենսգրքի» դրույթների կոպիտ խախտում է»՝ խնդրելով «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների համար այսօրվանից ՀՀ եթերում հավասար պայմաններ սահմանել»: Իհարկե, ԿԸՀ-ն արձագանքել է այդ դիմումին եւ, ինչպես պետք էր սպասել, հավատարիմ մնալով իշխանություններին ու արդարացնելով վերջիններիս՝ ԿԸՀ-ի նկատմամբ տածած անսահման վստահությունը, հայտարարել, որ ԸՕ հոդված 78-ը խախտված չէ: Ինչ վերաբերում է ՀՀ վարած քաղաքականությանը, ապա դա ԿԸՀ-ի խնդիրը չէ, որովհետեւ վերջինիս լիազորությունները սկսում են գործել միայն թեկնածուների պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո: Լրագրողները, բնականաբար, ընդդիմադիր գործիչ Ա.Սարգսյանին չէին կարող չհարցնել՝ եթե Քոչարյանը հանկարծ վերընտրվի իր պաշտոնում, Ա.Սարգսյանը համապատասխան առաջարկության դեպքում կհամաձայնի՞ վերստին ստանձնել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: Ա.Սարգսյանը հարցադրումից նեղացած տոնով հիշեցրեց, թե այդ պաշտոնից ինքն է հրաժարվել, որովհետեւ գաղափարական տարաձայնություններ են առաջացել Քոչարյանի եւ իր միջեւ՝ մասնավորապես ռազմավարական օբյեկտների մասնավորեցման հարցում, իսկ այսօր արդեն Ա.Սարգսյանը համաձայն չէ նաեւ Քոչարյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում վարած քաղաքականության հետ: Խոսք գնաց նաեւ Քոչարյանի առաջադրման կրկնակի «ոչ լեգիտիմության» շուրջ: Այս օրինախախտմանը հիմք էր դրվել 98-ին, երբ գործող նախագահին սատարում էր նաեւ ինքը՝ Դեմկուսի նախագահ Ա.Սարգսյանը: Ինչպես ՍԻՄ նախագահ Հ.Խաչատրյանը, վերջինս էլ փորձեց արդարանալ, թե «այն ժամանակ իրենք պաշտպանում էին Քոչարյանին, որովհետեւ կար գերխնդիր՝ ԼՂ հիմնահարցի կարգավորում. «Մենք այն ժամանակ նրա առաջադրումը ոչ լեգիտիմ չէինք համարում, որովհետեւ համարում էինք, որ ԼՂ-ն հենց Հայաստանն է, որ նա կընտրվի ՀՀ նախագահ եւ այդ հարցը կլուծի: Համոզված էինք, որ այն մարդը, որը պաշտպանել է ԼՂ-ն, եղել է ԼՂՀ նախագահ եւ լավագույնս տեղեկացված է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացների մասին, կարող է սկզբունքային դիրքերից պաշտպանել այդ խնդիրը: Հիմա նաեւ այդ հարցում լուրջ տարաձայնություններ ունեմ նրա վարած քաղաքականության հետ»: Ա.Սարգսյանը մանրամասնորեն բացատրեց, թե հատկապես ինչի հետ համաձայն չէ. Քոֆի Անանը հայտարարում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, իսկ ՀՀ իշխանությունները դրան հակափաստարկներ չեն բերում. «Չի նշանակո՞ւմ, որ նրանք համաձայն են այդ տեսակետին»: Ըստ պրն Սարգսյանի, նախագահի թեկնածուներին տեղեկանք են տալիս՝ ՀՀ 10 տարվա քաղաքացիության մասին: «Ու այնքան ուղեղ էլ չունեն, որ մտածեն, թե ինչ են անում», երբ Ռ.Քոչարյանին նույն տեղեկանքն են տալիս, ինչ մյուսներին՝ առ այն, որ նա մինչեւ 95թ.-ն ՀԽՍՀ քաղաքացի է եղել: Հարց է առաջանում՝ եթե նա եղել է այդ կարգավիճակում, բա ինչո՞ւ ԼՂ-ն Հայաստանի մարզ չէ, դրա հետ կապված մյուս խնդիրներն էլ լուծված չեն: Լավ, մինչեւ 95-ից հետո ՀՀ քաղաքացի էր, բա 95-97թթ. ի՞նչ ենք անելու, որտեղի՞ց է այդ ամենը կախված»: Ըստ նրա, եթե 98-ից ի վեր այդ բոլոր հարցադրումները լուծված լինեին միջազգային իրավունքի շրջանակներում, եւ ԼՂ-ն էլ ինտեգրված լիներ Հայաստանին, այսօր նման խնդիր չէր առաջանա. «Նրանք (հավանաբար, իշխանությունները- Ն.Մ.) չեն կատարել դա, եւ այսօր է, որ Քոչարյանը հարվածի տակ է դրել նաեւ ԼՂ-ն՝ ստանալով այդպիսի տեղեկանք»: Ինչ վերաբերում է ամենամոտ առաջիկային, ապա, ըստ Ա.Սարգսյանի, Դեմկուսի համագումարի՝ սեփական թեկնածուին որպես միասնական թեկնածու առաջադրելու եւ պաշտպանելու որոշման համաձայն՝ ինքն ու իր գլխավորած կուսակցությունը վճռականորեն առաջ են շարժվելու մինչեւ հստականա ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Միաժամանակ, Ա.Սարգսյանի խոսքերից հասկանալի դարձավ, որ Դեմկուսը, ունենալով 96-ի եւ 98-ի փորձը, հակված է այլեւս «էքսպերիմենտների» չգնալ եւ այլ թեկնածուի չպաշտպանել: Իհարկե, վերապահումներ, ինչպես միշտ, եղան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել