Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉ ՈՔ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ

Դեկտեմբեր 14,2002 00:00

ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉ ՈՔ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ԱԺ գործող նախագահ Արմեն Խաչատրյանը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո իր կարգավիճակում որեւէ փոփոխություն չի ակնկալում եւ գրեթե վստահ է, որ շարունակելու է զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը։ Այս պարագայում, թերեւս, մեկնաբանություններն ու գնահատականներն ավելորդ են, որովհետեւ դա Արմեն Խաչատրյանի սուբյեկտիվ կարծիքն է սեփական անձի մասին. «Ես պատկերացնում եմ ինձ ԱԺ նախագահ։ Պայքար է, թող որ լինի ազնիվ, առողջ պայքար։ Այդ կապակցությամբ նշեմ նաեւ նույնը. ես կուտակել եմ բավական փորձ, ձեր աչքի առաջ իմ գործունեությունը բավական թափանցիկ ընթանում է, դուք գիտեք, որ փորձը, նաեւ անձնական-քաղաքական կապերը, հնարավորություն են տալիս պառլամենտական գործունեությունն առավել արդյունավետ վարել։ Ես միշտ հակված եմ եղել, որպեսզի այն տեղում, այն պոստը զբաղեցնեմ, որի մասնագիտական ունակություններին տիրապետում եմ (այստեղ մեզ այլ բան չի մնում, քան պարզապես ասել՝ գլուխդ բարձրացրու, Կարեն Դեմիրճյան, եւ լսիր, թե ով ինչ է խոսում.- Մ. Ե.)։ Ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ ես չեմ կարող լինել տարբեր պաշտոններում, որոնց քաջատեղյակ չեմ, մասնագետ չեմ, բայց ես այստեղ ինձ շատ մեծ վստահությամբ տեսնում եմ»,- սեփական անձի մասին նման կարծիք հայտնողն, անշուշտ, այլ բան չի կարող անել, քան՝ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելը։ Թերեւս, կարելի է մտածել, որ երկրում ուրիշ մարդ չկա, բացի գործող երկու՝ ԱԺ եւ ՀՀ նախագահներից. «Ես պաշտպանելու եմ Ռ. Քոչարյանի թեկնածությունը, քանի որ, իմ դիտարկումներով, ինձ համար վստահելի չափանիշներով տեսնում եմ, որ Ռ. Քոչարյանը շատ ավելի օգտակար կարող է լինել երկրի հետագա զարգացմանը՝ փորձով, քաղաքական կամքով եւ փորձառությամբ։ Այն գիտակցությամբ, որ այս ընթացքում Ռ. Քոչարյանը բավական քաջատեղյակ է երկրում տարվող գործընթացներին, իշխանության անատոմիան հրաշալի պատկերացնում է։ Մենք կարող ենք վստահել նրան որպես երկրի գերագույն հրամանատարի, մենք կարող ենք նրան վստահել որպես ղարաբաղյան հիմնահարցի քաջատեղյակ մարդու եւ նաեւ՝ երկրի շարունակականության իմաստով, փորձի իմաստով նրան կարելի է անպայմանորեն վստահել»։ Իր անձնական «մինի-համագումարով», պրն Խաչատրյանը, կարծես, ամփոփեց իրար ետեւից գործող նախագահին, այսպես կոչված, սատարողների շարքը։ «Առավոտի» դիտարկմանը, թե որեւէ քաղաքական ուժ, որեւէ կուսակցություն չներկայացնող Արմեն Խաչատրյանն ինչի՞ց ելնելով է մտածում, թե կրկին կդառնա ԱԺ նախագահ, վերջինս ասաց. «շատ երկրներում ԱԺ նախագահը լինում է անկուսակցական, որպեսզի հավասար քաղցր աչքով նայի բոլոր մնացյալ կուսակցություններին եւ քաղաքական ուժերին»։ Իսկ թե այդ «քաղցր» աչքի կարիքն ով ունի, միայն Արմեն Խաչատրյանին է հայտնի։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել