Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ»

Դեկտեմբեր 14,2002 00:00

«ԶԼՄ-ՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ» Լավագույնն այն օրենքն է, որի գոյությունը չի զգում ոչ ոք «Եթե մենք այսօր քննարկենք որեւէ կլանի արտոնություն տալու խնդիրը, որը վերաբերեր ծխախոտի կամ բենզինի ներկրմանը կամ ակցիզային հարկի հիմնախնդրին, դահլիճում ուղղակի կարող է ասել գցելու տեղ չլիներ»,- իրավացիորեն նկատեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը՝ մատնանշելով միայն լրագրողներով լեցուն դահլիճը եւ պատգամավորների իսպառ բացակայությունը (այդ պահին դահլիճում կար 2 պատգամավոր), երբ օրենսդիրն իբր լսումներ էր կազմակերպել «ՀՀ ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագծի հետ կապված։ Կառավարությունը նոր տակտիկա էր որդեգրել, եթե նախկինում որոշ շտապողականություն էր նկատվում օրենքի ընդունման հետ կապված, ապա այժմ Արդարադատության փոխնախարար Ռ. Աբովյանը հարմարվողական դիրք էր որդեգրել եւ անընդհատ հիշեցնում էր, որ հաշվի կառնվեն բոլոր առաջարկները, բոլոր կարծիքները մանրամասն կքննարկվեն։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համոզմունքը նույնն էր՝ ընտրություններից առաջ նման հակաօրինական օրենք մեր վզին փաթաթելով, իշխանությունները նպատակ են հետապնդում վերահսկելի դարձնել չորրորդ իշխանությունը եւ մեկ-երկուսի ձեռքերն ընդհանրապես կապկպել։ Վ. Դալլաքյանը տեղին համարեց հիշեցնել Ֆրանկլինի մասին, որը գերադասել է ունենալ «ԶԼՄ-ներ՝ առանց կառավարության»։ Բացի պատմական էքսկուրսից, պրն Դալլաքյանը բազմաթիվ առաջարկներ արեց, որոնք, ըստ էության, կան նաեւ այսօր գործող օրենքում, եւ պարզապես անհասկանալի է, թե ինչու նախագծի հեղինակներն այդքան կարեւոր եւ կենսական հոդվածները չեն ներառել իրենց նախագծում։ Ներկայացնենք Վ. Դալլաքյանի առաջարկություններից մի քանիսը, որոնք բացակայում են կառավարության նախագծում. «Լրագրողի իրավունքները». լրագրողը, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի որոնել, պահանջել, ստանալ, հավաքել, տարածել եւ հրապարակել լուրեր եւ տեղեկություններ։ Ստանալ պաշտոնական փաստաթղթերին եւ նյութերին ծանոթանալու հնարավորություն։ Լրագրողի վկայականով այցելել տարերային եւ այլ աղետների, հանցագործությունների, հատուկ պահպանության վայրեր, ինչպես նաեւ ներկա գտնվել ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի, այլ միջոցառումների եւ դատավարությունների։ Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով»։ Բազմաթիվ այլ իրավունքներ եւս նշելով, պրն Դալլաքյանը չմոռացավ խոսել լրագրողի պարտականությունների մասին. «լրագրողը պարտավոր է ստուգել իր ունեցած տեղեկությունների հավաստիությունը եւ հրապարակել, տարածել ստուգված եւ արժանահավատ լուրեր եւ տեղեկություններ», եւ այլ պարտավորություններ, որոնք մենք գիտենք եւ ամենօրյա աշխատանքի ընթացքում կիրառում ենք։ Պարզապես զարմանալի է, որ կառավարությունը չգիտի եւ փորձում է մեր վզին փաթաթել սեփական ցանկությունների նախագիծը։ Մամուլի ազգային ակումբի մեր գործընկերներն օրենքի նախագիծը բոյկոտելու իրենց որոշմանը հավատարիմ գտնվեցին նաեւ երեկ։ ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանն, օրինակ, հայտարարեց. «Գոյություն ունի հայտնի եւ կենսունակ մի ճշմարտություն, որի համաձայն լավագույնն այն օրենքն է, որի գոյությունը չի զգում ոչ ոք։ 91 թ. ընդունված մամուլի եւ այլ ԶԼՄ-ների մասին գործող օրենքի գոյությունը, բացառությամբ մեկ-երկու դեպքի, մենք՝ լրագրողներս, չենք նկատել։ Այսինքն, այդ օրենքը մեր խաղի կանոններին շատ համապատասխան է։ Գոյություն ունի նաեւ մեկ այլ ճշմարտություն, համաձայն որի՝ ամեն օրենք կրում է ժամանակի կնիքը։ Եթե հիշենք 90-ական թվականները, ապա բուռն եւ ժողովրդավարական մեծ ձգտումների ժամանակաշրջան էր, եւ այդ ժամանակ ընդունված օրենքի հիմքում դրված գաղափարախոսությունը պետք է նպատակամիտված լիներ ամրակայել ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում։ Այսօր Հայաստանում ընթանում են բոլորովին այլ գործընթացներ, ինչի արդյունքն ու ապացույցն է այսպես համառորեն շրջանառվող ԶԼՄ-ների մասին այս օրենքի նախագիծը։ Գաղափարախոսությունը հիմնականում սահմանափակելու է մամուլի ազատությունը»։ ՄԱԱ անդամ Վարդան Վարդանյանը հայտարարեց. «Վերջին շրջանում իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները նույնիսկ սպառնալիքների են անցել՝ մտավախություն ունենալով, տեսնելով, համոզվելով, որ լրագրողներն ի զորու են զանգվածային միջոցառումներով խափանել իրենց չար մտադրությունները, ասում են՝ Նոր տարվա շեմին արտահերթ նստաշրջանով օրենքը կանցկացնենք։ Մենք էլ ստիպված ենք այլ քայլերի դիմել։ Ես, օրինակ, առաջարկում եմ գործընկերներիս, ինքս զբաղվելու եմ դրանով. այն պատգամավորները, այն կուսակցությունները, որոնք կողմ կքվեարկեն նախագծին, մենք նրանց նկատմամբ հակաքարոզչություն կտանենք, անվանական քվեարկության արդյունքները կտպենք, ժողովրդին կբացատրենք, որ սրանք այն մարդիկ են, ովքեր ձեզնից թաքցնելու բան ունեն, ովքեր չեն ցանկանում՝ դուք հասու լինեք ճշմարտությանը, եւ կխնդրենք ժողովրդին՝ նրանց ձայն չտալ ընտրությունների ժամանակ»։ Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Մեսրոպ Հարությունյանը եւս հայտարարեց, որ չի կարելի նախընտրական այս պահին փոխել ԶԼՄ-ների մասին օրենքը։ Պրն Հարությունյանն ասաց, որ, այնուամենայնիվ, իրենք ստիպված են ներկայացնել իրենց առաջարկությունները, որովհետեւ վախ կա, որ նախագիծն իրոք կարող է քննարկվել եւ ընդունվել։ Կառավարության ներկայացուցիչն իր խոսքում հայտարարեց, թե օրենքի նախագծում «թակարդներ» չկան։ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց մի քանի «թակարդներ», որոնց լիովին համաձայն ենք։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել