Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զգուշացեք մոծակից

Դեկտեմբեր 13,2002 00:00

Զգուշացեք մոծակից Այն կարող է մալարիայի վարակակիր լինել Արագածոտնի մարզային կենտրոնի մակաբուծաբանական բաժին էր դիմել նիհար, վտիտ մարմնով մի երիտասարդ. նա մեկ շաբաթ շարունակ ջերմում էր, թույլ էր եւ ուժեղ գլխացավ ուներ։ Զրույցից պարզվեց, որ երիտասարդը՝ Մկրտիչ Սիմոնյանը, ամռանն այցելել էր Հորադիզում ծառայող ընկերոջը (որն, ի դեպ, համարվում է մալարիայի առումով բարենպաստ տարածք)։ Ենթադրեցինք, որ նա վարակվել է մալարիայով, եւ չսխալվեցինք։ Ի դեպ, եթե 1963 թվականին մալարիան հանրապետությունում վերացվել էր, ապա 1994-ից այն դարձյալ տարածում գտավ։ Մալարիայով հիվանդների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1998 թվականին՝ 1156 դեպք, որից 542-ը՝ տեղական ծագման։ Այս տարի գրանցվել է միայն 50 դեպք։ Մկրտիչ Սիմոնյանը միտք չուներ բժշկի դիմել, քանի որ բուժման միջոցներ չուներ։ Բացի այդ՝ նա վախենում էր, քանի որ մալարիայի առաջին ախտանիշները նման են տուբերկուլյոզին եւ ՁԻԱՀ-ին։ Ի վերջո, բժիշկները պարզեցին, որ Մկրտիչը վարակված է եռօրյա մալարիայով։ Վարակի այս ձեւն այսօր տարածված է Արարատյան դաշտավայրի եւ ԼՂՀ-ի որոշ շրջաններում, բայց հեշտությամբ եւ անհետեւանք բուժվում է։ Սակայն՝ միայն բժշկին ժամանակին դիմելու դեպքում։ Հիվանդությունից զերծ մնալու համար էնդեմիկ տարածքներում եղած անձինք, հատկապես զորակոչիկները, որոնք իրենց ծառայությունն են անցկացնում մալարիայի առումով անբարենպաստ տարածքներում, զորացրումից հետո պետք է 2 շաբաթվա ընթացքում բուժում ստանան։ Այս առումով ավելի վատ վիճակում են սովորական քաղաքացիները։ Հայտնի է, որ հիվանդության կանխարգելումը շատ ավելի էժան է եւ արդյունավետ, քան դրա բուժումը։ Առավել եւս՝ այսօր, երբ մալարիան համարվում է համեմատաբար քիչ ծախսեր պահանջող հիվանդություն (45 հազար դրամ)։ Այս գումարը պետությունը պետք է տրամադրի հիվանդանոցներին՝ հոգալու հիվանդների ծախսերը։ Սակայն պետությունը հիվանդանոցներին այնքա՜ն պարտք ունի։ Ինֆեկցիոն բաժանմունքում պառկած հիվանդի ծախսերի մեծ մասն ընկնում է հենց հիվանդի վրա։ Ինֆեկցիոն բաժանմունքի բժշկից տեղեկացանք, որ հիվանդանոցը տրամադրում է այս կամ այն կերպ լուսավորված եւ ջեռուցվող հիվանդասենյակ։ Հնարավոր է, որ առաջին անհրաժեշտության դեղամիջոցները եւս բուժող բժիշկն անվճար տա (անալգին, դիմեդրոլ, պարացետամոլ)։ Մոտավորապես՝ 1000 դրամի։ Սակայն սպեցիֆիկ հակամալարիային դեղորայքը (գլյուկոզա, «բ» խմբի վիտամիններ, mesimfortae, ներարկիչներ, միջերակային համակարգեր) արժե մոտ 4000 դրամ։ Արյան եւ մեզի ընդհանուր հետազոտությունը՝ 700-ական դրամ, լյարդի ֆունկցիայի հետազոտությունը՝ 2000 դրամ, արյան հետազոտությունը մալարիայի վերաբերյալ՝ 1000 դրամ, ուլտրաձայնային հետազոտությունը՝ 3000 դրամ։ Ստացվում է 7400 դրամ։ Եթե սրան ավելացնենք նաեւ դեղամիջոցների 4000-ը, կստանանք 11400 դրամ։ Փորձենք պատկերացնել, որ հիվանդը նաեւ սնվում է, ու պարզ կդառնա, թե մալարիայով հիվանդների քանի տոկոսը կարող է իրեն թույլ տալ բուժվել։ Մալարիայով հիվանդին անհրաժեշտ է բուժել, եթե նույնիսկ նա հրաժարվում է պառկել հիվանդանոց։ Չբուժված հիվանդը բացի նրանից, որ վտանգում է իր առողջությունը, նաեւ ինֆեկցիայի աղբյուր է դեռ մի քանի տարի։ Այսինքն, նրան կծելով՝ վարակվում են մոծակները եւ փոխանցում հիվանդությունն առողջ մարդուն։ Այդ առումով, 2002 թ. մալարիայի դեպքերի նվազումը մինչեւ 50-ի՝ ուրախացնելով հանդերձ մալարիայի կանխարգելման ծրագրի իրականացման գործընթացին մասնակցող մասնագետներին, մալարիայի խնդիրը թույլ չի տալիս համարել լուծված։ Իրավիճակը կայուն չէ, մինչդեռ մալարիայի փոխանցումը հանրապետությունում չի ընդհատվել եւ չի վերացել, այսինքն՝ կան դեռ տեղային դեպքեր։ Եթե կա մի քանի տեղային դեպք, ուրեմն համաճարակը կարող է վերսկսվել։ Ազգային ծրագրի ղեկավար Ա. Քեշիշյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվել է մալարիայի ազգային նոր ծրագիր: Այն նախատեսել է մինչեւ 2005 թ. մալարիայի օջախների նվազեցում, նոր օջախների առաջացման եւ հիվանդության հետագա տարածման կանխում, իսկ մինչեւ 2005 թվականը՝ մալարիայի փոխանցման ընդհատում եւ հնարավոր վերացում։ Հավանաբար, հետաքրքիր կլինի իմանալ, որ մալարիան տարածված է երկրագնդի ավելի քան 100 երկրներում։ Եվ մեր մոլորակի բնակչության 2 միլիարդից (կամ 40%-ից) ավելին դեռեւս վարակման վտանգի տակ է։ Աշխարհում տարեկան հիվանդանում է 300-400 մլն մարդ (մեծ մասը՝ աֆրիկյան երկրներում)։ Իսկ մալարիայից տարեկան մահանում է 1,5-2,7 մլն մարդ։ ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ Մակաբուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել