Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՀԵՏ՝ «ՕՐԹԱԽ»

Դեկտեմբեր 13,2002 00:00

ՀԱՐԿԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՀԵՏ՝ «ՕՐԹԱԽ» Լուսանկարում պատկերված տարադրամի փոխանակման այս կետը (չենջ) տարիներ ի վեր գործել է առանց լիցենզիայի, հարկային տեսուչների հետ «լեզու գտնելով»։ Այսինքն, անօրինական գործունեություն է ծավալել։ Եվ իր այս «գործն» արել է հարկահավաքների ու այլ պետական մարմինների հետ «կիսովի» (միայն վերջերս են օրինականացրել իրենց գործը)։ Այդ են վկայում փաստաթղթերը։ Կենտրոնական բանկը «Առավոտի» հարցմանը պատասխանելով նշել է. «Ք. Երեւան, Կասյան 8, բնակարան 3 հասցեում գործում է «Աերոբրոք» ՍՊԸ արժութային դիլերի թիվ 10 մասնաճյուղը, որը Կենտրոնական բանկում գրանցվել է 21.08.02թ.։ Թույլտվությունն անժամկետ է։ Մինչ այդ նշված հասցեում որեւէ փոխանակման կետ կամ արժութային դիլեր արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա չի ստացել»։ Այսինքն, այնտեղ չենջ չպետք է լիներ։ Տարածքի բնակիչները հակառակն են պնդում. «Հիշյալ տարածքում 1996թ. գործում է տարադրամի փոխանակման կետ եւ խանութ»։ Այսինքն, եթե հաշվի առնենք, որ հարկային տեսուչները տեղյակ են ամեն մի սեղանիկի գոյությանը, առավել եւս՝ օբյեկտների, ապա պարզ է, որ այս չենջն էլ չի վրիպել նրանց աչքից, հատկապես տեղը նկատի ունենալով։ Այսպիսով, կարելի է հաշվել, թե 5-6 տարում այս «կետը» իր տիրոջ ու պետական մարմինների միջոցով ինչքան է խաբել պետբյուջեին. շուրջ 5 միլիոն դրամ (կենսաթոշակային չմուծված գումարները ներառյալ)։ Չենջի տիրոջ մտքով անցել է իր բիզնեսն օրինականացնել միայն հարեւաններից մեկի՝ տարբեր ատյաններին հղած անդադար բողոքներից հետո, ինչն էլ արել է «Աերոբրոքի» միջոցով։ Իսկ ընդհանուր պատ ունեցող հարեւանին՝ Գեւորգ Խաչատրյանին, որը «Հայրենական պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ է, երկու անգամ ինսուլտ տարած» եւ որի համար «աղմուկը հավասար է մահի», խանգարել են հենց աղմուկով. «Հիմա մինչեւ ժամը 24-ն են աշխատում։ Աղմկում են»։ Ու իրենց այս «ճռճռոցները (դռների- Ա. Ու.), գոռգոռոցները, դռդռոցները» քիչ են, գիշերային ժամերին եղածը լրացնում են «սիգնալիզացիայով» մեքենաները՝ «որ ծլմբոց են հանում»։ Մի խոսքով, մարդը գտնում է, որ ժամը 22-ից հետո հանգիստ ապրելու եւ քնելու իր իրավունքը ոտնահարվում է։ «Աերոբրոք» ՍՊԸ ղեկավար Մխիթար Ասլանյանը սա բացառելով հայտնեց, թե չենջում «մի մեծ կին է աշխատում եւ նա ի՞նչ պիտի աղմկի»։ Սակայն «Առավոտը» տեղում պարզեց, որ ոչ մի մեծ կին էլ չէր, այլ երիտասարդ տղա, ուստի այս անհամապատասխանությունից հետո չենք բացառում, որ երեկոյան ընկերներով հավաքվում են, երաժշտություն լսում, խոսում, երբեմն էլ աղմկում։ Պարոն Ասլանյանը հարեւանի այս բողոքը բացատրեց մրցակցությամբ. «Գ. Խաչատրյանի որդիներն էլ այդ տարածքում չենջ ունեն եւ ուզում են, որ սա փակվի, որից իրենց գործն էլ ավելի կլավանա»։ Սակայն, տեղում պարզվեց, որ այս մի քանի մետրի վրա մի քանի չենջ կա, իսկ ամբողջ փողոցի վրա՝ մի քանի տասնյակ։ Այնպես որ, մրցակցության հարցը մեխանիկորեն դուրս է գալիս։ Իսկ որ բողոքող հարեւանը՝ «Գեւորգ ձյաձյան խանութ ունի ու իր հեռախոսով բիզնես է անում», որն ապացուցող լուսանկարներն ունի «Աերոբրոքի» տնօրենը, գուցե հետաքրքիր է, բայց աղմուկի հետ ուղղակի կապ չունի։ Հետո, մյուս հարեւաններն, ըստ երեւույթին, չեն բողոքում, որովհետեւ կարծես թե ընդհանուր պատ ունեցող այլ հարեւան չկա։ Չնայած, ակնհայտ է, որ այս տարածքում էլի անկարգություններ կան, ինչի վրա հրավիրում ենք համապատասխան մարմինների ուշադրությունը։ Հետաքրքիր է, որ մինչ այժմ տարբեր պաշտոնական մարմիններին հղված բողոքներին պատասխանելիս ընդամենը նշել են, որ չենջն իրավունք ունի գործել մինչեւ ժամը 24-ը։ Նրանք (ԿԲ, ներքին գործեր, դատախազություն, թաղապետարան) մոռացել են, որ գոյություն ունեն համակեցության կանոններ, համաձայն որոնց, ցանկացած գործունեություն իրականացնելիս չի կարելի խանգարել հարեւաններին։ Ուստի, Արաբկիրի թաղապետարանն այստեղ անելիք ունի. լրացուցիչ ստուգելուց հետո կարող է միջնորդագիր ուղարկել ԿԲ-ին՝ չենջի աշխատանքային ժամերը կրճատելու խնդրանքով։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել