Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գարեջրագործ՝ դիզայների երազանքով

Դեկտեմբեր 11,2002 00:00

Գարեջրագործ՝ դիզայների երազանքով 27 տարվա գարեջրագործ վարպետ Ռոբերտին խիստ անհանգստացնում է մեր գարեջուրն արտադրողների «պահպանողական» վերաբերմունքն այդ խմիչքի տեսքի ու զանազան «աքսեսուարների» հանդեպ։ «Եվրոպայում կատարվող ցանկացած նշանավոր իրադարձություն, հոբելյան անպայման արձագանք է գտնում տեղում արտադրվող գարեջրի պիտակների, տակդիրների եւ համալրող այլ պարագաների վրա, իսկ մերոնք շատ անտարբեր են այդ հարցի նկատմամբ։ Ես մի ամբողջ ռեֆերատ եմ գրել ու ներկայացրել ղեկավարությանը, առաջարկել իմ ծառայությունները, բայց ընթացք չեն տվել,- ասաց վարպետ Ռոբերտն ու անմիջապես շեշտեց,- բայց, խնդրում եմ, սա մի գրեք, բողոք պետք չէ, մենք այսօր ուրիշ նպատակով ենք հավաքվել»։ Հարգենք խնդրանքն ու չնշենք, թե որտեղ է աշխատում գարեջրագործն ու որ ղեկավարությանն էր, բնականաբար, ուղղված բողոքը։ Իսկ մեր հանդիպման առիթը իսկապես այլ էր։ Դեկտեմբերի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում սկսվեց Ռոբերտ Հակոբյանի լուսանկարների եւ բիռոֆիլիայի եռօրյա ցուցադրությունը։ 2 հավաքածուներն էլ սիրողական մակարդակի էին։ Լուսանկարներում սիրունիկ «մռութներով» աղջիկներ էին, քաղաքային տեսարաններ (ոչ Երեւանից), ու էլի աղջիկներ՝ զբոսանքի դուրս բերած շներով։ Հատուկ թեմատիկա չկար, հատուկ շարք ու ասելիք՝ նույնպես։ Գարեջրագործի ասելով, ինքն «անմահացրել է» ժապավենի վրա այն, ինչն իրեն ուրախություն է պատճառել։ Հիշեցնենք, որ դրանք հիմնականում աղջիկներ էին ու կենդանիներ։ «Ամենաշատը սիրում եմ կենդանիներին, որովհետեւ նրանք ավելի կարգապահ են, քան մարդիկ։ Բացի այդ, սիրում եմ այն, ինչը բարի է, անշահախնդիր»։ Վարպետ Ռոբերտը լուսանկարել սկսել է 20 տարի առաջ, սկսել է զրոյից, իսկ 2 տարի անց ու մինչ օրս մասնակցում է ֆոտոակումբների կազմակերպած ցուցահանդեսներին։ Վերջերս նաեւ անհատական ցուցադրություններ է անում, ինչպես ինքն ասաց՝ որտեղ պատահի, ինչպես պատահի։ Իսկ «բիռոֆիլիա» կոչվածը տարբեր երկրներում թողարկված գարեջրային «աքսեսուարների» հավաքածուն է, որը ներկայացված է 7 թեմատիկայով՝ սպորտից մինչեւ կրոն։ «Սա պարզ դասընթաց է նկարիչ-դիզայներների համար, թե ինչպես աշխուժություն մտցնեն մեր գարեջրի աքսեսուարների մեջ»,- ասաց Ռ. Հակոբյանը, տեղում հուշելով գարեջրային դիզայնի մի հարմար թեմա՝ եկող տարի լրանում է «Արարատ-73»-ի 30-ամյակը։ Եթե այն չարտացոլվի տեղական գարեջրի շշերի վրա, ինչպես ՌԴ-ում եւ այլուր անում են իրենց ակումբների համար, մեր վարպետը խիստ կվշտանա։ «Քիչ չէ՝ իմ առաջարկած դիզայնը չեն ընդունում, իրենք էլ ոչինչ չեն անում այդ տխուր ու կրկնվող պիտակներից ազատվելու համար»,- պատճառաբանեց նա։ Այս ցուցահանդեսին այցելուներն ունեին իրենց դուր եկած լուսանկարն առանձնացնելու եզակի հնարավորություն. Ռոբերտը պատրաստակամ մատուցում էր գրիչներ ու խնդրում պլյուս դնել այն լուսանկարի կամ նմուշի տակ, որն ամենաշատն է դուր եկել։ Իր գաղափարն իրեն այնքան էր դուր եկել, որ մի քանի անգամ հարցրեց. «Բայց լավ եմ, չէ՞, մտածել»։ Հետաքրքրվեցինք, թե շա՞տ են այցելուները, եւ՝ ովքե՞ր են։ Արդեն օրվա վերջն էր ու պատասխանել կարելի էր։ Պարզվեց, որ առավոտ շուտ այցելել են Նորացված կոմկուսի իր ընկերները, իսկ մնացածը՝ կինոթատրոնի հերթական սեանսից առաջ ճեմասրահում պտտվող հերթական կինոդիտողներն են։ Ռոբերտը դրանից չի նեղվում՝ կարեւորն այն է, որ այցելուներ կան։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել