Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱԼՎԱՐՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՇԱԼՎԱՐԻ

Դեկտեմբեր 11,2002 00:00

ՇԱԼՎԱՐՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՇԱԼՎԱՐԻ Հայաստան մտնող զբոսաշրջիկներին, բացի քանդած փողոցների ստեղծած անհարմարություններից, զարմացնում ու հետաքրքրում է նաեւ հայուհիների ընդգծված շալվարասիրությունը՝ տարվա բոլոր եղանակներին։ Իրենք՝ աղջիկները, շալվար կրելը տարբեր կերպ են մեկնաբանում։ Այս առիթով հարցմանը մասնակից 100 աղջիկներից 50-ի համար հագուստի այս ձեւը պրակտիկ է, հարմար, իսկ ձմռանն էլ՝ տաք է։ 15-ի կարծիքով, շալվարը սեքսուալ տեսք ունենալու գրավական է, 10-ը համոզված է, որ այդ կերպ հնարավոր է թաքցնել «հայկական» կազմվածքը՝ հատկապես չափից դուրս հարուստ կոնքերը, ինչը շատ հայուհիների խանգարում է հպարտանալ սեփական բարեմասնություններով։ Գեղեցիկ սեռի 10 ներկայացուցիչ գտնում է, որ շալվարն ընդգծում է բնավորության ուժեղ գծերը՝ հաստատակամությունը, ինքնավստահությունը, նպատակասլացությունը։ Աղջիկների 10%-ը պնդում է, որ առանձնապես հատուկ նշանակություն չի տալիս շալվարին կամ կարճ փեշին եւ յուրաքանչյուր օր հագնվում է այնպես, ինչպես փչում է խելքին։ Աղջիկների 5%-ն ընդհանրապես շալվար չի հագնում, քանզի կարծում է, որ դա բոլորովին էլ «օջախի աղջկա» հագուստ չէ, եւ շալվարով դժվար թե հաջողվի «օջախի տղաների» սիրտը շահել։ Հարցմանը մասնակցած 100 տղամարդկանց մեծամասնությունը ուղղակի խենթանում է կարճ փեշի համար։ Ավելի շուտ, նրանց 60%-ը գերադասում է կնոջը տեսնել ծնկից նույնիսկ 2 թիզ բարձր կիսաշրջազգեստով, անգամ Եվայի հագուստով, եթե, իհարկե, այդ կինը իր կինը, քույրը, դուստրը կամ հարսնացուն չէ։ Տղամարդկանց 20%-ը կարծում է, որ շալվարը պրակտիկ հագուստ է կնոջ, հատկապես հայ կնոջ համար, որը առանց այն էլ թաղված է հոգսերի մեջ եւ իրեն «նայելու» կարգին ժամանակ ու հնարավորություն չունի։ Ուժեղ սեռի ներկայացուցիչների 10%-ը այնքան էլ չի կարեւորում կնոջ հագուստի ձեւն ու տեսակը, քանի որ ավելի շատ հոգեկան գեղեցկությանն է նշանակություն տալիս։ Հայ տղամարդկանց 5%-ը կտրականապես մերժում է շալվարը, այն համարելով ոչ հայեցի եւ ոչ կանացի հագուստ։ Ի դեպ, շալվարամերժ տղամարդիկ սվիններով են ընդունում նաեւ այն, երբ կինը կարճ կտրում-ներկում է մազերը կամ կոսմետիկ միջոցներ օգտագործում։ Տղամարդկանց 2%-ը շատ է ոգեւորվում, երբ կնոջ երկար փեշի մեծ ճեղքերից աչք են շոյում իրենց սիրելիների գեղեցիկ ոտքերը։ Նրանց 3%-ին էլ անչափ դուր է գալիս երկարափեշ, թափանցիկ կամ երկար, բայց մարմնի գծերն ընդգծող հագուստները։ Ի դեպ, գաղտնիք չէ, որ հայ աղջիկների մեծամասնության այս կամ այն զգեստը կրելը «պայմանավորում» են տոնավաճառները, որոնց պարունակությունը կախված է նրանից, թե որ երկրից ինչ ոճի եւ ինչքանով նորաձեւ հագուստ է ներկրվել։ Իսկ տոնավաճառները հիմնականում «զարդարում» են Արաբական Էմիրություններից, Թուրքիայից, Լեհաստանից, Վրաստանից եւ վերջապես Սադախլոյից բերված ապրանքները։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել