Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՆՀԱՂՈՐԴ Է ԻՐ ՏՎԱԾ ՆՅՈՒԹԻՆ

Դեկտեմբեր 11,2002 00:00

ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՆՀԱՂՈՐԴ Է ԻՐ ՏՎԱԾ ՆՅՈՒԹԻՆ «Իրավունք դասավանդող ուսուցիչն է ձեւավորում ապագա քաղաքացուն ու նրա քաղաքացիական գիտակցությունը»,- այս արտահայտությունը որպես կարգախոս հնչեց երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված կլոր սեղանի շուրջ։ ՄԱԿ-ում նշվում էր Մարդու իրավունքների օրը՝ մի շարք գրքերի ու գրքույկների շնորհանդեսով, ցուցահանդեսով, մարդու իրավունքների տարբեր ջատագովների զեկույցներով։ Հիմնական նյութը մարդու իրավունքների կրթության խնդիրն էր։ Մեկ տարի առաջ հանրակրթական դպրոցներում սկսվեց «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն» ու «Պետություն եւ իրավունք» նոր առարկաների դասավանդումը։ Այս տարվա հոկտեմբերին ամփոփվեցին արդյունքները։ Պարզվեց, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կենտրոնում վերապատրաստված ուսուցիչներին չեն բավարարում ոչ իրենց ստացած գիտելիքները, ոչ էլ՝ տրված դասագրքերի քանակն ու որակը։ Բացի այդ, այսօր արդեն դասավանդում են թերի կամ գրեթե անպատրաստ ուսուցիչներ, իսկ ինքնակամ վերապատրաստում անցածներից շատերն էլ մնացել են անաշխատանք։ Երեկվա կլոր սեղանին մասնակից ուսուցիչներն էլ բողոքեցին, որ իրենց ու իրենց աշակերտների կյանքում այնքան շատ են իրավունքների ոտնահարումները, որ ուսուցիչը դառնում է ինֆորմացիայի փոխանցող՝ անհաղորդ մնալով իր տված նյութից։ «Մենք չենք կարողանում համոզված ներկայացնել օրվա թեման, դա մեր հոգուց չի գալիս։ Աշակերտը մեր ամեն բառի համար մի «ինչու» ունի՝ վերցրած իր կյանքից, ի՞նչ պատասխանենք նրան»,- մտահոգված էին նրանք։ Հետո լավատեսորեն որոշեցին, որ պետք է առաջ նայել, որ գուցե ամեն ինչ փոխվի եւ իրենց տեսական նյութը գործնական օրինակով ամրապնդել կարողանան։ Մի շարք հռչակագրերով ամրագրված մարդու իրավունքների կրթության ու տարածման նախաձեռնողն ու ջերմ պաշտպանը Հայաստանում, ասացին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն է։ Ի՞նչ գիտեն Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության մասին մեր ուսուցիչները։ Հարցման մասնակիցներից 9,3%-ը նշել է, որ բացարձակ տեղեկություն չունի այդ մասին։ Ամենավատ տեղեկացվածները մայրաքաղաքին ամենամոտ մարզից են՝ Արմավիրից, ամենալավ տեղեկացվածները՝ Կոտայքի մարզից։ Հետաքրքիր է, որ կին ուսուցիչներն ավելի շատ են տեղյակ ՄԱԿ-ի գործունեությունից, քան տղամարդ ուսուցիչները։ Բնական է նաեւ, որ չիմացողների մեջ առյուծի բաժինը կազմում են գյուղաբնակ ուսուցիչները։ Նույնքան բնական է, որ մինչեւ 50 տարեկաններն առավել տեղեկացված են, քան 50-ից բարձր տարիքի ուսուցիչները։ Հարցաթերթիկում նշված տարբեր հիմնահարցերից ոչ մեկը չի նշել ժողովրդավարության հիմնախնդիրը։ Հետազոտողների կարծիքով, այս հանգամանքը խիստ տարօրինակ է. կամ մենք հասել ենք ժողովրդավարության գագաթնակետին, կամ էլ դրան հասնելն անհույս գործ է մեր երկրի համար եւ չարժե նույնիսկ հիշատակել։ Հարցվածները որպես առաջին հիմնախնդիր նշել են մարդու իրավունքների պաշտպանությունը, սա էլ, թերեւս, մասնագիտության բերումով։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը «նեղացած» է նաեւ այն բանից, որ չնայած իր կողմից առաջադրվել ու լայնորեն պրոպագանդվել են ընտանիքի, ընտանիքի պլանավորման, մշակույթի, թմրանյութերի ու ՁԻԱՀ-ի հիմնախնդիրները, բայց հարցվածներն այդ խնդիրները կամ ընդհանրապես չեն ընդգծել, կամ էլ դասակարգել են վերջին տեղում, ասել է թե, ըստ մեր ուսուցիչների, ՄԱԿ-ն այնքան էլ լավ չի պատկերացնում Հայաստանի առաջնահերթ խնդիրները։ Կրկին անդրադառնալով մարդու իրավունքների կրթությանը, կլոր սեղանի մասնակիցները որոշեցին. այսօրինակ կրթությունը զարգացնելու ցանկությունը կա, միջազգային կազմակերպությունների աջակցությունը կա, պետական կառույցներն էլ բարեհաճ են տրամադրված, ուրեմն՝ ի գործ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել