Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնությունը վարձահատույց կլինի

Դեկտեմբեր 11,2002 00:00

Բնությունը վարձահատույց կլինի Սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամը, վերջին տասնամյակի լուրջ քաղաքական իրավիճակը եւ շրջակա միջավայրի վրա չվերահսկվող մարդածին ազդեցությունները լուրջ վտանգ դարձան Կովկասի էկոհամակարգի համար: Մասնագետները բախվեցին այն խնդրի հետ, որ դեղաբույսերը վայրի բնությունից հավաքվում են ոչ կարգավորված, առանց պահպանելու կանոնները, ինչը բացասաբար է անդրադառնում ոչ միայն տարածաշրջանի յուրահատուկ կենսաբանական բազմազանության, այլեւ արդեն հավաքված խոտաբույսերի որակի վրա: Ընդ որում, այդ բույսերի մեծ մասը տարածաշրջանից արտահանվում է հումքի տեսքով, իսկ դրանց աճելավայրի, աճեցման, հավաքի, մշակման եւ վաճառքի պայմանների վերաբերյալ տեղեկատվությունն ուղղակի բացակայում է: Արդյունքում, Կովկասի դեղաբույսերի բազմազանության պահպանության վիճակը վատթարացել է: Բուժիչ խոտաբույսերից շատերը, որպես հազվագյուտ եւ անհետացման վտանգված տեսակներ, ներառվել են Կարմիր գրքերում: Այդ կապակցությամբ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակի մասնագետները հանդես եկան համապատասխան ծրագրի մշակման նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնելու կովկասյան էկոտարածաշրջանում դեղաբույսերի եւ բուսական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը: Շվեյցարական զարգացման գործակալության /դոնոր/ կողմից հավանության արժանացած Եռամյա ժամկետով ծրագրի իրականացումը սկսվել է ընթացիկ տարվա հունվարից: Վայրի դեղաբույսերի ռեսուրսների օգտագործման բարելավումը կնվազեցնի դրանց ոչ կարգավորված հավաքը, ինչպես նաեւ լրացուցիչ տնտեսական եկամտի աղբյուր կհանդիսանա ծրագրի իրականացմանը ակտիվորեն մասնակցող գյուղական բնակչության համար: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարական կառույցները եւ երեք երկրների համապատասխան գիտահետազոտական ինստիտուտները, ինչպես նաեւ դեղաբույսերի հավաքի եւ օգտագործման փորձ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները: Ընթացիկ տարվա մարտին եւ սեպտեմբերին Թբիլիսիում արդեն կայացել են Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում ստեղծված աշխատանքային խմբերի հանդիպումները։ Քննարկումների արդյունքում կազմվեց կովկասյան տարածաշրջանի դեղաբույսերի առաջնահերթ ցանկը՝ /շուրջ 50 անվանում/, որում տասնհինգը յուրահատուկ են: Ոչ բոլորին է հայտնի, որ Կովկասի դեղաբույսերի մեծ մասն առանձնանում է դեղերի պատրաստման ժամանակ օգտագործվող կենսաբանական ակտիվ բաղադրիչների բարձր խտությամբ: Բացի դրանից, հանդիպման ընթացքում քննարկվեցին դեղաբույսերի կայուն օգտագործման ոլորտում ազգային ստանդարտների փաստաթղթերի նախագծերը, որոնք էլ արդյունքում կներկայացվեն Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարական կառուցվածքների քննարկմանը, իսկ հետագայում՝ Օրգանական գյուղատնտեսության միջազգային ֆեդերացիայի հաստատմանը: Ներկայիս փուլը նախատեսում է Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում մոդելային ծրագրերի իրականացման համար տարածքների եւ գյուղական համայնքների ընտրում, որոնք կներգրավվեն այդ գործում: Ծրագրերի իրականացման հետագա փուլերում նախատեսված է հավաքի, աճեցման եւ դեղաբույսերի առաջնահերթ տեսակների մարքեթինգի վերաբերյալ ինֆորմացիոն համակարգչային տվյալների բազայի ստեղծում, ծրագրի իրականացման մասնակից մասնագետների համար դասընթացների անցկացում, ինչպես նաեւ Կովկասի դեղաբույսերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հատուկ ինտերնետ-էջի ստեղծում եւ այլն: Ներկայիս իրականությունը երբեմն պարտադրում է մոռանալ այն խնդիրները, որոնք ժամանակակից աշխարհում ձեռք են բերում առավել մեծ հրատապություն: Անտառհատումը, շրջակա միջավայրի աղտոտումը, մարդու կործանարար վերաբերմունքը բուսական եւ կենդանական աշխարհի նկատմամբ՝ առաջնահերթ խնդիրներ են, որոնց ուղղությամբ Արեւմուտքում խորհրդակցություններ են հրավիրվում: Սակայն մեր երկրներում այդ թեմաները երկրորդ պլան են մղվել: Մինչդեռ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է մտածել եւ հոգ տանել այն մեծագույն հարստության մասին, որը շրջապատում է մեզ: Իսկ բնությունը հարյուրապատիկ վարձահատույց կլինի: ԺԻՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել