Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՄԱՔՍԱՎՈՐԸ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳ Է

Դեկտեմբեր 11,2002 00:00

ԵՐԲ ՄԱՔՍԱՎՈՐԸ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳ Է Այդ ժամանակ եզը, այսինքն պետությանը հասանելիք փողը (մաքսատուրքը), երդիկից են հանում, այսինքն՝ ուղղում են սեփական գրպանները։ Այդ նպատակով մաքսավորները կատարելագործված մեթոդներ են մշակել։ Օրինակ, մաքսազերծման փաստաթղթերը ձեւակերպելիս այլ, ավելի էժան մաքսատուրք պահանջող ապրանքի կոդ են նշում։ Ասենք, կաշվի փոխարեն նշում են փոխարինիչի կոդ։ Կամ ներկրված, ասենք, 15 անուն ապրանքատեսակի փոխարեն 8-10-ն են ձեւակերպում։ «Մանր-մունր» հարցերում «չամռվելն» էլ չհաշված։ Ճիշտ նույն մեխանիզմով «Զվարթնոցի» մաքսատան աշխատակիցները «մաքսազերծել» էին գործարար Նարգիզ Դավոյանի բեռը՝ պետբյուջեին լրացուցիչ 60 հազար դոլարի ապրանքից գանձվելիք մաքսատուրքի փոխարեն երեք մատի կոմբինացիա ցույց տալով։ «Բացթողումը» հայտնաբերել են Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները՝ կրկնակի ստուգմամբ։ Մինչդեռ մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ այս մեթոդներն անխափան գործում են երկար տարիներ ի վեր եւ որ նմանատիպ տասնյակ խախտումներ կարելի է հայտնաբերել գրեթե ամեն օր։ Հիշյալ դեպքը ներգերատեսչական հետաքրքրությունների կենտրոնում է հայտնվել։ «Առավոտի» հավաստի աղբյուրները պնդում են, որ ԱԱ աշխատակիցների գործողություններից դժգոհ, մաքսային ծառայության աշխատակիցները դիմել են ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայություն՝ մի «սուրբ» պատճառաբանությամբ. «Ազգային անվտանգությունը մեզ խանգարում է պետբյուջեի կատարման գործում»։ Վերահսկողական ծառայությունն, իհարկե, սրտապատառ չի լծվել բյուջեի «փրկության» գործին եւ սկսել է ուսումնասիրել դեպքը, լսելով երկու կողմի փաստարկները։ Իսկ մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանն, ըստ մեզ հասած լուրերի, չի պատրաստվում օգնել իր կարգազանց ծառայողներին, որովհետեւ նրանք դա արել են առանց իր գիտության։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե իմանալու դեպքում կօգնե՞ր։ Այս դեպքում արդիական է, սակայն, մեկ այլ հարց. եթե իմանար՝ թույլ կտա՞ր։ Խնդիրն այն է, որ այսպիսի չձեւակերպված գումարների շատ փոքր (10 տոկոսի էլ չհասնող) մասն է մնում տեսուչներին։ Մնացածը շարժվում է վերեւների ուղղությամբ։ Համենայնդեպս, այսպես պնդում են լավատեղյակները։ Ինչքան վերեւների՝ երեւի տեսուչներն էլ չգիտեն։ Այլապես նրանք հույսներն ինչի՞ վրա են դրել վերահսկողական ծառայություն կանչելիս, հասկանալի չէ։ Բացի այդ, եթե հիշյալ մեխանիզմների մասին տեղյակ են արդեն լայն շրջանակները, ապա դժվար թե պատկան մարմիններն անտեղյակ լինեն։ Այլապես մեր աղբյուրը տարակուսում է. այդ ինչ միջոցներով է մաքսատան ուղեւորային բաժնի պետ Ստյոպա Մարությանը նոր Մերսեդես գնում, կամ նույն բաժնի հերթափոխի պետ Աշոտ Հակոբյանը (մականունը՝ Լուցխ) Հյուսիսային պողոտայի վրա տուն գնում։ Մեր աղբյուրները միաժամանակ հավաստում են, որ մաքսատան մի շարք աշխատակիցներ «աշխարհը դեսն անելուց» շատ հոգնելով, «լիցքաթափվում» են «Ոսկե ձկնիկի» դիմացի կազինոյում։ Բացի այդ, հիշեցնենք, որ նմանատիպ մի դեպք էլ (ժամացույցների գործով) շուրջ կես տարի առաջ է հայտնաբերվել, որի հետեւանքով, որպես «պատիժ», մաքսատան այն ժամանակվա պետ Բորիս Սարգսյանը տեղափոխվեց Մեղրիի մաքսատուն՝ զբաղեցնելով պետի պաշտոնը։ Այնպես որ, հեռու ենք այն մտքից, թե «Զվարթնոցի» մաքսատան պետ Կարեն Ջանոյանը (որի երեխաների կնքահայրն, ըստ չճշտված տեղեկության, կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանն է), նրա տեղակալ Արմեն Հովհաննիսյանը (մականունը՝ Ֆոքս), մյուս տեղակալ Մուրադ Սարգսյանը, զննման բաժնի պետ Գրիշա Գասպարյանը, հերթափոխի պետ Էմին Գալյանը պատասխանատվություն չեն կրում նմանատիպ «վրիպումների» համար։ Թեեւ հարկ է նկատել, որ իրավաբանորեն նրանք մաքուր են։ Միգուցե նրանց պատասխանատվությունը մեծացնելու համար հարկավոր է կարգը փոխել եւ պահանջել, որ տեսուչների կազմած անդորրագրերը նրա՞նք կնքեն։ Գործն այժմ դատախազությունում է։ Ասում են, կարգազանց մաքսավորները 500 հազար դոլար կաշառք են առաջարկում գործը փակելու համար։ Տվյալ դեպքում, հարց չի առաջանում, թե՝ որտեղից։ Իսկ դատախազներն, ասում են, առայժմ ոչ մի կերպ չեն համաձայնում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Հետաքրքիր է, որքան պետք է բարձրացվի մաքսավորի աշխատավարձը, որ մեկ գիշերում 60 հազար դոլար աշխատելու ախորժակը բավարարվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել