Բոջոլյանի դատավարությունն ավարտվեց Երկու օրից հայտնի կդառնա հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Մուրադ Բոջոլյանի դատավարության արդյունքը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ ավարտեց այս գործի դատաքննությունը: Այն եզրափակվեց Բոջոլյանի պաշտպան Հովիկ Արսենյանի միջնորդության ենթադրելի մերժմամբ: Պարոն Արսենյանը միջնորդեց կարճել Բոջոլյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ վերացնել խափանման միջոցը: Հովիկ Արսենյանն իր միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ քրեական գործ հարուցելու պահին դատախազությունը որեւէ փաստական հիմք չի ունեցել նրան հայրենիքի դավաճանության մեջ մեղադրելու համար, ընդամենն ունեցել է հեռախոսազրույցի գաղտնալսում, ինչը, համաձայն ՔԴՕ-ի, ապօրինի է. օրենքով գաղտնալսում թույլատրվում է միայն քրեական գործի հարուցումից հետո: Բացի այդ, Հովիկ Արսենյանը վկայակոչեց այն իրողությունը, որ Բոջոլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հենց իր ցուցմունքների հիմքով: Վերը նշված հիմնավորումներով միջնորդության կապակցությամբ կարծիք արտահայտելիս՝ մեղադրող Արամ Ամիրզադյանը հարկ համարեց հայտարարել, որ միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ «դատարանը պետք է խորհրդակցական սենյակում արդարացի վճիռ կայացնի»: Դատարանն էլ, բնականաբար, «արդարացի» համարեց անսալ դատախազության ներկայացուցչին եւ մերժել Հովիկ Արսենյանի միջնորդությունը: Վերջինիս միջնորդություններից մեկը, սակայն, անսահման մեծահոգությամբ ընդունեց մեղադրող կողմը: Հովիկ Արսենյանը միջնորդեց քրեական գործին կցել Մուրադ Բոջոլյանի հեղինակած ու հայաստանյան թերթերում տպագրված հոդվածները, որոնց նկատմամբ անտարբերություն էր դրսեւորել դատախազությունը: Արսենյանը միաժամանակ նկատեց, որ այս նյութերը պետք է ժամանակին հավաքեին եւ գործին կցեին մեղադրողները: Դրանց մեջ, իհարկե, «հետախուզական» տարրեր չկան, սակայն, այնուամենայնիվ, մեղադրողները շնորհակալություն հայտնեցին Արսենյանին: Երբ դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, մեղադրող Արամ Ամիրզադյանն իր ճառում հայտարարեց. «Բոջոլյանին մեղսագրվող արարքը համարվում է առանձնապես վտանգավոր գործողություն: Նա օտարերկրյա հետախուզության առաջադրանքով հավաքել է տարաբնույթ տեղեկություններ»: Ընդ որում՝ մեղադրողը հայտարարեց, որ դատապարտելի է ոչ միայն պետական գաղտնիք պարունակող, այլեւ՝ չպարունակող տեղեկություններն օտարերկրյա լրատվամիջոցներին հաղորդելը. «Բոջոլյանը, լինելով պրոֆեսիոնալ հետախույզ, ցանկացել է գործել ի վնաս Հայաստանի»,- եզրակացրեց մեղադրողը: Արամ Ամիրզադյանն, իբրեւ բացառիկ նշանակության իրեղեն ապացույց, վկայակոչեց այս քրեական գործով հայտնի սպիտակ եւ կապույտ թղթերը. կապույտի վրա նշված են եղել Բոջոլյանի ստանձնած հանձնարարությունները, իսկ սպիտակի վրա՝ կատարված հանձնարարությունները: Այսպիսով, Ամիրզադյանն ազդարարեց, որ Բոջոլյանին մեղսագրված արարքը լիովին հինավորված է ՔՕ 59 հոդվածի առաջին մասով: Նա դատարանից պահանջեց Բոջոլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ ամբողջ գույքի բռնագանձմամբ, իսկ պատժի կրումն՝ ուժեղացված ռեժիմով: Այս պահանջը լսելով՝ դատարանում ներկա գտնվողներից ոմանք իրենց զարմացական վերաբերմունքն արտահայտեցին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այս նկատելով՝ տեղեկացրեց, որ մեղադրողների պահանջով դեռեւս չի որոշվում Բոջոլյանի պատժաչափը: Այն կհրապարակվի Բոջոլյանի եւ նրա պաշտպանի պաշտպանական ճառից հետո, որոնք դատարանը լսելու է դեկտեմբերի 12-ին: ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ www.taregir.am