Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԻՆՉԵ՜Ր ՊԻՏԻ ԼԻՆԵՆ

Դեկտեմբեր 11,2002 00:00

ԴԵՌ ԻՆՉԵ՜Ր ՊԻՏԻ ԼԻՆԵՆ Դեռեւս դեկտեմբերի 5-ին ՍԻՄ նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել Իսկ այնտեղ մասնավորապես ասված էր, որ դեկտեմբերի 3-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը վավերացրեց ԿԸՀ-ի նոյեմբերի 26-ի ապօրինի որոշումը, որով մերժվել էր Արամ Կարապետյանին առաջադրող երկրորդ նախաձեռնող խմբի գրանցումը: «Կիրառելով Օրենսդրությամբ չնախատեսված սահմանափակումներ՝ ՀՀ իշխանությունները փաստացի ամբողջ նախընտրական գործընթացն ապօրինաբար հարմարեցնում են Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քմահաճույքին: Իսկ դատարանի ակնհայտ ապօրինի վճիռը մեկ անգամ եւս փաստում է, որ ՀՀ նախագահի կողմից նշանակված եւ ամբողջովին կոռումպացված դատավորներից արդարադատություն ակնկալելն առնվազն միամտություն է»: Շտաբը միաժամանակ արձանագրել էր. «Նման գործողություններով ՀՀ իշխանությունները ցույց են տալիս, որ ընտրական գործընթացների հենց առաջին քայլից որդեգրել են համատարած ապօրինությունների քաղաքականություն՝ նպատակ ունենալով ապահովել գործող նախագահի ոչ լեգիտիմ վերընտրությունը»: Այդ հարցը ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի մատուցմամբ, շատ սկզբունքային է: Ըստ նրա, այն մոտեցումը, որ ցուցաբերել է ԿԸՀ-ն, եւ, որին պաշտպանել են ՀՀ դատարանները, կարող են հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ թեկնածուներից անկախ ձեւավորված նախաձեռնող խումբը կարող է լինել թեկնածուի ոչ միայն հակառակորդը, այլեւ թշնամին: Վերջինս, ըստ պրն Խաչատրյանի, «կարող է առաջինը ներկայացնել թեկնածուին պաշտպանելու հայտ, դառնալ առաջին նախաձեռնող խումբ եւ, չգիտես ինչ անհեթեթ տրամաբանությամբ», ԿԸՀ-ն դա կհամարի առաջինն ու միակը, որից հետո այդ խումբը դիտավորյալ կարող է տապալել իր առաջադրած թեկնածուի ստորագրահավաքը: ԿԸՀ-ի տրամաբանությանը հետեւելով, ըստ Հ.Խաչատրյանի, հաջորդ ընտրությունների ժամանակ կարելի է ստեղծել կեղծ նախաձեռնող խմբեր եւ տապալել որեւէ թեկնածուի գրանցումն ու ամբողջ ընտրարշավը: «ԿԸՀ-ն վկայակոչում է «Ընտրական օրենսգրքի» հոդված 68-ի 2-րդ կետը, որտեղ խոսքը գնում է նախաձեռնող խմբի կողմից միայն մեկ թեկնածուի առաջադրման մասին, մինչդեռ ԿԸՀ-ն որեւէ փաստ չունի, որ Ա.Կարապետյանին առաջադրած մյուս նախաձեռնող խմբերը բացի նրանից որեւէ այլ թեկնածու են առաջադրել»,- պարզաբանեց Հ.Խաչատրյանը: ՍԻՄ նախագահն անդրադարձավ ԿԸՀ-ի նաեւ այն մեկնաբանություններին, թե թեկնածու առաջադրած միայն մեկական նախաձեռնող խումբ գրանցելով՝ ինքը թեկնածուների համար հավասար պայմաններ է ապահովում: Հ.Խաչատրյանը հեգնեց, թե ԿԸՀ-ն, ըստ էության, իր վրա բեռ է վերցրել՝ մինչեւ նախագահական ընտրությունների վերջը բոլոր թեկնածուների համար հավասար ձայներ ապահովել: «Որովհետեւ ի պատասխան իմ այն հարցի, թե ինչու անհավասար պայման չի համարում այն, երբ մեկ թեկնածուի նախաձեռնող խմբում կա 100 անդամ, իսկ մյուսի նախաձեռնող խումբը բաղկացած է 140 կամ 250 հոգուց, դատավորն ասաց, թե օրենքում որեւէ կետով նախաձեռնող խմբի թիվը չի սահմանափակվում: Բայց օրենքում չկա նաեւ կետ, որով սահմանափակվում է նախաձեռնող խմբերի թիվը: Ո՞վ է ԿԸՀ-ին իրավունք վերապահել օրենքը մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է իրենց»,- տարակուսեց պրն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ դատարանի կայացրած վճռից պարզ դարձավ, որ ՀՀ դատարանն այդ իրավունքը՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» վերապահում է ԿԸՀ-ին: Միաժամանակ, կուսակցության նախագահի դիտարկմամբ, «իշխանությունների համար «կաշմառ» կլիներ, եթե ընդդիմադիր թեկնածուին պաշտպանեին, ասենք, մի քանի տասնյակ կամ հարյուր նախաձեռնող խմբեր». «Այս մղձավանջն իրենց այնքան է տանջում, որ դա աչքի առաջ ունենալով նրանք փորձում են, շրջանցելով իրենց լիազորությունները, սահմանափակել այդ հնարավոր մղձավանջը»: Ակնկալվող հարցադրում եղավ Քոչարյանի թեկնածության առաջադրման եւ գրանցման օրինականության շուրջ: Դրան ի պատասխան ՍԻՄ նախագահը նկատեց. «Երբ ասում ես՝ ԼՂ բնակչությունը պետք է մասնակցի ՀՀ բոլոր ընտրություններին, մեզ միանգամից մեղադրում են Քոչարյանի համար 100 հազար լրացուցիչ ձայն ապահովելու մեջ: Եվ 98-ին ենք ասել, հիմա էլ ասում ենք. բազմաթիվ ու հազարավոր պատճառներ կան, որ հայ ժողովրդի մեծամասնությունը չպետք է ձայն տա Ռ.Քոչարյանին եւ նրա վարչակարգի որեւէ ներկայացուցչի: Եվ պետք չէ այդ սկզբունքային հարցը շահարկել ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար»: Ըստ նրա, երբ ժամանակին ՍԻՄ-ը պաշտպանում էր Քոչարյանի թեկնածությունը, զուգահեռաբար պահանջում էր, որ ընտրություններին մասնակցի ԼՂ ողջ բնակչությունը՝ նկատի ունենալով 89թ. ԳԽ որոշումը ԼՂԻՄ-ի եւ Հայաստանի վերամիավորման մասին: Նրա ասելով, իրենք Քոչարյանի մասնակցության օրինականությունն այդ՝ իրենց համար սկզբունքային, տեսանկյունից են դիտարկել: ՍԻՄ-ը, Հ.Խաչատրյանի ասելով, Քոչարյանին պաշտպանելիս նկատի չի ունեցել, որ ԼՂ-ից միայն նա ընտրելու եւ ընտրվելու իրավունք ստանա: Ինչ վերաբերում է նույն Քոչարյանի առաջիկայում գրանցվելու հավանականությանը, պրն Խաչատրյանը, այնուամենայնիվ, այս անգամ մեկ վերապահում արեց. մինչեւ ընտրությունները Քոչարյանը պետք է լուծի ԼՂ ողջ բնակչությանը ՀՀ-ում տեղի ունեցող ընտրություններին մասնակցելու հարցը: Կարելի է ենթադրել, որ հակառակ դեպքում ՍԻՄ նախագահն է՞լ գործող նախագահի գրանցումը անօրինական կհամարի: Այս հարցը տակավին հստակ պատասխան չունի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել