ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ «ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ» Այսօր Հայաստանում գրեթե պաշտպանված չեն ստեղծագործողների հեղինակային իրավունքները։ Պատճառը, շատերի կարծիքով, օրենսդրական դաշտի անկատար եւ բնագավառի չզարգացած լինելն է։ Հեղինակները շարունակ դժգոհում են, թե ոտնահարվում են իրենց իրավունքները, սակայն մեծամասնությունը երեւի չգիտի էլ, որ Հայաստանում վաղուց գործում է Հեղինակային եւ հարակից իրավունքի մասին օրենքը։ Ըստ դրա, ստեղծագործողը իր հեղինակային իրավունքը կարող է վիճարկել դատարանում։ 1974 թվականից Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվում էր Մոսկվայի համամիութենական կազմակերպությունը, իսկ 94-ից սկսած՝ Հեղինակային իրավունքի ազգային գործակալությունը։ Այսօր արդեն, 2001-ի հունվարից, նման հարցերով զբաղվում է «Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունը, որը գործում է Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ։ Ըստ վերոհիշյալ ընկերության գլխավոր մասնագետ Սոնա Վարդանյանի. «Մեր հեղինակներն ու երգիչները տեղյակ չեն իրենց իրավունքների եւ գործող օրենքների մասին։ Քանզի, եթե տեղյակ լինեին, ապա մինչ երգ ձայնագրելը պայմանագիր կկնքեն ձայնագրման ստուդիաների հետ, որպեսզի հետո դրանք իրենց ստեղծագործությունները ապօրինաբար չզետեղեն անորակ հավաքածուներում։ Շատ դեպքերում նրանց երգերը օգտագործվում են զանազան գովազդներում, իսկ իրենք հոնորար չեն պահանջում՝ կամ օրենքի չիմացության պատճառով, կամ էլ «ախպերական-ընկերական» հարաբերություններից ելնելով»։ Այսօր արդեն մի քանի հեղինակներ՝ սեփական իրավունքների պաշտպանությամբ մտահոգ, սկսել են համագործակցել «Հայհեղինակի» հետ։ Սակայն վերջինս էլ կարծես ձեւական բնույթ է կրում։ Ըստ Ս. Վարդանյանի, «յուրաքանչյուր կազմակերպություն, որը համերգ է կազմակերպում, երգիչներից բացի, պարտավոր է վարձատրել նաեւ համերգի ընթացքում հնչած երգերի հեղինակներին»։ Սակայն հեղինակների իրավունքների պաշտպանության առաքելությամբ հանդես եկող այս կազմակերպությունը եւս թերանում է, չի վճարում վերջիններիս, պատճառաբանելով, «որ Հայաստանում դեռ շուտ է նման բաների մասին խոսելը»։ Հարց է առաջանում. եթե «Հայհեղինակը» չի կարողանում լիարժեք ծառայել այն նպատակին, ինչի համար ստեղծվել է եւ չի կարողանում գանձել հեղինակներին հասանելիք գումարները, որ սահմանված է օրենքով, ապա ո՞րն է նրա դերը։ Նշենք, որ «Սայաթ-Նովա- 2002» մրցույթ-փառատոնի կազմակերպիչները եւս մինչ օրս չեն վճարել հեղինակներին հասանելիք գումարները։ Ըստ Ս. Վարդանյանի, փառատոնի կազմակերպիչները այս կերպ են հիմնավորել մասնակիցներին «քցելը». «Սայաթ-Նովան» մրցանակաբաշխություն է, ի՞նչ հեղինակ, ի՞նչ բան»։ Սակայն «Հայհեղինակը» նրանցից դեռ պահանջում է արտիստների օրինական գումարները։ Ըստ «Հայհեղինակի» գլխավոր մասնագետի, իրենց կազմակերպությանը պարտք են նաեւ մի քանի հեռուստաընկերություններ, որոնք յուրաքանչյուր ամսվա իրենց եկամտի 2%-ը պետք է վճարեն այդ ամսվա ընթացքում հնչած երգերի հեղինակներին։ Տեղեկացնենք նաեւ, որ ըստ գործող օրենքի, եթե մեր երկրում համերգներով հանդես է գալիս արտասահմանյան որեւէ երգիչ, ապա վաճառված տոմսերից գոյացած հասույթի 5%-ը պետք է ուղղվի այդ երգչի երգերի հեղինակներին վարձատրելու համար։ Նման դեպքերում եւս խնդիրներ են առաջանում, քանի որ արտասահմանյան երգիչներին հրավիրողները «տեղյակ չեն», որ, բացի իրենց գովազդած կուռքին մի քանի հազար դոլար վճարելուց, պետք է վճարեն նաեւ արտասահմանցի կոմպոզիտորներին։ Ինչեւէ, օրենքը պահանջում է, որ վարձատրվեն ոչ միայն նրանք, ում գրած երգերը հնչում են համերգասրահներում, ֆիլմերում, ներկայացումների ժամանակ, գովազդներում, այլեւ նրանք, ում ստեղծագործությունները հնչում են ռեստորաններում ու գիշերային ակումբներում։ Փաստորեն, կարելի է համոզված ասել, որ նույն օրենքը խախտում են եւ բիզնեսմենները, եւ գովազդային գործակալությունները, եւ համերգների կազմակերպիչները։ Իսկ դրանց դեմ պայքար գրեթե չի էլ տարվում։ Ինչ վերաբերում է ձայներիզներին, ապա, ըստ Սոնա Վարդանյանի, 2001-ին միայն Մալաթիայի տոնավաճառի շրջակայքում ահռելի քանակով ապօրինի ձայներիզներ են հայտնաբերվել։ Նման երեւույթի դեմ Ռուսաստանում պայքարում է IFPI միջազգային կազմակերպությունը, որի կենտրոնը Լոնդոնում է, իսկ մասնաճյուղերը՝ գրեթե ողջ աշխարհում։ 2003 թվականից Հայաստանը նույնպես «կքաղաքակրթվի» այս առումով, քանի որ այդ կազմակերպության գրասենյակը կբացվի նաեւ մեր երկրում։ Ըստ որոշ աղբյուրների, 2001-ի առաջին կիսամյակին Մոսկվայում հայտնաբերվել է 30.000 կեղծ ձայներիզ։ Մեր երկրում եւս, որպես կանոն, կեղծվում են հիմնականում ռուսական եւ ամերիկյան երգիչների ձայներիզները։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ