Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանց շենքային պայմանների

Դեկտեմբեր 10,2002 00:00

Առանց շենքային պայմանների 1999-ին ընդունված «Կրթության մասին» օրենքով ոչ պետական բուհերի հավատարմագրման առաջնային պայման էր նախանշվել սեփական տարածքի առկայությունը։ Հետագայում հիշյալ պայմանը փոխարինվեց վարձակալվող տարածք հասկացությամբ, որովհետեւ այդ ժամանակ գործող մոտավորապես 9 տասնյակ մասնավոր բուհերը չէին կարող իրենց համար շենքային պայմաններ ստեղծել։ Եվ օրենքը խթանեց, որ մի շարք բուհեր ձեռնամուխ լինեն կառուցել սեփական շենքեր («Հրաչյա Աճառյան», «Գլաձոր», ԵՏԻ, «Մեսրոպ Մաշտոց» եւ այլ համալսարաններ)։ Ինչո՞ւ է հատկապես կարեւորվում սեփական տարածքի առկայությունը, եթե կարելի է այն վարձակալել։ Իրենց հիմնադրման օրվանից ոչ պետական բուհերը վարձակալել են դպրոցներ, պետական բուհերին պատկանող տարածքներ, ինչպես նաեւ գործարաններին ու հիմնարկներին պատկանող, պարապուրդի մատնված մասնաշենքեր։ Եթե ուսումնական հաստատությունների տարածքում դեռ հնարավոր է փոքրիշատե նորմալ ուսումնական գործընթաց կազմակերպել, ապա հիմնարկություններն ու գործարանները հիշյալ գործունեությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Վերջիններս նույնիսկ լսարաններ չունեն, որոնք փոխարինվում են տվյալ հաստատության դատարկված սենյակներով։ Շռայլություն է համարվում համապատասխան մասնագիտական կաբինետների եւ գրադարանի առկայությունը։ Այսպիսով, պատկերացնենք համալսարան հորջորջվող ուսումնական հաստատություն, որն, ասենք, չունի գրականության կամ լեզվաբանության կաբինետ։ Հաջորդ կարեւոր պարագան սանիտարահիգիենիկ տարրական պայմանների բացակայությունն է։ Այսինքն, զուտ չորս պատերի առկայությունը դեռեւս ուսումնական գործընթաց կազմակերպելու համար բավարար չէ։ Ուրեմն, ավելորդ է ուսուցման որակի մասին խոսելը։ Արդյո՞ք ուսումնական հաստատություններում տեղակայված ոչ պետական բուհերն ավելի շահեկան դրության մեջ են։ Պետական բուհերի տարածքում գործող մասնավոր համալսարանները հաճախ այդ փաստն օգտագործում են որպես առավելություն՝ դիմորդներ գրավելու նպատակով։ Այսօր 5-ից ավելի ոչ պետական բուհ ու միջին մասնագիտական հաստատություններ են տեղակայված Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի շենքում։ Մոտավորապես նույնպիսի դրություն է Ճարտարագիտական եւ ճարտարապետաշինարարական համալսարաններում։ Հիշյալ շենքերը նախատեսված են որոշակի թվով ուսանողների համար եւ մասնավոր բուհերի «ավելորդ» ուսանողների հաշվին առաջանում է լսարանի խնդիր։ Երբ դասաժամի սկզբին պետական բուհի ուսանողը տանտիրոջ իրավունքով զբաղեցնում է դասատախտակով իրեն նախատեսված լսարանը, «ավելորդ» ուսանողը, անկոչ հյուրի պես, դասը սկսում է ազատ լսարան փնտրելով։ Փնտրտուքը կարող է դասի կեսից հաջողությամբ պսակվել եւ 30-40 րոպե կորցնելուց հետո, այնուամենայնիվ, դասը կայանա կամ էլ ազատ լսարան չլինելու պատճառով դասաժամը ձախողվում է։ Սակայն ուսանողը արդեն նախօրոք վճարել է թե՛ ձախողված դասաժամի, թե՛ վարձակալված, բայց զբաղված լսարանի դիմաց։ Այսպիսով, լսարանային խնդիրը հաճախ այն աստիճան է սրվում, որ տվյալ բուհի ղեկավարությունը ստիպված հարկադիր պրակտիկա է նշանակում՝ նախքան անհրաժեշտ ուսումնական ծրագրերի յուրացումը ուսանողության կողմից։ Այսքանով, սակայն, ուսումնական ծրագրերի ձախողումը չի սահմանափակվում։ Այսպես, եթե պետական բուհերը ուստարին սկսում են ավանդական սեպտեմբերի 1-ով, ապա մասնավորը՝ սեպտեմբերի կեսերին։ Կիսամյակը նույնպես ավարտվում է 2 շաբաթ ոչ թե ուշ, այլ շուտ՝ պետական բուհերից։ Արդյունքում, մասնավոր բուհն իր կիսամյա ուսումնական պլանը «հասցնում» է 1 ամիս ավելի շուտ կատարել, քան պետական բուհը։ Իսկ կառավարության կողմից սահմանված կարգով ուսպլանը պետք է կատարվի 34 շաբաթում, յուրաքանչյուր շաբաթ՝ 32-34 ուսումնական ժամերով։ Իսկ ոչ պետական բուհերը «հաջողում» են 5-օրյա ուսումնական շաբաթով, յուրաքանչյուր կիսամյակ 1 ամիս քիչ պարապելով, «կազմակերպել» ուսումնական գործընթաց։ Այսպիսով, սեփական շենքային պայմաններն առաջին հերթին անհրաժեշտ են ուսումնական նորմալ գործընթաց իրականացնելու համար։ ԼՈՒՍԻՆԵ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել