ՆԱԽ ՄԵԶ ՓՈԽԵՆՔ «Ժողովրդավարական Հայրենիքի» համագումարում Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես եկավ մի ելույթով, որի առանձին հատվածներ հրապարակել է թերթերից միայն մեկը: Սակայն հարկ է անդրադառնալ այդ բավական ուշագրավ ելույթի այլ հատվածների եւս: «Այսօր մեր պետականության թիվ մեկ ախոյանը ոչ թե ներկա իշխանության գավառամտությունն է, այլ այդ գավառամտությունը ծնող պատճառները,- ասաց Միքայել Հայրապետյանը:- Ուստի ոչ թե նրանց, այլ մեր մասին կասեմ մի քանի խոսք»: Եվ ասաց, թե իշխանություններն ամենեւին մեղավոր չեն, որ կուսակցությունները կոտորակվում են ու փչանում. «Իսկ ինչո՞ւ իշխանությունները չպիտի օգտվեին դրանց այդ հակվածությունից, մանավանդ որ, իշխանություն կոչվող այսօրվա խառնամբոխի միակ խնդիրը մեր երկրի ղեկավարման ուզուրպացիան է: Յուրաքանչյուրն այն վիճակում է, որին արժանի է: Մի՞թե իրոք իշխանություններն են մեղավոր, որ 100 տարուց ավելի հակաթրքությամբ սնվող կուսակցությունը պաշտպանում է մեկին, որն ասում է. «Թուրքիայի հետ հարաբերություններ՝ առանց նախապայմանի»: Իշխանություննե՞րն են մեղավոր, որ իրենց խոսքն ասելու պարտավորները դարձյալ փորձում են թաքնվել Տեր-Պետրոսյանի տիրական ստվերում՝ հերթական անգամ փորձելով ոչինչ չտալով միայն վերցնել: Մի՞թե իշխանություններն են մեղավոր, որ հմուտ նետաձիգի պես՝ 16-ից 16 «միասնական» թեկնածուներ են կրակվում շողոքորթների միասնականի դեմ: Ի՞նչ հիմքի վրա կարող է լինել միասնականը. արդյոք ընդդեմի՞, թե՞ գաղափարախոսական հստակության, իսկ այդպիսիք 3-4-ը կարող են լինել միայն: Միայն իշխանություննե՞րն են մեղավոր, որ օտարները նույնիսկ Արկադի Վարդանյանի նմաններին են շատ համարում ու արդեն դեմ են տալիս ինչ-որ սուռոգատային երեւույթների»: «Ուզում ենք փոխել իշխանությունը՝ ուրեմն փոխենք ինքներս մեզ,- ասաց Միքայել Հայրապետյանը: Նաեւ նշեց,- Չխաբենք ինքներս մեզ՝ իշխանությունը գնալու է սոսկալի կեղծիքների ու ապօրինությունների. օրվա միակ խնդիրն այն է, որ դատապարտենք իշխանություններին ավելի մեծ չափերով կեղծիքների դիմելու, որի տակից, համոզված լինենք, չի՛ կարողանա դուրս գալ, եթե գոնե այս անգամ չլքի կեղծիքները չմարսելու եւ սեփական ձայներին տեր կանգնելու քաղաքացիական արիությունը»: Ա. Ի.