ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Մարդկային ոգու բարձր արտահայտությունները հազվադեպ են, եզակի: Ցանկացած դարաշրջանում դրանք մարմնավորում են 2-3 հոգի: Այդպիսի մարդ էր մեզ համար Էդմոն Գեղամի Ավետյանը: Ընդ որում, նրան հատուկ էին կյանքի համար շատ «անհարմար» երկու հատկություններ՝ բարոյական անզիջողականությունն ու ինտելեկտուալ անկախությունը: Մեզանից շատերը նրան գիտեն եւ հիշում են որպես նշանավոր այլախոհի: Բայց այլախոհներն էլ են տարբեր տեսակի լինում: Չնայած հարափոփոխ ժամանակաշրջաններին, Էդմոն Ավետյանը չէր հարմարվում, իր գործերը չէր դասավորում՝ ամեն ինչ փոխվում էր, իսկ նա ապրում էր, ինչպես ինքն էր սովոր: Կենցաղում՝ ոչ պահանջկոտ, նա կյանքի այլ ոլորտներում բարձրագույն պահանջներ ու նրբագույն ճաշակ ուներ: Նա ինքն էր ընտրել իր ճակատագիրը, ինքն էր որոշել իր կոչումը: Կոչումով նա, հավանաբար, «գրքի մարդ» էր՝ ոչ միայն այն պատճառով, որ շատ լեզուներ գիտեր, անչափ բազմակողմանիորեն կարդացած էր, սիրում եւ գնահատում էր գրքերը: Նա ինքը բազմաթիվ գրքերի հեղինակ էր: Նա այդպես էլ գնաց մեզնից՝ գիրքը ձեռքին, կարելի է ասել՝ գրքից բռնելով: Նրա լեզվաբանական եւ փիլիսոփայական գրքերը տոգորված են անսպասելի քայլերով, հարուստ զուգորդումներով, նուրբ դիտարկումներով, իրեն հատուկ հումորով: Դասական փիլիսոփայությանը նվիրված իր հետազոտություններում նա ավանդական է եւ ժամանակակից, ավելի ճիշտ՝ ժամանակից դուրս: Նրա գրքերը՝ էսսեները, հոդվածները, բանաստեղծությունները, աֆորիզմները դեռ սպասում են իր ընթերցողին: Էդմոն Ավետյանը մի քանի սերնդի հայտնի է որպես դասախոս: Երեւի դասախոսություններում նրա անձը դրսեւորվում էր նույնքան ամբողջական, որքան գրքերում: Որպես դասախոս նա ոչ միայն փոխանցում էր իր գիտելիքները՝ հսկայական, բազմազան, զարմանալիորեն խորը, այլեւ իր վերաբերմունքը դասավանդվող նյութին: Հավանաբար, այդ՝ հստակորեն արտահայտված, շատ որոշակի վերաբերմունքի շնորհիվ նրա լսարանում անտարբեր մարդիկ չկային: Բազմիցս ասվել է, որ չկա մարգարե սեփական հայրենիքում: Իսկ գուցե ավելի ճիշտ է ասել՝ մարգարեն սեփական հայրենիք չունի: Ե՛վ այն պատճառով, որ մարգարեն չի կարող պատկանել միայն իր հայրենիքին, ե՛ւ՝ որովհետեւ նա գալիս է մեկ այլ աշխարհից, որտեղ խստագույն պահանջներ է դնում իր առջեւ: Այդ աշխարհի անունից նա փորձում է մեզ հետ խոսել այնքան ժամանակ, որքան չի սպառվում նրա հույսը՝ լսվելու: Այդժամ նա հեռանում է՝ մինչեւ վերջ անցնելով իր երկրային ճանապարհը: ՆԱՏԱԼՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Էդմոն Ավետյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ Գրողների միության տնից, ժամը 13:00-14:00-ին: