Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն այս անգամ չի զիջի»

Դեկտեմբեր 10,2002 00:00

«Ժողովուրդն այս անգամ չի զիջի» Կարծում է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, իր ասելով, չգիտի՝ նախագահական ընտրությունների ժամանակ «հարամություններ» կլինե՞ն, թե՞ չեն լինի, սակայն հաստատ գիտի, որ «իշխանական ճամբարն այն ուժը չունի, որ կարողանա 50 տոկոս եւ մեկ ձայն լցնել։ Բոլոր ռեսուրսները հաշված, նույնիսկ՝ մանր խուլիգանություններով, իրենք մաքսիմալ հավաքելու են 35 տոկոս։ 15 թեկնածուի պայմաններում ընտրություն կատարելը շատ ավելի դժվար է։ Չնայած, իմ հաշվարկներով, մինիմում վեցը եթե ոչ մեկի հետ չպայմանավորվեն էլ, խաղից դուրս են մնալու։ Ընտրություններին մասնակցելու է մաքսիմում 10 թեկնածու։ Առաջին հնգյակը, մոտավորապես կարող եմ ասել՝ հետեւյալն է. առաջին տեղը, ըստ երեւույթին, կզբաղեցնի Ռ. Քոչարյանը՝ իր ռեսուրսով, քանի որ միասնական թեկնածուի հարց չի ստացվելու, եւ ընտրությունը մեկ փուլով չի լինելու։ Իսկ եթե մեկ փուլով եղավ, այսինքն՝ եթե «ձեւակերպեն», որ Ռ. Քոչարյանը մեկ փուլով է անցնում, ժողովուրդն այս անգամ չի զիջի, անհնազանդության կոչերով դուրս է գալու փողոց։ Մի ստվար մաս կա, որը չի արտահայտվում, բայց սպասում է՝ մնաց հինգ ամիս, չորս ամիս, հիմա սպասում են՝ երկու ամիս մնաց, որ Ռ. Քոչարյանից ազատվեն, Ռ. Քոչարյանի կլանից ազատագրվեն։ Շուտով Ռ. Քոչարյանի արածները աղետի գոտում հավասարվելու է 0-ի, որովհետեւ, հիշո՞ւմ եք, մի ժամանակ Լենինի անունն այնքան էին տվել, որ երբ արդուկն էլ միացնում էիր՝ Լենինի անունն էր տալիս։ Հիմա էլ՝ աղետի գոտի, Քըրք Քըրքորյանի փողեր, «Լինսի» հիմնադրամ, ժողովրդին միանգամից հիասթափեցնում են։ Այս երկրի քաղաքականությունը միայն աղետի գոտին չէ, երկրի բոլոր՝ արտաքին քաղաքականության, կոռուպցիայի, կլանայնության եւ այլ հարցերում Ռ. Քոչարյանը բացարձակապես ոչինչ չի անում, 0-ից ցածր է իր արածը»։ Ըստ Մ. Գասպարյանի, երկրորդ տեղը կգրավի նա, ով կդառնա Ժողովրդահայրենասիրական ուժերի թեկնածուն։ Իսկ եթե ձեւավորվի 2-րդ դաշինքը՝ ՀԺԿ, «Հանրապետություն» եւ մյուսներ, ապա, ըստ Մ. Գասպարյանի, երրորդ տեղն այս դաշինքի թեկնածուն կզբաղեցնի. «Բայց, եթե այդ երկու դաշինքները միանան, ապա Ս. Դեմիրճյանի կուսակցությունը 80 տոկոսով կօգնի գործին, «Հանրապետություն» կուսակցությունը՝ մոտ 20 տոկոսով, եւ սրանից հետո Ռոբերտ Քոչարյանն առաջին փուլում ընկնելու է 2-րդ տեղ՝ 42-47 տոկոս կստանա այդ դաշինքը, եւ Քոչարյանն ամեն ինչ անելու է, որ այդ դաշինքը չստացվի»։ Վերջն այս երկրի նախագահն ո՞վ է դառնալու, «Առավոտի» այս ֆոլկլորային հարցին Մանուկ Գասպարյանը բավականին լուրջ պատասխան տվեց. «Դե, եթե Ռ. Քոչարյանն ընկավ 2-րդ տեղ, 2-րդ փուլին ուղղակի չի մասնակցի ընտրություններին։ Ով դարձավ դաշինքի թեկնածուն՝ Ստեփան Դեմիրճյանը թե Արտաշես Գեղամյանը կամ մեկ ուրիշը՝ դաշինքի թեկնածուն հաղթելու է։ Իմ անձնական, սուբյեկտիվ կարծիքով, 3-րդ տեղը կգրավի Րաֆֆի Հովհաննիսյանը, 4-րդ տեղը՝ Վազգեն Մանուկյանը կամ Արշակ Սադոյանը։ Հնգյակն այսքանով սահմանափակվելու է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել