Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ, ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՇԽԱՆԱՄԵ՞Տ

Դեկտեմբեր 10,2002 00:00

ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ, ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՇԽԱՆԱՄԵ՞Տ Քաղաքական դաշտի մասնատման հետեւանքով ստեղծված բոլոր կառույցները նախագահական ընտրություններում պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին: ԺԴԿ-ն իր որոշմամբ եւս հաստատեց մեր այդ դիտարկումը: Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության 1-ին համագումարին իր հաղորդման մեջ կուսակցության նախագահ Գագիկ Ասլանյանը երեկ նշեց, որ շուրջ 1 տարի առաջ ԺԴԿ հիմնադիրները դարձան այն մարդիկ, «ովքեր երկրի ներկայի եւ ապագայի համար պատասխանատվության զգացում ունեն»: Եզրակացնենք, որ այդպիսի՞ն չէր ՀԺԿ-ն, որի հիմնադիրներից էին ԺԴԿ հիմնադիրներից շատերը եւ, որի քարտուղարն էր պրն Ասլանյանը: Այժմ նա խոստանում է. «Մենք նպաստելու ենք ժողովրդի եւ իշխանության երկխոսության կայացմանը, պետության նկատմամբ խարխլված հավատի վերականգնմանը, քաղաքական եւ տնտեսական կայունությանը»: Նկատենք՝ նման խնդիրներ իրականացնելու համար քաղաքական ուժը պետք է թելադրող ու զորեղ գործոն լինի, իսկ ԺԴԿ-ն, թեեւ հայտարարված թվաքանակին՝ շուրջ 9 հազար անդամ, դեռեւս նման գործոն չէ: «Հեղափոխական փոփոխություններին եւ քաղաքական ցնցումներին» դեմ լինելու, «ժամանակների կապն եւ ավանդույթների ժառանգականությունն ապահովելու» հռչակած սկզբունքներն այս կուսակցությունն առայժմ գործնականորեն կենսագործել է միայն այնքանով, որ երեկ հայտարարեց գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին: ԺԴԿ վարչության անդամ, սոցիոլոգ Յուրա Գասպարյանը՝ անդրադառնալով այդ որոշմանը, նշեց. «Ես անբարոյականություն եմ հաշվում, եթե միմիայն գովեստի խոսքեր ասեմ հանրապետության նախագահի եւ իշխանավորների հասցեին: Դրանով իսկ մենք կարող ենք մեզ վարկաբեկել: Կա՛ն փաստեր, կա՛ն մեզ մոտ թերություններ, որ մենք պետք է բացահայտենք»: Եվ որպես նման թերություն՝ մասնավորապես մատնանշեց այն, որ թեեւ տվյալներ կան, որոնք ապացուցում են, թե Վրաստանում եւ Ադրբեջանում վիճակը մեկուկես անգամ ավելի վատ է, քան Հայաստանում, բայց դրանք չեն ներկայացվում հանրությանը. «Այս թերությունների հիմնական պատճառը չեմ համարում հանրապետության նախագահին, այլ այն իշխանավորներին, որոնք չեն կարողացել աշխատել լրատվական միջոցների հետ, որպեսզի պարզաբանեն եւ ժամանակին կարողանան հասցնել այս բոլորը ժողովրդին»: Ահա այսպիսի խիստ «քննադատության» ենթարկեց նախագահին Յուրա Գասպարյանը, եւ ասված խոսքերի ծանրությունը փոքր-ինչ մեղմացնում էին շռայլված գովեստները, թե Քոչարյանը «բանիմաց ու հզոր քաղաքական գործիչ է, որը չունի իրեն հավասարը մեր երկրում»: Հայտնի չէ, թե սոցիոլոգիական ի՞նչ հետազոտությունների հիման վրա էր կառուցվել մեր քաղաքական դաշտի համար խիստ անբարենպաստ այս եզրակացությունը, բայց պրն Գասպարյանը վաղօրոք էր ասել. «Պետք է նկատի ունենանք, որ հանրապետության նախագահն այսօր այն նախագահը չէ, որին մենք տեսել էինք եւ գիտեինք 1998 թվականին: Նա ընդհանուր զարգացողությամբ եւ որպես քաղաքական գործիչ՝ այսօր շատ է հզորացել: Եվ 1998-ի հանրապետության նախագահը այսօր միմիայն զիջում է 2002-ի հանրապետության նախագահին»: 1998-ի իրողություններին էր վերաբերում նաեւ «Առավոտի» հարցը պրն Ասլանյանին. ՀԺԿ հիմնադիրներից մեկը լինելով՝ արդյոք հոգեկան որեւէ անհարմարություն չի՞ զգում այժմ՝ պաշտպանելով Կարեն Դեմիրճյանի մրցակցին, որի օգտին, ըստ միայն ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի՝ կեղծվել էին 100 հազար ձայներ: Ի պատասխան նա նշեց, թե 1998-ին ոչ միայն պաշտպանել է Կարեն Դեմիրճյանին, այլ աշխատել է նրա նախընտրական շտաբում, ղեկավարել Կենտրոն համայնքի շտաբը, եւ պնդեց. «Գուցե առանձին զրույցներում Կարեն Դեմիրճյանն անդրադարձել է ընտրությունների արդյունքներին, բայց հրապարակային որեւէ գնահատական չի եղել»: Հակառակի մեջ համոզվելու համար բավական է ընթերցել 1998-ին այլ թեկնածուների հետ նաեւ միայնակ Կարեն Դեմիրճյանի հայտարարությունները (բացի այդ՝ նա միշտ շեշտում էր, թե կսեղմի արդար ընտրություններով ընտրվածի ձեռքը. եւ այդպես էլ չսեղմեց Ռ. Քոչարյանի ձեռքը): Մեր հարցին ուղղակի պատասխան այդպես էլ չհնչեց, ԺԴԿ նախագահը միայն ասաց, որ եթե կենդանի լիներ Կարեն Դեմիրճյանը՝ «ՀԺԿ-ն չէր հայտնվի այս կարգավիճակում», ու նաեւ. «Եթե լիներ Կարեն Դեմիրճյանը եւ 2003-ին դներ իր թեկնածությունը՝ ես էլի կպաշտպանեի նրան: Բայց եկեք չխառնենք մեկը մյուսի հետ»: Գագիկ Ասլանյանն իր ելույթում հերթական անգամ պնդել էր, թե իրենց կուսակցությունը կենտրոնամետ է եւ պետականամետ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու որոշմամբ ԺԴԿ-ն հստակորեն տեղ գրավեց իշխանամետ ուժերի ճամբարում: «Չէ,- պատասխանեց պրն Ասլանյանը:- Մենք չէինք կարող չմասնակցել նախագահական ընտրություններին, պետք է դիրքորոշում հայտնեինք: Ընդ որում, դիրքորոշումը ճշտելիս նաեւ հաշվի ենք առել բոլոր թեկնածուներին»: Մեր ուշացած առաջարկին, թե կարող էին եւ չպաշտպանել որեւէ մեկին՝ արձագանքեց այսպես. «Չէինք կարող: Որեւէ մեկին չպաշտպանելը կգնահատեի որպես անդեմ կուսակցության դիրքորոշում: Արդեն եղել է այդպիսի փորձ, որ կուսակցություններից մեկը ժամանակին չի պաշտպանել որեւէ մեկին եւ հայտնվել անդեմ վիճակում (նա չցանկացավ հրապարակել, թե հատկապես ում նկատի ունի.- Ա. Ի.): Այս հարցի քննարկումը սկսվել է մեր տարածքային կազմակերպությունների հաշվետու-ընտրական կոնֆերանսներում: Անձամբ մասնակցել եմ 5 կոնֆերանսների, նույնիսկ առաջարկել, թե եկեք մտածենք՝ գուցե պաշտպանե՞նք ուրիշ թեկնածուի: Բայց շատ ավելի վճռական եւ միանշանակ էին տրամադրված հատկապես մարզերի տարածքային կազմակերպությունները»: Ի դեպ, ԺԴԿ նախագահը բարձր գնահատականի էր արժանացրել տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերյան ընտրությունները՝ մասնավորապես նշելով, թե «չկեղծվեցին ընտրությունների արդյունքները» կամ «պետական եւ ուժային կառույցներն առավելապես չօգտագործեցին իշխանական լծակները եւ էական միջամտություն չունեցան ընտրական գործընթացին»: Դե, եթե նման պնդումներ են արվում մամուլի բազմաթիվ հրապարակումներից, տեղական եւ միջազգային կազմակերպությունների հակառակի մասին վկայող դիտարկումներից հետո՝ մնում է հույս չունենալ, որ նախագահական ընտրություններում էլ ԺԴԿ-ն, որ «Օրինաց երկրի» պես խոստանում է «լավին՝ լավ, վատին՝ վատ» ասել, փոխարենը, ինչպես եւ այլ իշխանամետ ուժերը՝ չի լռի վատի մասին, իսկ լավը չի ուռճացնի: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել