Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ «ԱՎԱՆԴԱԿԱՆ» ՀԱՐՑԱԴՐՈՒՄ

Դեկտեմբեր 10,2002 00:00

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ «ԱՎԱՆԴԱԿԱՆ» ՀԱՐՑԱԴՐՈՒՄ Առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուները պարտավոր են լինելու դեկտեմբերի 11-ից մինչեւ 31-ը, ժ. 18:00-ն օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ՝ արդեն որպես թեկնածու գրանցվելու համար: Ի տարբերություն թեկնածուների, ասենք, նախընտրական հիմնադրամ կատարվող կամավոր մուծումների, թեկնածուների եկամուտների կամ ունեցվածքի մասին տեղեկանքների, որոնց ձեւը սահմանել էր ԿԸՀ-ն, թեկնածուի՝ մասնավորապես վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ տրվող տեղեկանքի ձեւը թողնվել է, ըստ էության, ՆԳՆ Անձնագրային եւ վիզաների վարչության վրա: Վերջինիս պետ Ա. Զաքարյանն էլ, ի տարբերություն 98-ին նախագահի թեկնածուին տրվող տեղեկանքի ձեւի, որտեղ վկայակոչվում էր «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի հոդ. 10-ի 1-ին կետը՝ «ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում՝ ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչեւ Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել դրանից՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում», այս անգամ «գյուտ» է արել, թերեւս, հույսեր փայփայելով, թե դա լավագույն «ալիբին» կլինի որեւէ թեկնածուի, իսկ մենք գիտենք՝ հատկապես ում, լեգիտիմությունն ապահովագրելու համար: Իրականում ստացվել է միանգամայն հակառակ բան: Այսպես. 2003-ին թեկնածուներին տրվող այս տեղեկանքում նշվում է «Տրվում է…, որ նա վերջին տասը տարում, մինչեւ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը (16.11.1995թ.) հանդիսացել է ՀԽՍՀ քաղաքացի, իսկ 16.11. 95թ.-ից առ այսօր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: Ոմանց կարծիքով, սա նաեւ հետաքրքիր լուծում է, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի գրանցումը չեզոքացնելու համար, թեեւ, ի տարբերություն նույն Ռ.Քոչարյանի, նա վերջին տասը տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, բայց մինչեւ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումը ու դրանից էլ շատ հետո եղել է ԱՄՆ քաղաքացի: Բայց տեղեկանքն իր այս ձեւով նաեւ ավելի քան խոցելի է նույն Ռ.Քոչարյանի համար: Ասել է թե, տիկին Զաքարյանը Քոչարյանին տեղեկանք տալիս համապատասխան տողում պարտավոր է լինելու արձանագրել, որ Ռ. Քոչարյանը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը եղել է Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացի: Իսկ համաձայն մեջբերված օրենքի հոդ. 10-ի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիություն կարող էր մեխանիկորեն ձեռք բերել միայն այն ժամանակ Խորհրդային Հայաստանում մշտապես ապրող մարդը: Փորձագետներից մեկ-երկուսը նաեւ կանխատեսեցին, թե Քոչարյանն այդ դեպքում կմեջբերի 89թ. ՀԽՍՀ ԳԽ դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման մասին: Ասենք, մեջբերեց, բայց նույնիսկ դա, ըստ էության, իրավական տեսանկյունից ոչինչ է, քանզի մինչ 91-ը ԼՂԻՄ-ում ապրող որեւէ քաղաքացի մեխանիկորեն ՀԽՍՀ քաղաքացի այդպես էլ չի համարվել, չէր էլ կարող համարվել, իսկ 91-ի սեպտեմբերի 2-ին նույն ԼՂԻՄ-ում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Ղարաբաղը հռչակվեց անկախ հանրապետություն, ինչն իրավական տեսանկյունից գերակայող է խորհրդարանի որեւէ որոշման նկատմամբ: Բացի այդ, նույն «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում որեւէ դրույթ չկա, թե նախկինում ԼՂԻՄ-ում մշտապես բնակված որեւէ մեկը, այդ թվում՝ որեւէ պարտքարտուղար, կամ այնուհետեւ՝ ԼՂՀ-ում ապրող Ադրբեջանական ԽՍՀ որեւէ քաղաքացի՝ այդ թվում ԼՂՀ նախագահը, կարող են ճանաչվել կամ մեխանիկորեն ՀՀ քաղաքացիություն ստանալ: Մյուս խորամանկությունը, որ, թերեւս, նկատի են ունեցել համապատասխան ատյաններում, այն է, որ տեղեկանքում նշված է, թե «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքն ուժի մեջ է մտել միայն 95-ի նոյեմբերին՝ ամրագրելու համար, որ առաջադրված որեւէ թեկնածու ՀՀ 10 տարվա քաղաքացիություն, այսպես կամ այնպես, չունի: Բայց այս դեպքում եւս պետք է մեջբերել հիշյալ օրենքի դարձյալ հոդված 10-ը եւ շեշտել: Ինչեւէ: Քոչարյանի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրման օրինականությունն արդեն 5 տարի է օրակարգում է, թեեւ դրա մասին եւ հանգամանքների բերումով երբեմն ավելի հաճախ է հիշվում, երբեմն՝ լռության մատնվում: Այս ընտրություններում էլ այս հարցադրումն օրակարգային է լինելու, դժգոհության եւ բողոքի սպասվող ալիքն այս անգամ եւս ուղղվելու է ե՛ւ Ա.Զաքարյանի դեմ, ինչպես արդեն եղել է, ե՛ւ ԿԸՀ-ի, որը համաձայն ԸՕ հոդ. 73-ի 3-րդ կետի՝ նաեւ իրեն կեղծված փաստաթղթեր հրամցնելու դեպքում պետք է թեկնածուի գրանցումը մերժի: Սակայն, պետք է սպասել, թե մասնավորապես Ռ. Քոչարյանը, Ր. Հովհաննիսյանն ու Ա. Կարապետյանը ինչ տեղեկանքներ կներկայացնեն ԿԸՀ-ին՝ այս անգամ Հայաստանում 10 տարի մշտապես բնակվելու վերաբերյալ: Միայն դրանից եւ առաջին երկու թեկնածուներին գրանցելուց հետո պարզ կլինի, թե ինչ փաստարկներով է պետք խոսել ԿԸՀ-ի հետ: Անշուշտ, միայն ՀՀ Հիմնական օրենքի եւ «Ընտրական օրենսգրքի» լեզվով՝ կասի մեր ընթերցողն ու չի սխալվի: Իսկ մենք այս հարցին դեռ կանդրադառնանք ու այդ առնչությամբ կներկայացնենք մեր իրավաբանների մեկնաբանությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել