Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոքրիկ Ճապոնիա՝ Հայաստանում

Դեկտեմբեր 07,2002 00:00

Փոքրիկ Ճապոնիա՝ Հայաստանում Երկուսուկես տարի է, ինչ Երեւանում ճապոնական ակումբ է գործում։ Այդ մշակութային կենտրոնի նախագահն է Միքայել Բաղդասարյանը։ Կենտրոնի ստեղծման նախադրյալ հանդիսացավ 1986թ. Տոկիոյում հիմնադրված Հայկական համալսարանը, որը հետագայում վերանվանվեց Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի՝ JAFA։ Ասոցիացիայի անդամները ոչ միայն հայերեն են սովորում, այլեւ ուսումնասիրում մեր երկրի պատմությունն ու մշակույթը։ Ասոցիացիայի ղեկավարն է Հիդեհարու Նակաջիման, որը խորությամբ ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը եւ մի շարք արխիվային նյութեր։ 1994թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ նվիրված հայոց ցեղասպանությանը։ Շուտով լույս կտեսնի նաեւ երկրորդ գիրքը՝ արդեն նորանկախ Հայաստանի ու ղարաբաղյան շարժման մասին։ Շփվելով պարոն Նակաջիմայի եւ JAFA-ի մյուս անդամների հետ, Միքայել Բաղդասարյանը որոշեց ստեղծել նմանատիպ կազմակերպություն Հայաստանում, որը կամուրջ կհանդիսանա երկու երկրների միջեւ եւ կնպաստի մշակութային կապերի սերտացմանը։ Ակումբը «տեղակայված» է Երեւանի դպրոցներից մեկում, ուր ազգությամբ ճապոնացիները ճապոներեն են դասավանդում։ Մշակութային կենտրոնում գործում են իկեբանայի եւ օրիգամի խմբակներ։ Այստեղ զբաղվում են նաեւ այկիդո մարտաձեւի երկու ճյուղերով՝ կենդոյով եւ կոբուդոյով։ Ճապոնիայի մշակույթին նվիրված միջոցառումներն այստեղ նորություն չեն։ Հրավիրվում են գիտնականներ, որոնք դասախոսություններ են կարդում Ճապոնիայի մասին եւ իրենց տպավորությունները փոխանցում ակումբի անդամներին։ Վերջերս ակումբում դասախոսություններով հանդես եկավ նաեւ ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը, որը 4 ամիս Ճապոնիայի Հոկայդո կղզում էր անցկացրել։ Ակումբում նշվում են ճապոնական տոները, մասնավորապես՝ գարնան (տանաբատա մացուրիի) եւ տիկնիկների (հինա մացուրիի)։ Ակումբի նպատակն է ճապոնական մշակույթը տարածել Հայաստանում, իսկ հայկականը՝ Ճապոնիայում։ Հայաստանի ճապոնական ակումբը համագործակցում է Ճապոնա-հայկական բարեկամության ասոցիացիայի հետ։ Այն արդեն երկու անգամ Հայաստանում ընդունել է ճապոնացիներին ու ներկայացրել մեր երկրի տեսարժան վայրերը, որից հետո ճապոնացիները ստացած տպավորությունները տպագրել են իրենց երկրի մամուլում։ 2000թ. երբ Տոկիոյում զբոսաշրջության համաշխարհային ցուցահանդես էր կազմակերպվել, JAFA-ն էլ աջակցել էր հայկական տաղավարի ներկայացմանը։ Այս տարի եւս նմանօրինակ միջոցառում էր կազմակերպվել Յոկոգամա քաղաքում, որտեղ Հայաստանին առանձին տաղավար էին տրամադրել, ուր ներկայացված էին հայկական գորգեր, ազգային երաժշտական գործիքներ, արվեստի նմուշներ։ «Հետաքրքրությունը հայկական տաղավարի նկատմամբ այնքան մեծ էր, որ ստիպված էինք ինտերնետում մանրամասն տեղեկություններ տեղադրել Հայաստանի մասին»,- ասում է Միքայել Բաղդասարյանը։ Նրա կարծիքով, բացի մշակույթից ու զբոսաշրջությունից, կարեւոր են նաեւ տնտեսական ու քաղաքական շփումները, համագործակցությունը այս գերտերության հետ, ինչը կարող է օգուտ բերել Հայաստանին։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել