Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՓՐԿԵՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Դեկտեմբեր 07,2002 00:00

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՓՐԿԵՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ Հանդիսատեսին մոտ 3 ժամ գրեթե երկու հոգով լարված պահելը հեշտ գործ չէ։ Դա, սակայն, հաջողվել էր Աննա եւ Արմեն Էլբակյաններին՝ իրենց «Ուշացած թռչուն» ներկայացմամբ, ուր պատմվում է մի գրողի ու մի մարմնավաճառ կնոջ փոխհարաբերությունների մասին, որն, ի վերջո, ավարտվում է սիրով։ Մի փոքր մանրամասնենք՝ տղամարդն ու կինը հանդիպում են ոմն Մարտիրոսի արվեստանոցում։ Տղամարդը լքել է իր որդու մորը, որովհետեւ նրա հետ «ոչ մի ընդհանուր բան չունի»։ Կնոջը նախորդ օրը բռնաբարել են մի քանի «դեղնակտուցներ», նա անկոչ հյուրի պես տեղավորվել է արվեստանոցում ու մտադիր էլ չէ հեռանալ։ Գրողին, իհարկե, դա սկզբում նյարդայնացնում է, հետո սկսում է հարմարվել, իսկ վերջում նաեւ դուր է գալիս։ Գրողը հասկանում է, որ այդ «փոքրիկ մարմնի մեջ առողջ մի սիրտ է բաբախում», հասկանում է, որ նա էլ է մարդ, որ «Հիսուս Քրիստոսը նրա համար էլ է արյուն թափել»։ Եթե գրողի մասին մենք պատկերացում ենք կազմում միայն գործողության պահին, ներկա ժամանակով, ապա կնոջ անցյալից որոշ դրվագներ հայտնի են դառնում, երբ ինքն է իր մասին սկսում պատմել։ Տասներորդ դասարանում նա գյուղից համադասարանցիների հետ եկել է քաղաք, խաբվել մի հեռուստատեսության աշխատակցի կողմից, հղիացել է ու հիմա հիվանդ երեխային մայրն է խնամում։ Տարիներ շարունակ կյանքի «հատակում» ապրած, ոչ մի մարդկային վերաբերմունք, քնքշանք չտեսած կինը վերագտնում է իր կանացիությունն ու սիրելու ընդունակությունը գրողի փոքրիկ ու աննշան, բայց մարդկային արարքներից (երբ վերջինս առաջարկում է նրան գետնից բարձրանալ թախտին քնել, կոնֆետ ու կիլկի է հյուրասիրում)։ Երբ կինը սիրո խոստովանություն է անում, գրողը բացականչում է. «Ես կյանքում երկու բանից եմ վախեցել՝ ստից եւ ճշմարտությունից»։ Նորմալ աշխատանք, սեր, արժանապատվություն վերագտած կինը փորձում է ինքնասպանություն գործել, երբ սիրած տղամարդն ուզում է «պոչը քաշել»։ Բարեբախտաբար, նրանց հաջողվում է նորից հանդիպել՝ «ոչ դրախտում» ու թերեւս երջանիկ լինել՝ «ոչ մեկ օր»։ Կա նաեւ մի երրորդ կերպար՝ գրողի որդին, որ երբեմն հայտնվում է, վիճում հոր հետ, զբաղվում նրա սեռական դաստիարակությամբ։ Սովորական մի պատմություն, բարեհաջող, ոչ ավանդական հայկական ավարտով։ Նմանատիպ ֆիլմերն այսօր ողողել են հեռուստաէկրանը։ Ուրեմն ո՞րն է սովորական պատմության՝ հետաքրքիր ներկայացում դառնալու գաղտնիքը. դերասանական խաղը, ուզում եմ շեշտել՝ Աննա Էլբակյանի դերասանական խաղը։ Դերասանուհին չի ցուցադրում իր հերոսուհուն, այլ ներկայացնում է որպես այդպիսին, կեցվածք չի ընդունում, այլ ապրում է՝ ապրումներ հաղորդելով հանդիսատեսին։ Նա հոգեվիճակ է ստեղծում՝ յուրացնելով իր կերպարին հատուկ որոշ հատկանիշներ (խոսքը, շարժուձեւը)։ Այս դեպքում դերասանուհու օգտագործած ողջ բառապաշարը՝ փողոցային ժարգոնն է։ Անշուշտ, միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ էր օգտագործել այնպիսի բառեր, ինչիսիք են՝ «դզում ա», «կայֆ ա», «դիշովկա», «դավայ էղի», «հորս արեւ» եւ այլն։ Բայց գրեթե ամբողջ ներկայացման ժամանակ նույն փողոցային ժարգոնը հնչեցնելը ավելորդ էր, արհեստական բնականություն էր ստեղծում ու զգացվում էր հանդիսատես շահելու միտումը՝ կոլորիտ պահպանելու փոխարեն։ Ինչեւէ, Աննա Էլբակյանը կարողանում է գրագետ նրբությամբ քողարկել որոշ անճշտություններ՝ էմոցիաներ հաղորդելով հանդիսատեսին։ Այնուամենայնիվ, շոշափելի էին ներկայացման որոշ թերություններ՝ մյուս դերակատարների խաղը։ Արմեն Էլբակյանը գրողի կերպարը ստեղծել էր ակնոց դնելով, ծխախոտ ծխելով, պահանջելով, որ մուսաներին չքշեն։ Եթե Աննա Էլբակյանի համար հատկանիշները ընդամենը միջոց են, որպեսզի հոգեվիճակ արտահայտի, ապա Արմեն Էլբակյանը միայն հատկանիշներով կերպար, իսկ ավելի շուտ ստերեոտիպ է սարքում։ Ներկայացման երրորդ գործող անձին՝ գրողի որդուն, հանդիսատեսը նույնպես, իմ կարծիքով, չճանաչեց։ Սուպեր մոդայիկ այդ երիտասարդը, որ այդպես էլ չի պարզվում՝ պատկանե՞լ է արդյոք հերոսուհուն բռնաբարողների թվին, թե ոչ, քայլում է ձեռքերը գրպանում, մեկ «օքեյ» է ասում, մեկ խոսում արհեստական գրականով, մեկ էլ այնպես է բռնկվում ու գոռգոռում, կարծես սխալմամբ բեմ է ներխուժել «Համլետ» ներկայացման Մերկուցիոն։ Նորից նշեմ, որ այս բոլոր թերություններն աննշան են թվում Աննա Էլբակյանի խաղի կողքին։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել