Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱՆԸ ԵՐԵԿՎԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Դեկտեմբեր 07,2002 00:00

ԱՅՍՕՐՎԱՆԸ ԵՐԵԿՎԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է Իսկ աղետի գոտին «անտերության մատնված» չի եղել Ներկա իշխանությունների՝ աղետի գոտու խնդիրներից անտեղյակ «խոսափողները» հաճախ են քննադատում նախկիններին (այն էլ՝ ուրիշներից լսածով), թե աղետի գոտին մինչեւ 1998 թիվը «անտերության է մատնված եղել»։ Հարկ է նկատել, որ մասնավորապես Լոռու մարզում ընթացող շինարարական աշխատանքները որոշ դեպքերում նախորդ իշխանությունների կողմից սկսված ծրագրերի շարունակությունն են։ Համառոտ ներկայացնենք, թե ինչ են վկայում պատմական արխիվները՝ մինչեւ 1998 թիվն արվածի մասին։ Ըստ 1991թ. Վանաձորի (այն ժամանակ՝ Կիրովականի) պաշտոնական մամուլի տվյալների, 1989-91թթ. Կիրովականում շահագործման է հանձնվել 3305 բնակարան։ Ըստ 1994թ. պաշտոնական մամուլի, 1989-94թթ. Վանաձորում շահագործման է հանձնվել 4570 բնակարան։ Մինչեւ 1994թ. վերականգնվել է 10 դպրոց, կառուցվել 9 մանկապարտեզ։ 1995թ. պաշտոնական մամուլի տվյալներով էլ, 1989-95թթ. շահագործման է հանձնվել 5340 բնակարան։ 1996թ. «Տարոն-4» նորաստեղծ թաղամասում ավարտվել է 20 հազար հեռախոսահամարով ավտոմատ հեռախոսակայանի շենքի շինարարությունը, կառուցվել համաբուժարան՝ «Տարոն-2»-ում։ 1995-96թթ. Լոռու մարզպետարանի համար որպես շենք վերականգնվել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի՝ երկրաշարժից տուժած շենքը։ 1997-98թթ. վերականգնվեց Կիրովականի քաղխորհրդի գործկոմի շենքը, որն սկսեց ծառայել որպես Վանաձորի քաղաքապետարանի շենք։ «Աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում, մինչեւ Համաշխարհային բանկի կողմից վարկի 2-րդ փուլի տրամադրումը, շինարարական աշխատանքների շարունակական գործընթացը ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրն իրականացնող գրասենյակին հատկացնել անտոկոս վարկ։ Լոռու մարզում արդեն սկսված է բնակարանային շինարարության 2-րդ փուլը, որով նախատեսվում է մոտ 50 հազար քմ բնակելի տարածքի վերականգնման, կառուցապատման եւ շենքերի ամրացման ծրագիր։ Մասնավորապես, մարզկենտրոնում դա կվերաբերի Ազատամարտիկների պուրակի, Լազյան փողոցի, նախկին «Ֆոտոէտյուդի» եւ Տիգրան Մեծի փողոցի շենքերին»,- նշվել է 1996թ. Լոռու մարզային պաշտոնաթերթում։ Այդ ծրագրերի մի մասն իրականացվեց ներկա իշխանությունների օրոք, մնացածը «փակուղի» մտավ՝ ինչ-ինչ պատճառներով։ Հիշեցնենք, որ «Ֆոտոէտյուդի» շենքն այդպես էլ չկառուցվեց եւ քաղաքի այդ հատվածն առայսօր գերբեռնված է իրենց դարն ապրած տնակներով, ինչը խաթարում է Տիգրան Մեծ պողոտայի տեսքը, իսկ տնակների բնակիչների հարցը մինչեւ օրս մնում է չլուծված։ Այս տարվա ապրիլին ՀՀ նախագահի՝ Վանաձոր այցելության ժամանակ Լոռու մարզպետը ասել է, որ 1989- 97թթ. Լոռու մարզում կառուցվել է 42 դպրոց (թեպետ համեմատության նպատակով այդ ֆոնի վրա նշել է, թե 1998-2001թթ. կառուցվել է 58 դպրոց)։ Այս հարցում հակված ենք հավատալու մարզպետի ասածին, եւ ոչ թե՝ 1998թ. նույն մարզպետի օրոք հրապարակված «Սպիտակի երկրաշարժ. 1988-98» ոչ պաշտոնական տեղեկագրին, որն էլ հավաստում է, թե «Հետերկրաշարժյան տարիներին կառուցվել եւ վերակառուցվել են 37 դպրոցներ»։ (Հետո ի՞նչ, որ տեղեկագիրը հրատարակվել է մարզպետարանի աշխատակազմի ուժերով՝ 1998թ.)։ Այս եւ այլ փաստեր գալիս են ապացուցելու, որ աղետի գոտին «անտերության մատնված» չի եղել։ Այն վերականգնման փուլում է եղել ԽՍՀՄ-ի, ԱՄՆ Կարմիր խաչի, «Հայաստան» հիմնադրամի, Համաշխարհային բանկի, պետբյուջեի, ինչպես նաեւ տարբեր բարերարների շնորհիվ։ Ինչ խոսք, 1998-ից հետո էլ աղետի գոտին շարունակում է վերականգնվել, մանավանդ որ «դրսից» եկող դրամական օգնությունները, վարկերն ու ներդրումներն ավելացել են։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել