«Հայի եւ հայաստանցու նոր կերպարը»՝ որպես այլընտրանք ՄԱԱ-ի հյուրն էր Րաֆֆի Հովհաննիսյանը «Այո, այո եւ այո, մենք մասնակցելու ենք հասարակական-քաղաքական բոլոր գործընթացներին»,- ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետո, եթե չընտրվի հանրապետության նախագահ, կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, ասաց Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարարը։ Իսկ ընդհանրապես՝ պրն Հովհաննիսյանը չափազանց վստահ է եւ լավատես եւ միանշանակ պնդեց՝ եթե առաջին փուլում որպես նախագահի թեկածու հանդես գան Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, ապա իր հաղթանակն անկասկած է։ Այսպիսի լավատեսությունը միայն ողջունել կարելի է, սակայն նախագահի մյուս 15 թեկնածուները եւս նույն կարծիքին են։ Ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրին ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է խանգարում, այլ՝ մնացած բոլոր թեկնածուները միասին եւ առանձին-առանձին։ Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» հանդիպումների շարքում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումը եւս անցավ մարդաշատ սրահում։ Լրագրողներին հետաքրքրում էր՝ կգրանցվի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, արդյոք չի՞ պատճառաբանվի, որ զուտ փաստաթղթային առումով պրն Հովհաննիսյանին միայն վերջերս է տրվել ՀՀ քաղաքացիություն եւ հետո՝ եթե անգամ գրանցեն, արդյո՞ք մղումը չի լինի այդկերպ լեգիտիմացնել նույն Ռ. Քոչարյանի 98 թ. գրանցումը։ Այս հարցերը, թերեւս, ինչ-որ չափով վիրավորական էին պրն Հովհաննիսյանի համար, որովհետեւ նա այն բացառիկ հայերից է, ովքեր ընտանիքով արդեն տասը տարուց ավելի տեղափոխվել եւ բնակվում են հայրենիքում, եւ փաստորեն հավաստեց, որ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ՀՀ անկախության օրից ի վեր, պարզապես հարցը միտումնավոր ձգձգվել է իշխանությունների կողմից. «Սա ես չէ, որ պիտի ասեի, սակայն պայմանների հոլովույթով հասել է այստեղ, այս պահին, եւ ես ասելու եմ. ՀՀ նկատմամբ իմ հավատարմությունը ես արձանագրել եմ ոչ միայն խոսքով, ոչ միայն ավանդույթով, ոչ միայն ընտանեկան իրավիճակով, այլ՝ դիմումով, ես իմ ձեռքով մեր հանրապետության հռչակման առաջին իսկ օրը գրել եմ հավատարմության իմ հավաստիքը մեր պետության նկատմամբ։ Այդ օրվանից ես դիմել եմ բազմաթիվ անգամներ»։ Պրն Հովհաննիսյանն ակնարկեց, որ եթե առիթ հանդիսանա, համապատասխան մարմիններն «առաջիկա շաբաթների ընթացքում առիթ կունենան հասկանալու, սերտելու օրենքը եւ իրավունքը եւ իրենց վճիռը տալու։ Իմ կարծիքով, վճիռը պետք է տան ոչ միայն իմ հարցով, այլ նաեւ բոլոր մյուս թեկնածուների հարցով եւ ընդհանրապես ապագա զարգացումների, ապագա կառուցվածքի առումով»։ Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի քաղաքացիական լեգիտիմացմանը. «Ես չեմ մտել մրցապայքարի՝ ո՛չ օրինականացնելու, ո՛չ էլ անօրինականացնելու ցանկացած այլ թեկնածուի»։ Բայց՝ «ժողովրդավարության գնացող մեր երկրում պատկան մարմինները, այս դեպքում՝ դատական մարմինն է որոշելու, թե ինչպես է կիրառվելու այդ օրենքը»։ Պրն Հովհաննիսյանը եւս մեկ կարեւոր հայտարարություն արեց, ասելով. «Ես մտել եմ մրցապայքարի մեջ ոչ թե իրավիճակային, մարտավարական խնդիր լուծելու համար կամ իմիտացիոն որեւէ գործելակերպ դրսեւորելու համար, այլ՝ ես մտել եմ Հայաստանի ժողովրդին, մեր ազգին ժամանակակից նոր այլընտրանք մատուցելու համար։ Այլընտրանք՝ ոչ միայն պետական կազմակերպական տեսանկյունից, պետական համակարգի մոտեցումների դիտանկյունից, այլ նաեւ այլընտրանք՝ նոր բովանդակության Հայի եւ Հայաստանցու նոր կերպարի նկարագրի առումով»։ Մ. ԵՍԱՅԱՆ