Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉ ՈՐ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ԵՎ ՈՉ ԹԵ ԳԱՂՏԱԳՈՂԻ»

Դեկտեմբեր 07,2002 00:00

«ԻՆՉ ՈՐ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ԵՎ ՈՉ ԹԵ ԳԱՂՏԱԳՈՂԻ» Ասում է Արթուր Բաղդասարյանը -Պրն Բաղդասարյան, արդեն մի քանի ամիս ձեր խմբակցության եւ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի միջեւ պայքար է ընթանում, որն ուղեկցվում է փոխադարձ վիրավորանքներով։ Իսկ անցած եռօրյայի հայտարարությունների ժամին վերջերս «ՕԵ» անդամ դարձած Վռամ Գյուլզադյանը հայտարարեց, թե Հմ. Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել դառնալ «ՕԵ» անդամ, ցուցակներում 3-րդը լինելու պայմանով, դուք մերժել եք եւ այդ պատճառով են սկսվել պատգամավորի հարձակումները «ՕԵ»-ի վրա։ Որպես կուսակցության ղեկավար, ասացեք, թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում, եւ ինչպե՞ս եք մեկնաբանում կատարվածը։ – Նման քննարկումներ եղել են, ինչ վերաբերում է կոնկրետ ցուցակում տեղ գրավելու Հմ. Հովհաննիսյանի ցանկությանը, ապա Վռամ Գյուլզադյանը որպես Հմ. Հովհաննիսյանի երբեմնի գլխավորած խմբի անդամ, տեղյակ է եւ այդ մասին էլ հայտարարեց։ Բայց, պարզ է, որ կուսակցություն կարող են ընդունվել մարդիկ, ովքեր ընդունում են երկկողմանի հարաբերություններ եւ ոչ թե ցանկություն են հայտնում մտնել մի քաղաքական կառույց, դրան զուգահեռ՝ պատվեր կատարելով, եւ մի քանի ամիս շարունակ վարկաբեկել այդ քաղաքական կառույցը։ – Այնուամենայնիվ, ընդունեք, որ «ՕԵ»-ի պահվածքը եւս հարցեր է առաջացնում։ Դեռ չի մոռացվել նույն ՀԴՄ-ների պատմությունը, երբ դուք ցույցեր էիք կազմակերպում իշխանությունների այս կամ այն որոշման դեմ, բայց այսօր, փաստորեն, սատարում եք նույն իշխանություններին եւ Ռոբերտ Քոչարյանին։ – «ՕԵ»-ն իր ստեղծման հենց առաջին օրվանից հայտարարել է, որ քաղաքական դաշտի կենտրոնում գտնվող ուժ է եւ արմատական ընդդիմություն չէ։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք եղել մեր ստեղծման առաջին իսկ օրվանից աջակցել բոլոր այն դրական քայլերին, որոնք կատարում են իշխանությունները, եւ քննադատել, պայքարել բոլոր այն բացասական քայլերի դեմ, որոնք կատարում են նույն իշխանությունները։ Եվ մեր կուսակցության համագումարի իմ ելույթում այդ բառերն ընդգծվել են։ Մենք այո, պայքարել ենք ՀԴՄ-ների դեմ, պայքարել ենք բազմաթիվ արատավոր երեւույթների դեմ, բազմաթիվ հարցեր կուսակցության շնորհիվ լուծվել են, բայց եթե կան նաեւ դրական բաներ, մենք չենք կարող դրանք չտեսնել, որովհետեւ մենք իրապես շահագրգռված ենք, որ երկիրը զարգանա։ Այդպես կլինի նաեւ առաջիկայում։ – Ձեր կուսակցության անդամ Ստեփան Բարսեղյանը օրերս մեր թերթում Հմ. Հովհաննիսյանին մեղադրեց մի քանի կուսակցություն փոխելու, քանդելու եւ այլնի մեջ, սակայն դուք եւս որոշ մեղքեր ունեք։ Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ձեր ջերմ վերաբերմունքը, ձեր՝ «Երկրապահի» անդամ լինելը։ Փաստորեն, դուք ուրիշներին մեղադրում եք մի բանում, որից դուք եւս զերծ չեք։ – Այո, եւ դա տեղի է ունեցել ութ տարի առաջ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի մեջ բավարար հարգանք ուներ եւ հեղինակություն։ Եվ ութ տարի շարունակ շահարկվում է, որ ես նրան պաշտպանել եմ։ Այո, որպես քաղաքացի, որպես լրագրող՝ ես ժամանակին աջակցել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այսօր էլ հայտարարում եմ՝ լավ եմ արել, որ աջակցել եմ։ Ես գտնում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ որպես երկրի հիմնադիր առաջին նախագահ, բավականին մեծ ներդրում ունի մեր պետականության կայացման մեջ։ Երկրորդը՝ ես եղել եմ «Հանրապետություն» խմբակցության անդամ պատգամավոր, բայց ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով, երբեք չեմ եղել ո՛չ ՀՀՇ վարչության անդամ, ո՛չ էլ «Երկրապահի», եւ սրա մասին, փառք Աստծո, կան համապատասխան ապացույցներ։ Ասվում է նաեւ, որ նախորդ իշխանությունների օրոք ես իբր եղել եմ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Ես ՀՀՇ-ի ժամանակ հանձնաժողովի նախագահ չեմ եղել, այլ՝ իշխանափոխությունից հետո, իսկ ՀՀՇ-ի օրոք հանձնաժողովի նախագահը եղել է Է. Եգորյանը, այնուհետեւ նրանից հետո Վիգեն Խաչատրյանը։ Սա նույնպես ակնհայտ փաստ է, որը չի կարելի ժխտել։ Այդ բոլոր մեղադրանքները ուղղակի հորինված են, եւ 5 տարի շարունակ նույն քաղաքական պատվերը կատարելով, նպատակ ունեն փորձել մարդկանց անվան վրա ստվեր գցել, որը չի կարող հաջողվել, որովհետեւ հասարակությունը յուրաքանչյուրին ճանաչում է։ – Դուք պաշտպանելով Լ. Տեր-Պետրոսյանին, նրա մասին բարձր կարծիք հայտնելով, միաժամանակ քննադատում եք այսպես կոչված ծանր ժառանգությունը, որը նրանից իբր անցել է Ռ. Քոչարյանին։ – Համագումարի իմ զեկուցումը կա, եւ պետք չէ ամեն ինչ աղավաղել։ Ես նկատի եմ ունեցել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից հետո երկրում ստեղծված ծանր իրավիճակը։ Այո, դա ծանր ժառանգություն էր, որ բաժին ընկավ Քոչարյանին, եւ վերջինս կարողացավ հաղթահարել եւ երկիրը զերծ պահել քաղաքացիական պատերազմից եւ այլ ցնցումներից։ Ընդ որում, այս մասին խոսում է ոչ միայն Արթուր Բաղդասարյանը, այլ նաեւ բոլոր՝ թե՛ դիմադիր, թե՛ ընդդիմադիր գործիչները։ – Ռ. Քոչարյանին սատարող երեք հիմնական քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, ՀՀԿ եւ «ՕԵ», ակնհայտորեն միմյանց չեն հանդուրժում, որոշ տարաձայնություններ այնուամենայնիվ նկատելի են։ Տպավորությունն այն է, որ յուրաքանչյուրդ ձգտում եք ձեր սերն առ Քոչարյան ավելի շատ ցույց տալ եւ ավելի ֆավորիտ լինել։ – Կրկին հիշեցնեմ. ժամանակին, երբ ես որպես անձ պաշտպանում էի Լ. Տեր-Պետրոսյանին, պաշտպանում էի բաց, հրապարակային։ Այսօր ինչ որ անում է «ՕԵ»-ն՝ որպես քաղաքական ուժ, նաեւ ձեր թերթը գտնում է, որ «ՕԵ»-ն գործող նախագահին փառաբանելու գործում առաջին տեղում է։ Մենք մեր համագումարում եւս հայտարարեցինք, որ ինչ որ անում ենք, անում ենք բաց, ոչ թե գաղտագողի։ Նույն Լեւոնին ժամանակին պաշտպանում էին մարդիկ, ովքեր զուգահեռ քանդում էին նրա տակը, եւ «պաշտպանում» էին ստվերային մեխանիզմներով։ Մեր կուսակցությունը, ստեղծումից ի վեր, հինգ տարվա ընթացքում որեւէ նախագահի չի պաշտպանել (այդ թվում՝ 98-ին «ՕԵ»-ն Քոչարյանին չի պաշտպանել)։ Առաջին անգամ է, որ մենք որպես քաղաքական ուժ պաշտպանում ենք որեւէ թեկնածուի։ Եվ դա մենք անում ենք բաց։ Հանրապետականն անում է այլ կերպ, Դաշնակցությունը՝ փոքր-ինչ այլ։ Դա յուրաքանչյուր կուսակցության իրավունքն է։ Մենք հայտարարել ենք, որ պաշտպանելու ենք, պաշտպանելու ենք մեր բոլոր կադրային ու կազմակերպչական ռեսուրսներով, որքան էլ դա ոմանց դուր գա կամ չգա։ Ըստ որում, մեր այս որոշումն ընդունվել է երկարատեւ եւ բուռն քննարկումների արդյունքում, համոզմունքի հիման վրա։ Կարեւոր հանգամանք էր նաեւ «ՕԵ»-ի կողմից ներկայացված ռազմավարական առաջարկությունների փաթեթի ընդունումը Ռ. Քոչարյանի կողմից, որը կներառվի նաեւ նախագահի նախընտրական ծրագրում։ Որովհետեւ ավելի լավ է շիտակ, տղամարդկային կեցվածք որդեգրել, եթե պաշտպանում ես՝ պաշտպանես եւ այդ մասին ժողովրդին հստակ ասես, քան՝ զարտուղի ճանապարհներով գնաս։ Ինչ վերաբերում է ձեր թվարկած կուսակցությունների եւ մեր տարաձայնություններին, դրանք բնական են եւ չեն էլ կարող շատ արագ հաղթահարվել, որովհետեւ կան գաղափարախոսական որոշակի տարաձայնություններ եւս, բայց մենք կողմնակից ենք քաղաքական երկխոսության, համագործակցության։ – Արդեն հայտնի են նախագահի պաշտոնին հավակնող 15 թեկնածու։ Ձեր կարծիքով, նրանցից ո՞վ կարող է լուրջ մրցակից լինել Ռ. Քոչարյանին։ – Ընդհանրապես, մյուս մրցակիցներին թերագնահատելը ճիշտ չեմ համարում, որովհետեւ յուրաքանչյուրը հասարակության մեջ ունի կայացվածության որոշակի աստիճան, բայց նաեւ չեմ կարծում, թե նրանցից որեւէ մեկին կարելի է առանձնացնել։ Ես կարծում եմ՝ հանրապետության գործող նախագահն ունի վերընտրվելու բացառիկ լավ հնարավորություն, դա նույնիսկ ընդունում է «Առավոտը»՝ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ, բայց կարծում եմ, որ պետք է կատարել ամենօրյա հետեւողական եւ պատասխանատու աշխատանք։ Համենայնդեպս, մենք որպես քաղաքական ուժ նպաստելու ենք, որ Հայաստանում տեղի ունենան արդար ընտրություններ, ընտրվի լեգիտիմ նախագահ, որովհետեւ մենք ունենք ղարաբաղյան հարց, ունենք մեր երկրի սոցիալական եւ տնտեսական վերածննդի խնդիր։ Այսինքն, միայն ուժեղ նախագահն է ի զորու լուծել մեր ազգին նետված լուրջ մարտահրավերը։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել