Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴՐՈՒՄԴ ՏԵՂԻՆ ՉԷ

Դեկտեմբեր 07,2002 00:00

ԱՌԱՋԱԴՐՈՒՄԴ ՏԵՂԻՆ ՉԷ Վերջին երկու ամսվա ընթացքում նախագահի թեկնածուների առաջադրման եւ պաշտպանության շուրջ երկու տասնյակ համագումարների ենք մասնակցել եւ առաջին անգամ լսեցինք, որ որեւէ թեկնածուի դեմ առ դեմ ասեն, թե իզուր ես առաջադրվել: Թեեւ շատերին կարելի էր ասել այդ խոսքերը, բայց նման հորդոր երեկ լսեց նախագահի թեկնածու Պետրոս Մակեյանը: «Իմ անկեղծ կարծիքն է, որ իր առաջադրումը տեղին չէ,- «Ժողովրդավարական Հայրենիքի» 4-րդ արտահերթ համագումարում հայտարարեց Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը՝ իր տեսակետը մասնավորապես փաստարկելով այսպես. «Դժբախտաբար, Պետրոս Մակեյանը մտնում է ընտրապայքարի մեջ թեկնածուների մի զանգվածի հետ, որոնք առաջ չեն քաշելու օրինականության հարցը: Ոչ մի համագումար, որ առաջադրել է նախագահի թեկնածու, բանաձեւ չի ընդունել, թե Քոչարյանն իրավունք չունի առաջադրվել, այսինքն՝ հարկ չի համարել հարգել Սահմանադրությունը»: Վիգեն Խաչատրյանը նաեւ պարզաբանեց. «Սա բացարձա՛կ վերաբերմունք չէ Ռոբերտ Քոչարյանի անձին. կա Սահմանադրություն, որը պետք է հարգել: Եվ ահա այսօր Դուք ընտրարշավի մեջ եք մտնում մի անհասկանալի կազմի՞ հետ: Եթե օրենքը չի հարգվում՝ բացասական են լինելու հետեւանքները»: 3 հազար անդամ ունեցող «ԺՀ» նախագահ Պետրոս Մակեյանի ելույթում պարունակվում էր բացատրություն, թե ինչու է որոշել առաջադրվել. «Կա իշխանափոխության հստակ հասարակական պատվեր, որը որեւէ ձեւով չկարողացան իրականացնել ընդդիմադիր քաղաքական ուժերը»: Պատճառները համարվեցին ե՛ւ նոր ձեւավորված ընդդիմադիր քաղաքական ուժերի անփորձությունը եւ անկարողությունը, ե՛ւ «իշխանությունների ներկայացուցիչների սքողված ներկայությունն ընդդիմադիր դաշտում», ե՛ւ ընդդիմության՝ իշխանությունների նախանշած սցենարով շարժվելը: Ավելի հանգամանալից այս հարցին անդրադարձավ կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուբիկ Եգորյանը, նշելով, թե «ԺՀ»-ն շանս ունի ստանձնել լիդերի դերն աջ լիբերալ դաշտում»: Ռուբիկ Եգորյանը նաեւ նշեց, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելով նախագահի թեկնածու՝ իր տրամաբանական ավարտին հասցրեց ՀՀՇ-ի ջախջախման գործը (համագումարին ներկա ՀՀՇ վարչության անդամները ոչինչ չասացին այս դիտարկմանն ի պատասխան.- Ա. Ի.) եւ ակնհայտ ասիմետրիա մտցրեց ձախ եւ աջ ուժերի հավասարակշռության մեջ, քանզի այսօրվա իշխանություններն էլ հասցրել են բազմակտոր տրոհման հասցնել մյուս հզոր աջ կուսակցությանը՝ ԱԺՄ-ին»: Նրա դիտարկումն է, թե երկրի քաղաքական դաշտում ակնհայտ շեղում կա դեպի «ձախ», եւ այդ թեւի թեկնածուներն ավելի մեծ հնարավորություններ ունեն ընտրություններում, մինչդեռ թե՛ ներքին, թե՛ արտաքին իրողությունները ստիպելու են, որ հզորանա աջ քաղաքական թեւը. «Ինչը հենց նպատակահարմար է դարձնում, որ «ԺՀ»-ն ակտիվորեն մասնակցի առաջիկա ե՛ւ նախագահական, ե՛ւ ԱԺ ընտրություններին»: Պետրոս Մակեյանն ընդդիմադիր թեւի նախագահի թեկնածուների ուշադրությանը ներկայացրեց մի ծրագիր. նախ՝ «Միասնական հայտարարությամբ անվստահություն հայտնել ԿԸՀ-ին, որպես նախագահի թեկնածու-մրցակից Ռ. Քոչարյանի կողմից ձեւավորված մարմնի, եւ դիմել ԱԺ-ին՝ համապատասխան փոփոխություններ կատարելու ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգում»: Բնականաբար սա անիրագործելի պահանջ է՝ ԱԺ մեծամասնությունը չի անի նման փոփոխություններ: Այս պարագայում Մակեյանն առաջարկում է հաջորդ քայլը. «Օգտվելով նախագահի թեկնածուի սահմանադրական իրավունքից՝ դիմել ՍԴ, սահմանադրական կարգով հարցը վճռելու համար»: Կանխատեսելի է նաեւ ՍԴ պատասխանը, ուստի հետաքրքիր է առաջարկված հաջորդ լուծումը. «Եթե ՍԴ-ն մերժում է թեկնածուների միացյալ հայցը, ապա ընդդիմադիր թեկնածուները մասնակցում են ընտրություններին եւ «ինքնահռչակված» Քոչարյանից զատ, ժողովրդի առավել քվեն ստացած թեկնածուին հայտարարում ՀՀ նախագահ՝ նրա երդման արարողությունը կազմակերպելով բաց հրապարակում, հասարակության ամենալայն զանգվածների մասնակցությամբ: Հանրապետության հասարակության կամքով «նախագահ» ճանաչված թեկնածուին օժտել նախագահական ֆորմալ խորհրդանիշներով, իսկ «ինքնահռչակին» հայտարարել քաղաքացիական անհնազանդություն՝ որպես «օրենքից» դուրս կանգնած անցանկալի անձ՝ նպատակ ունենալով բարձրացնել ժողովրդի քաղաքական ակտիվությունն ու դրանով իսկ անհնար դարձնելով կեղծ նախագահի եւ նրա կլանի ապօրինի գործունեությունը»: Լսելով այս առաջարկները՝ ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավար անդամը բացականչեց. «Այսքան օրենքի խախտում մի ծրագրո՞ւմ»: Ներկաները կրկնվող «ինքնահռչակ» բառի տպավորությամբ հիշեցին «Ռուսական կայսրության թագը» ֆիլմի մի դրվագը, երբ իրար «րՈՎՏջՉՈվպՓ» կոչելով՝ գզվռտվում են գահի երկու հավակնորդները: Սկսեցին նաեւ գուշակություններ անել, թե ո՞ր մի կառույցն է ենթարկվելու «հասարակական» նախագահին, որտե՞ղ է լինելու նրա նստավայրը (գուցե փորձելու է գաղտագողի թափանցել նախագահի աշխատակա՞զմ) եւ այլն: Բայց այս բանավեճերը չհասան համագումարի ամբիոն: «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանը դրանք միայն անվանեց «ուշագրավ տեսակետներ», որոնք կարող են քննարկվել: Փոխարենը ծավալվեց մեկ այլ՝ բավական կոշտ բանավեճ նոր եւ հին ընդդիմադիրների մեջ, որին կանդրադառնանք մեկ այլ առիթով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Համագումարին ողջույնի խոսք ասաց նաեւ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որը, ցավոք, որոշել է չառաջադրել իր թեկնածությունը եւ մնալ որպես «երկրորդ էշելոն»: Հազա՛ր ափսոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել